×


Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը եւ այլք` “Անահիտ”-ի պրեմիերային

“Անահիտ” լիամետրաժ անիմացիոն ֆիլմը երեկ` դեկտեմբերի 27-ին, բարձրացել է մեծ էկրան: “Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն”-ը երաժշտական մուլտֆիլմը ստեղծել է Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթի մոտիվներով, կարգախոսն է` “Այսօր արքա ես, վաղը՝ ո՞վ գիտի”:

"Անահիտ" մուլտֆիլմի պրեմիերային


Շուրջ 1 ժամ 20 րոպե տեւողությամբ մուլտֆիլմի նկարահանման աշխատանքները սկսվել են դեռեւս 2010 թվականին եւ պահանջվել է շուրջ  5 տարի է այն իրականացնելու անիմացիայի միջազգային չափանիշներին համապատասխան: 

Հերոսներին հնչյունավորել են Խորեն Լեւոնյանը/Վաչագան/, Նազենի Հովհաննիսյանը/Անահիտ/, Հրանտ Թոխատյանը/Սերոբ/, Ռաֆայել Քոթանջյանը/Ազար/, Մկրտիչ Արզումանյանը/Անդոկ ձի/, Շուշան Պետրոսյանը/Շուշան/, Դավիթ Բաբայանը/Էնվեր/, Վարդան Զադոյանը/Զանգի, Պետրոս/ եւ այլք:

Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը եւ Մկրտիչ Արզումանյանը


Ինչպես ցանկացած հեքիաթի, այնպես էլ “Անահիտ”-ի հիմքում բարու եւ չարի պայքարն է: Այս հեքիաթի չարագործները Վաչագանի հորեղբայր Ազարն ու նրա ծառա Էնվերն են: Երկխոսությունները գրվել են բանաստեղծական ձեւաչափով: Երգերը կատարում են Ինգա եւ Անուշ Արշակյանները, Հասմիկ Կարապետյանը, Նիկ Էգիբյանը, Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, նաեւ “Ակունք” ազգագրական համույթը: 

Մուլտֆիլմի ռեժիսորները Դավիթ Սահակյանցն ու Լյուլյա Սահակյանցն են, սցենարի վրա աշխատել են Նաիրա Սահակյանցը, Լյուլյա Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը, երկխոսությունները գրել են Վահրամ Սահակյանն ու Լեւոն Գալստյանը: Բեմադրող նկարիչն է Էռնեստ Մուրադյանը, կոմպոզիտորները` Արմեն Մարտիրոսյանն ու Վարդան Զադոյանը: Պրոդյուսերներն են Կարեն Ղազարյանը, Հայկ Սահակյանցը, Դավիթ Սահակյանցը, կրեատիվ պրոդյուսերը` Վահան Հովհաննիսյանը:

Կադր "Անահիտ" մուլտֆիլմից


Փակ ցուցադրությանը ներկա են եղել մուլտֆիլմի անձնակազմը, լրատվամիջոցների ներկայացուցիչերը եւ բազմաթիվ երեխաներ իրենց ծնողների հետ: Նազենի Հովհաննիսյանն առաջին դիտումից հետո նշել է, որ հավանել է մուլտֆիլմն ու դրանում առկա հայկական խորհրդանիշները.“Դեռ տպավորության տակ եմ, մանկական ժպիտը դեմքիս կանգնել եմ: Հեղինակներն ահռելի աշխատանք են արել, մենք ընդամենը մի փոքր ներդրում ենք ունեցել: Երբ առաջին անգամ կարդում էինք տեքստը, կերպարները դեռ հստակ չկային, փորձում էինք հասկանալ` ինչպիսին կլինեն մեր ձայնով խոսող կերպարները: Տարիներ հետո մի քանի դրվագ վերակարդալու համար գնացի ձանագրության, տեսա, թե կերպարն ու ես որքան նմանություն ունենք: Վստահ եմ, որ Անահիտը հենց առաջին հայացքից սիրահարվում է արքային, բայց կարեւոր էր նրա սկզբունքային լինելը. Վաչագանին ընտրեց արհեստ սովորելուց հետո: Բոլոր տղամարդիկ պետք է ուժեղ լինեն, որեւէ արհեստ իմանան եւ պաշտպանեն իրենց կանանց”:

Խորեն Լեւոնյանը մուլտֆիլմոմ նաեւ երգում է: Նա կարծում է` ավելի լավ է սերիալների փոխարեն հեռուստատեսությամբ ցուցադրեն հայկական արտադրության մուլտֆիլմեր.“Բազմիցս հնչյունավորել եմ օտար ֆիլմեր, սա հայկական առաջին մուլտֆիլմն է, որ իմ ձայնն էլ կա”:

Դավիթ Սահակյանցը եւ Նազենի Հովհաննիսյանը


Մկրտիչ Արզումանյանը` Մկոն, հնչյունավորել է ձիուն, որը հեքիաթում անուն չունի, սակյան մուլտֆիլմում նրան անվանում են Անդոկ.“Ոչ մի կերպար հեշտ չի ստացվում, իսկ ձին առանձնակի բարդություն էր, ձայնագրության ընթացքում միմիկաներով դերի մեջ էի մտել: Երեխաներս հավանել են, ուրախանում եմ իմ կերպարային ձայներից”:

Ռեժիսոր Դավիթ Սահակյանցը տեղեկացրել է, որ նախատեսում են մուլտֆիլմը թարգմանել անգլերեն եւ ռուսերեն,  քանի որ երեւանյան պրեմիերայից հետո այն կցուցադրվի միջազգային փառատոններում: Իսկ ամերիկյան պրեմիերան նախատեսված է 2015-ի հունվարի 10-ին։ 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին