×


Լուսինե Թովմասյանը, Զառա Սահակյանը, Հարություն Մովսիսյանը եւ այլք` “Նախաճաշ երկուսի համար” ֆիլմի պրեմիերային

“Նախաճաշ երկուսի համար” գեղարվեստական ֆիլմը երեկ` սեպտեմբերի 10-ին, առաջին անգամ ցուցադրվել է մեծ էկրանին: “Մոսկվա” կինոթատրոնում տեղի ունեցած պրեմիերային ներկա են եղել կինոկատակերգության դերասանական կազմից ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը, Լուսինե Թովմասյանը, Զառա Սահակյանը, Արթուր Հակոբյանը, Վարուժան Մանուկյանը, Աննա Մարտիրոսյանը, Զառա Արամյանը, Լուսինե Արշակյանը, Քեթրին Մանասյանը եւ այլք:

Ռեժիսոր Կորյուն Մայիլը եւ Լուսինե Թովմասյանը


“Հ2” հեռուստաընկերության նկարահանած ֆիլմի ռեժիսորը Կորյուն Մայիլն է, տնօրենը` Արմեն Բաղդասարյանը, սցենարի հեղինակներն են Արմեն Վարդանյանը, Դավիթ Հակոբյանը, իսկ սաունդթրեքի հեղինակն ու կատարողն Արսեն Գրիգորյանն է:

Կորյուն Մայիլն, ով հեռուստադիտողին առավել հայտնի է քեռի Մուլտիկնիկի կերպարով, պրեմիերայից առաջ նշել է, թե նպատակ է ունեցել նկարահանել դասական կոմեդիա.“Դիտողի համար դերասաններից յուրաքանչյուրի կերպարը նորություն կլինի”,-ասել է ռեժիսորը, որի համար կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց հետո այս կինոկատակերգությունը դեբյուտային է:

Զառա Սահակյանը, Զառա Արամյանը եւ Հարություն Մովսիսյանը


“Նախաճաշ երկուսի համար”-ի պրոդյուսեր Կարեն Վարդանյանն էլ կարեւորել է այն հանգամանքը, որ դիտողին մեկ եւ կես ժամ կարող են ժպիտ պարգեւել.“Ֆիլմը նկարվել է կոմերցիոն նպատակներով, բայց դրանից կառչած չենք: Այնպիսի ֆիլմ էինք ուզում ստեղծել, որը ոչ միայն հաճելի կլինի, այլեւ երեխաների համար վատ հետեւանք չի ունենա:”

Սցենարի հեղինակներից մեկի` հաղորդավար Արմեն Վարդանյանի խոսքով` դժվար է գրել հետաքրքիր սցենար, որտեղ չկան կրակոցներ, արյուն ու բացասական կերպարների բախումներ.“Առաջին պահին ուրախացանք, որ պետք է գեղարվեստական ֆիլմի համար սցենար գրենք, բայց նաեւ հասկացանք, որ երգիծանքով, հումորով գրելը դժվար գործ է”:

Կարեն Հակոբյանը, Արսեն Գրիգորյանը եւ Lazzaro-ն


Դերասան Հարություն Մովսիսյանին գոհացրել է ե̒ւ սցենարը, ե̒ւ ստեղծագործական անձնակազմը, Արթուր Հակոբյանն էլ, նկարահանվելով բազմաթիվ նախագծերում ու սերիալներում, առաջին անգամ է հանդես եկել գեղարվեստական ֆիլմում:

Կատակերգության զավեշտալի պատմությունը սկսվում է նախաճաշով, երբ ատամնաբույժ Արտյոմի կինը` Նոնան, սրճարանում պատահաբար հանդիպում է հարեւան Սեպուհին, սակայն ամուսնուն ստում է` ասելով, որ ոչ մեկի հետ չի նախաճաշել: Կինը սկսում է նոր ստեր հորինել, իսկ այդ գործում նրան օգնում են Սեպուհն ու նրա կինը:

Զառա Արամյանը


“Նախաճաշ երկուսի համար” ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Երեւանում եւ Մոսկվայում` ծավալվելով այս երկու ընտանիքի շուրջ: Նոնայի ամուսնուն Մոսկվայից վերադարձնելու համար Սեպուհն ու Անժելան քայլեր են ձեռնարկում, ընդհուպ երեխայի որդեգրում, իսկ թե ինչպիսին է հանգուցալուծումը, կարող եք դիտել կինոթատրոնում: Միայն նշենք, որ ֆիլմն ավարտվում է Պարույր Սեւակի “Ինչքան էլ թանկ լինի” բանաստեղծության տողերով` “Ինչքան էլ թանկ բան է ատամը, ցավելիս հանում են-գցում…”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին