×


Լուսին Վարդանյանի եւ Վահագն Խաչատրյանի դստեր առաջին լուսանկարները :)

Դերասաններ Վահագն Խաչատրյանի եւ Լուսին Վարդանյանի երջանկությունը կրկնապատկվեց 2013-ի սեպտեմբերի 19-ին, երբ լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը: Այս տարի առաջին անգամ Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին Մայրության եւ գեղեցկության օրը նշում է մայրիկի կարգավիճակում: Ապրիլի 7-ի առթիվ BRAVO.am-ը հանդիպել է երջանիկ եռյակին եւ փոքրիկ Ռուզաննային առաջին անգամ լուսանկարել իր ծնողների հետ:

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանն` իրենց առաջնեկի հետ


Լուսին. Առաջին երեք ամսվա ընթացքում շոկի մեջ էի, չէի գիտակցում, որ մայրացել եմ: Երբ ասում էին` աղջիկդ, հասկանում էի, որ մամա եմ դարձել: Հիմա աստիճանաբար զգում եմ մայրության բերկրանքը: Մեր աղջկա համար ուղղակի խենթանում ենք:

Վահագն. Մեր կյանքում ուրախությունն ու հետաքրքրությունն ավելացել է. օրվա երկրորդ կեսին ձգտում եմ շուտ տանը լինել, որ աղջկաս գրկեմ ու պաչիկ անեմ:

Լուսին. Առավոտյան ժամը 6:30-ին նա մեզ արթնացնում է, չհաշված այն հանգամանքը, որ գիշերը գրեթե չեմ քնում: Մի անգամ խոհանոցից լսեցի, թե ինչպես է երեխան շատ բարձր ու աղիողորմ լաց լինում, բայց Վահագնը չէր արթնանում:):

Վահագն Խաչատրյանը` դստեր հետ


Վահագն. Այո, ես այնքան խորն եմ քնում… :) Լուսինն ավելի շատ կտանջվի ինձ արթնացնելիս, քան` երեխային քնեցնելիս:

Լուսին. Բայց ցերեկները շատ հանգիստ է, միայն ծայրահեղ պահանջների դեպքում է լաց լինում: Առաջին հայացքից միշտ Վահագնին են նմանեցնում, սակայն ինձ հետ էլ նմանություններ տեսնում եմ: 

Վահագն. Մայրիկիս պատվին ենք Ռուզան անվանել, իր անունն արդեն ճանաչում ու արձագանքում է: Երկու տարբերակ ունեինք` Լիլի եւ Ռուզան, եթե սեպտեմբերի 18-ին ծնվեր, անունը Լիլի կլիներ, բայց կարծում եմ` մեր երկրորդ աղջկան կանվանենք Լիլի: Հիմնականում մայրս ու Լուսինն են մեր տան բակում նրան զբոսանքի հանում: Շատ է սիրում ջրի մեջ խաղալ, ակտիվ լողանում ու բոլորին “ջրում” է: Մարդամոտ երեխա է, նոր վայրում հայտնվելիս սկզբում ուշադիր զննում է, կարեւորը` չի լացում:

Լուսին Վարդանյանը` դստեր` Ռուզաննայի հետ


Լուսին. Երեխայիս ծնվելուց 2 ամիս անց նորից սկսեցի խաղալ ներկայացումներում: Բարեբախտաբար, բեմից չէի հասցրել խորթանալ, հղիության 7-րդ ամսում դեռ խաղում էի, միակ խնդիրն այն էր, որ բեմական զգեստներս փոքր էին, բայց այն լուծեցինք:): Հիմա դեռ միայն թատրոնում եմ, սակայն հեռուստատեսային հետաքրքիր դերեր ստանալու դեպքում կհամատեղեմ: Ի դեպ, Վահագնը դեմ է, որ մեր աղջիկը դերասանուհի դառնա, բայց, իհարկե, նա պետք է սիրի ու ինքնուրույն ընտրի իր մասնագիտությունը: Մայրս շատ էր ուզում, որ երգչուհի դառնամ, իսկ ես այնքան էլ չէի ուզում եւ արդյունքում դարձա դերասանուհի: Միշտ երազել եմ, որ երեխա ունենամ եւ կարողանամ ընտանիքս ու աշխատանքս համատեղել:

Վահագն. Քանի դեռ մեր վեցերորդ երեխան չի ծնվել, հասցնում է համատեղել:):

Լուսին. Վահագնը մի քիչ չափազանցնում է, որովհետեւ չորս երեխա ենք ուզում ունենալ, բայց ես ասում եմ` օրը կգա, բարին` հետը:): Նա ուզում է, որ երկվորյակ էլ ունենանք, բայց պատկերացնում եմ` որքան դժվար կլինի խնամելն ու մեծացնելը: Շնորհակալ եմ, որ հիմա խնամքի հարցում մեր մայրիկները մեծ սիրով օգնում են:

Վահագն Խաչատրյանը եւ Լուսին Վարդանյանն` իրենց առաջնեկի հետ


Վահագն.Անկեղծ ասած, մինչեւ իմ մասնագիտությունն ընտրելն այլ կարծիք ունեի թատրոնի ու կինոյի ոլորտի մասին, բայց հիմա Հայաստանում շատ դժվար է այս ուղին ընտրողների համար: Ես դեմ չեմ, որ արվեստի մեջ լինի, միգուցե լավ նկարիչ դառնա:

Լուսին. Ռուզաննան ատամ դեռ չի հանել, բայց մեր բարեկամի երեխայի ատամհատիկի ժամանակ առաջարկեցին, որ մեր աղջկա փոխարեն ես էլ թուղթ վերցնեմ. Վահագնը սկզբում չէր հավատում, բայց ես, չգիտեմ ինչու, վստահ էի, որ թղթի մեջ գրված է լինելու դերասան, այդպես էլ եղավ:): Անհամբեր սպասում ենք նրա ատամհատիկին, տեսնենք` ինչ մասնագիտություն կընտրի:

Լուսին Վարդանյանը եւ Վահագն Խաչատրյանն` իրենց առաջնեկի հետ


Լուսին. Այս տարի առաջին անգամ եմ լիարժեք նշում Մայրության եւ գեղեցկության տոնը: Նախորդ տարիներին զանգում էի այն ընկերուհիներիս, որոնք երեխա ունեն, նրանք էլ շնորհավորում էին իմ գեղեցկության տոնը:): Ապրիլի 7-ը հիմա կարող եմ համարել նաեւ իմ տոնը::

Վահագն
. Քանի որ ապրիլի 7-ին Լուսինեի տատիկի ծննդյան օրն է, նրանց տանը կհավաքվենք: Առիթից օգտվելով` շնորհավորում եմ բոլոր մայրերին:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին