×


Լուիզա Ղամբարյանն ու Հրաչյա Հարությունյանը՝ հյուրանոցի “707” համարում

Հրաչյա Հարությունյանն ու Լուիզա Ղամբարյանը միասին հանդես կգան Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում։ Ներկայացումը, որը կոչվում է “Համար 707”, բեմադրել է գլխավոր դերակատարը` Հրաչյա Հարությունյանը` ամերիկացի ժամանակակից դրամատուրգ եւ սցենարիստ Նիլ Սայմոնի ստեղծագործության հիման վրա, գործողությունները տեղի են ունենում հյուրանոցի վերոնշյալ համարում: Նոյեմբերի 28-ին կայանալիք պրեմիերայից առաջ BRAVO.am-ը ներկայացնում է որոշ մանրամասներ եւ լուսանկարներ աշխատանքային ընթացքից։

Հրաչյա Հարությունյանը եւ Լուիզա Ղամբարյանը` "Համար 707" ներկայացման փորձերին


Լուիզա Ղամբարյանը մեզ հետ զրույցում հայտնել է, որ ներկայացնում են միմյանցից տարբեր երեք կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունները.“Տարբեր պատմություններ են` տրագիկ ու կատակերգական դրսեւորումներով։ Փորձերի ընթացքում Հրաչյան զուգահեռ զբաղվում էր բեմադրական աշխատանքներով եւ ինձ հետ խաղում։ Ընթացքում բարձրաձայնել եմ իմ գաղափարները, եւ հաճախ նա ընդունել է իմ տեսակետը”։

Լուիզա Ղամբարյանը եւ Հրաչյա Հարությունյանը` "Համար 707" ներկայացման փորձերին


Իսկ թե պրեմիերային ում ներկայությունն ու տեսակետն է կարեւորում, Լուիզան նշել է ամուսնու եւ թատրոնի գեղարվեստական ղեկավարի անունները.“Այո, կան մարդիկ, որոնց խոսքն ինձ համար առաջնային եւ ուսուցողական է։ Երբ ամուսինս իր կարծիքն է հայտնում, ես ընկալում եմ որպես թատերասեր մարդու գնահատական, իսկ Արմեն Խանդիկյանի կարծիքից իմ արած աշխատանքի շուրջ մտածում եմ ու շտկումներ անում։ Առանձնացնելով նրանց` կնշեմ, որ երկուսն էլ անաչառ են եւ անտեղի չեն գովաբանում”։

Հրաչյա Հարությունյանը


Դերասանուհին թատրոնում նաեւ խաղում է “Սեւ, դառը շոկոլադ” բեմադրության մեջ, որում նրա խաղընկերն Արամոն է։ Մեր հարցին, թե հանդիսատեսը ընդհանրություններ կտեսնի ներկայացումներում, նա պատասխանել է, թե տարբերությունն ակնհայտ կլինի.“Ես ու Արամոն ներկայացնում ենք հոգեբանական պատմություն, որում արծարծվում են կին-տղամարդ փոխհարաբերությունների ավելի հոգեբանական շերտերը, իսկ սա դրամատուրգիական առումով ավելի ակտիվ ու կենդանի է”։

3 գործողությամբ եւ 3 պատմությամբ կատակերգության զգեստների նկարիչը Մերի Սարգսյանն է, երաժշտական ձեւավորումն արել է Աշոտ Փափազյանը։

BRAVO.am
Լուսանկարները` ներկայացման արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին