×


“Լույսի սիմֆոնիա”` ցուցահանդեսի տեսքով

“ՀայԱրտ” մշակութային կենտրոնում օրերս իրենց աշխատանքներն են ներկայացրել լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանի ուսանողները: “Լույսի սիմֆոնիա" խորագիրը կրող ցուցահանդեսին 16 սկսնակ լուսանկարիչ ներկայացրել է տարբեր ոճի 5-ական լուսանկար` դիմանկարներ, բնանկարներ, վավերագրական լուսանկարներ:

Լուսանկարիչ Սարգիս Վիրաբյանն իր ուսանողների հետ


Սարգիս Վիրաբյանն արդեն 10-րդ անգամ է կազմակերպում իր ուսանողների աշխատանքների ցուցահանդես. “Դրանք խթանում են Հայաստանում լուսանկարչության ճիշտ զարգացմանը: Լուսանկարիչ լինելը մոդայիկ է դարձել, բայց նաեւ թույլ նկարն են գովազդում ու հասցնում հանդիսատեսին: Մեղադրում եմ հանդիսատեսին, որ հաճախ լավը վատից չեն տարբերում”:

“Լույսի սիմֆոնիա” ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Հեռուստատեսության եւ ռադիոյի ակադեմիայի դասախոսը  նաեւ մեկնաբանել է ցուցահանդեսի խորագրի ընտրությունը. “Ի տարբերություն այլ լեզուների, հայերենում լուսանկարչություն բառը շատ ճիշտ է հնչում, չէ որ մենք լույսով ենք աշխատում` լուսագրում ենք”:

“Լույսի սիմֆոնիա” ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


Նրա ուսանողներից Կարեն Հակոբյանը լուսանկարչությամբ վաղուց է զբաղվում, բայց վերջերս է որոշել հոբբին վերածել պրոֆեսիոնալ աշխատանքի: Իր աշխատանքներով հիմնականում շոշափում է սոցիալական խնդիրներ:  

“Լույսի սիմֆոնիա” ցուցահանդեսին ներկայացված աշխատանքներից


“Սեւ ու սպիտակ լուսանկարներ եմ ներկայացրել. գույները շատ դեպքերում խանգարում են ցուցադրել աշխատանքի բուն էությունը: Մշտապես ֆոտոխցիկով եմ քայլում քաղաքում` փորձելով որսալ ակնթարթները”,-նշել է Կարենը: Նա պլանավորում է զարգացնել քաղաքային պեյզաժի թեման եւ հանդես գալ արդեն անհատական ցուցահանդեսով:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/ եւ Սարգիս Վիրաբյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին