×


Լուիզա Ներսիսյանը, Նունե Եսայանը, Ալլա Լեւոնյանը եւ այլ հայտնիներ` “Օրրան”-ի բարեգործական ընթրիքին

Ութ տարի անընդմեջ “Օրրան” ցերեկային խնամքի կենտրոնն իրականացնում է բարեգործական ընթրիք եւ սաների ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որին BRAVO.am-ը բազմիցս անդրադարձել է:

Լուիզա Ներսիսյանը, Դեյվիդ Բեքեթը եւ Արմինե Հովհաննիսյանը


Երեկ` հոկտեմբերի 18-ին, “Արմենիա-Մարիոթ” հյուրանոցում կայացած ամենամյա ընթրիքին, որը տեւել է մոտ հինգ ժամ, ներկա էին գործարարներ, դիվանագետներ, մշակույթի գործիչներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ եւ այլք: 

Նվիրատվությունների երեկույթն այս տարի վարում էին դերասանուհի Լուիզա Ներսիսյանն ու “ONEArmenia”-ի տնօրեն Դեյվիդ Բեքեթը, իսկ երաժշտական մասն ապահովում էին դաշնակահար Աննա Պարսամյանն ու ջութակահար Մանան Գարուկյանը: Հյուրերը Տեր հոր օրնությունը ստանալուց եւ տերունական աղոթքն ասելուց հետո ճաշել են, “Օրրան”-ի սաներն էլ իրենց ձեռքով պատրաստած տիկնիկներով ներկայացրել են երաժշտական փոքրիկ համար:

Նունե Եսայանը եւ Մադլեն Մինասյանը


Ներկաներին ողջունել է “Օրրան”-ի նվիրատու, ֆինանսական տնօրեն, տնօրենների խորհրդի խորհրդական Գրիգոր Գրիգորյանը` նշելով, որ ներդրումներ է կատարել բարեգործական տարբեր ծրագրերում, բայց իրեն առավել հոգեհարազատ է այս կազմակերպությունը.“Հպարտ եմ, որ առ այսօր մենք “Օրրան”-ին նվիրաբերել ենք մոտ 1 միլիոն դոլար ու շարունակելու ենք կիսել մեր կարողությունը Հայաստանի կարիքավոր երեխաների ու տարեցների հետ: Անցյալ տարի խնդրում էի հանգանակել 290 հազար դոլար, այս տարի կոչ եմ անում հավաքել 190 հազար դոլար Վանաձորի շահառու երեխաների թիվը 65-ից 150-ի հասցնելու նպատակով”:

Ընթրիքի ժամանակ իրականացվել է շամպայնի գավաթի վիճակախաղը, որին հաջորդել է աճուրդի ու նվիրատվությունների հատվածը, ինչի նպատակով էլ հավաքվել էին ներկաները:

Գոռ Հարությունյանը, Էլլա Տարունցը, Հրաչ Մուրադյանը եւ Հերմինե Ստեփանյանը


Հայաստանում Իռլանդիայի պատվավոր հյուպատոս Ջոնաթան Սթարկը կնոջ` Անի Մաթեւոսյանի հետ ներկաների համար աճուրդի էին հանել “Օրրան”-ի սաներից Արարատի եւ Սիմոնի պատրաստած սնդուկը, տարբեր նկարիչների աշխատանքներ, հյուրանոցում երկու օր օթեւանելու սենյակներ, Քուվեյթի դեսպանի առանձնատանը կայանալիք ճաշկերույթի տոմսեր եւ այլն: Ներկաները ծանոթացել են բարեգործական կենտրոնի նախկին սան 29-ամյա Արթուր Սուքիասյանի պատմությանը, որն այժմ վարսավիրությամբ է զբաղվում եւ շարունակում է կրթություն ստանալ.“Ես այսօր հպարտ եմ, որ “Օրրան”-ի սան եմ եղել, շնորհակալ եմ նրանց աջակցության համար, դառնալու եմ հայ թատրոնի երախտավոր դերասան”,-նշել է նա:

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` կնոջ հետ


“ՎիվաՍել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, որն ընթրիքին ներկա էր կնոջ հետ, իր ելույթում նշել է` յուրաքանչյուրն իր աջակցությամբ կարող է նվազեցնել աղքատությունը.“Մենք պետք է ամեն օր մտածենք ապագայի մասին, պետք է ձեռք ձեռքի տանք, ծխախոտի վրա ավելի քիչ գումար ծախսենք, պետք է կարողանանք վերացնել աղքատությունը: Համոզված եմ` շատերդ տեսել եք, ռուսերեն ասած, սվետաֆորի տակ մեքենաներին մոտեցող մուրացկանների, որոնց մեջ կան երեխաներ… Մի ասեք, որ ձեզ չի հետաքրքրում. դա բոլորիս խնդիրն է: Եթե մենք մտահոգված ենք վաղվա օրվա մասին, կփորձենք վերացնել մուրացկանությունը, այդ է պատճառը, որ մեր ընկերությունը, իմ ընտանիքն ամեն տարի մասնակցում է: Ցավում ենք, երբ տեսնում ենք երեխաներ փողոցներում, որոնք ուտելու հաց չունեն եւ այն աղբամանում են որոնում: Չի կարելի ճոխ սեղանների մոտ կենաց խմել, երբ հայրենիքում կան անօթեւան, առանց շոր, աղքատ երեխաներ”:

Ընթրիքի ընթացքում “Օրրան” բարեգործական կենտրոնին հաջողվել է հավաքել 262 հազար դոլարին համարժեք դրամ, որի զգալի մասը տրամադրել են լոնդոնաբնակ նվիրատու Գրիգոր Գրիգորյանն ու “ՎիվաՍել-ՄՏՍ” ընկերությունը: “Օրրան”-ի հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նվիրատվությունների համար.“Երեխաների բարօրության համար ինչքան գումար այսօր պակասեցրինք ձեզնից, հազար անգամ թող ավելանա”:

"Օրրան"-ի բարեգործական ընթրիքին


Բարեգործական ընթրիքը եզրափակել է “Կարին” ազգագրական համույթը` Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ: Մուսա լեռան դաշույններով հարսանեկան ռազմապարը` “Չալմը դանգը”, պարելուց հետո նրանց են միացել հյուրերը եւ հայկական պարերով ավարտել երեկույթը:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին