×


“Խաղ իմ կանոններով”-ում \"բաց տեսարանները\" սահմանափակվում են Անիի եւ Մովսեսի, Լիայի եւ Արթուրի համբույրներով :)

Անի Երանյանի, Մովսես Երեմյանի, Լիա Զախարյանի, Արթուր Պետրոսյանի, Հայկ Ավագյանի, Արթուր Սահակյանի մասնակցությամբ “Խաղ իմ կանոններով” ռոմանտիկ կինոկատակերգությունը մայրաքաղաքի կինոթատրոններում կլինի մարտի 8-ից, իսկ մինչ այդ BRAVO.am-ը զրուցել է ֆիլմի պրոդյուսերների եւ դերակատարների հետ:

"Խաղ իմ կանոններով" ֆիլմի դերասանական կազմը


Եվան պատրաստվում է ամուսնանալ, բայց հարսանիքից առաջ փորձում է հասկանալ` ճիշտ է վարվում, թե` ոչ: Այդտեղից էլ ծավալվում են հետագա իրադարձությունները, որոնք նկարահանվել են նախորդ տարվա աշնանը` Երեւանում, Գառնիի հեթանոսական տաճարում, Գեղարդավանքում, Խոր Վիրապում.“Ֆիլմի սյուժեն պարտադրում էր պատմամշակութային կոթողների առկայությունը, որոնց մասին տեղեկություններ ենք տալիս հանդիսատեսին”,-մեզ հետ զրույցում հայտնել է պրոդյուսեր եւ դերասան Հայկ Ավագյանը:

Նրա խոսքով` Անի Երանյանին, որի հետ համակուրսեցիներ են եղել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում, առաջարկել է միասին կատակերգական ֆիլմ ստեղծել, վերջինս էլ համաձայնել է.“Սկսեցինք ընկերական հիմքերով, բայց աշխատելու ընթացքում ամեն մեկն իր գործին մասնագիտորեն է մոտեցել: Ֆինանսավորելու հարցով դիմեցի իմ վաղեմի ընկերոջը` Սարգիս Սեպուհյանին, որն էլ համաձայնեց ներդրում անել”:

Մովսես Երեմյանը եւ Անի Երանյանը` "Խաղ իմ կանոններով" ֆիլմի նկարահանումներին


“Խաղ իմ կանոններով”-ի ստեղծագործական կազմն ի սկզբանե որոշել է գլխավոր հերոսուհու կերպարը Անիին վստահել, իսկ տղա դերակատարի մի քանի տարբերակ են քննարկել.“Դեյվի կերպարի համար Միհրան Ծառուկյանի թեկնածությունն էլ կար, բայց բանակցությունների փուլ չհասանք: Մտածում էինք նաեւ Մովսեսին հրավիրել, բայց Անիի հետ անձնական կապերը միգուցե խանգարեին. անկախ նրանից, որ Անին մեր ընկերն է, մեզ երբեւէ թույլ չենք տվել խառնվել նրանց հարաբերություններին”:

Մովսես Երեմյանը մեզ հետ զրույցում նշել է, որ էպիզոդիկ կերպարներից հետո գեղարվեստական ֆիլմում առաջին անգամ նկարահանվել է գլխավոր դերում. մարմնավորում է իտալահայ երիտասարդի.“Ֆիլմում կան համբույրի տեսարաններ, այդ առումով Անիի հետ նկարվելը հեշտ էր, քանի որ իմ ընկերուհին է եղել: Ուրիշի հետ կարող է այդքան զգացմունքային չստացվեր, բայց դա առիթ չէ, որ մեր թեման շարունակեն քննարկել, չնայած` արդեն սովորել եմ: Սա ընդամենը ֆիլմ է, որում միասին խաղում ենք, նկարահանումերն ավարտվել են, եւ հիմա մենք միասին չենք”:

Արթուր Սահակյանը եւ Լիա Զախարյանը


Լիա Զախարյանն էլ սերիալներից հետո առաջին անգամ է նկարահանվել կինոկատակերգությունում: Ըստ սյուժեի` նա սիրավեպ է սկսում մի իտալացու հետ, որին մարմնավորել է Իտալիայից Երեւան տեղափոխված Արթուր Սահակյանը.“Նրան համացանցի միջոցով գտել է մեր սցենարիստը: Արթուրը հայերեն հասկանում է, բայց իտալերենով է շփվում: Քանի որ մասնագիտությամբ լեզվաբան եմ, ռեժիսորի առաջադրանքը փորձում էի նրան փոխանցել ու թարգմանել: Ասեկոսեներ են տարածվել, թե միասին ենք, բայց ուզում եմ նշել, որ ֆիլմից դուրս մենք սիրային զույգ չենք”:

Գլխավոր պրոդյուսեր Սարգիս Սեպուհյանը BRAVO.am-ին հայտնել է, որ ֆիլմը նախատեսված է 12 տարեկանից բարձր դիտողի համար.“Ռուսաստանում կգրեին` 6-ից բարձր, բայց քանի որ համբույրի տեսարաններ կան, մենք կողմ ենք ավելի բարձր տարիք նշել: Դերասաններին համոզելու խնդիր չենք ունեցել, բաց տեսարանները սահմանափակվում են համբույրներով”:

Լիա Զախարյանը եւ Մովսես Երեմյանը


“Լինելով կինոսեր` միշտ ցանկություն ունեցել եմ աշխատել կինոարտադրության ոլորտում եւ արեցի առաջին քայլս”,-ասել է նա` հավելելով, որ պատրաստ են լսել ինչպես դրական կարծիքներ, այնպես էլ քննադատական խոսքեր.“Միայն թրեյլերը դիտելով` պետք չէ վատը փնտրել: Եթե մարդիկ սիրեն ու հավանեն, երկար ժամանակ կցուցադրվի մեծ էկրանին, դա էլ կլինի լավագույն գնահատականը”:

Ի դեպ, օրեր առաջ դերասանները նկարահանվել են “Խաղ իմ կանոններով”-ի սաունդթրեքի հոլովակում, որի երաժշտությունը գրել է Թաթոս Հակոբյանը, ջութակահարն է` Վարդան Պետրոսյանը.“Կարծում եմ` երաժշտությունը կսիրվի, հետո մարդիկ դրա ներքո կանեն պարային այն շարժումները, որոնք մենք ենք հոլովակում արել”,-նշել է Լիա Զախարյանը:

BRAVO.am
Լուսանկարները` “Խաղ իմ կանոններով” ֆիլմի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին