×


Կայա Խուրշուդյան.“Ամուսնացել եմ կալանավայրում. ամուսինս ազատության մեջ չէ”

“Ո՞ւր է իմ տղամարդը”, “Տիգրանի մոլորակը”, “Տնփեսա” եւ այլ սերիալներից ու նախագծերից հայտնի դերասանուհի Կայա Խուրշուդյանը, որը տեւական ժամանակ է բացակայում է հեռուստաէկրանից, չափազանց անկեղծ զրույց է ունեցել BRAVO.am-ի հետ` պատմելով մանրամասներ անձնական կյանքից:

Կայա Խուրշուդյանը


Ամուսնության մասին

Գուցե շատերն են տեղյակ, որ ամուսնացել եմ, բայց քչերը գիտեն, որ կյանքիս կարեւորագույն քայլն իրականացրել եմ անսովոր պայմաններում` կալանավայրում. ամուսինս ազատության մեջ չէ: Սերն այնքան մեծ է, որ անգամ այդ հանգամանքը չխանգարեց գրանցել մեր միությունը:

Անկախ բոլոր դժվարություններից, որոնք կան իմ կյանքում, ես շատ երջանիկ եմ: Սիրված եմ եւ սիրում եմ: Եվս մեկ դաջվածք եմ արել` որպես հավերժական սիրո խորհրդանիշ:

Կայա Խուրշուդյանը


Նոր աշխատանքի մասին

Դերասանությամբ այլեւս չեմ զբաղվում: Գրեթե մեկ ամիս է` երեւանյան գիշերային ակումբներից մեկում մատուցողուհի եմ: Նոր աշխատանքիս պատճառով ամենեւին չեմ ամաչում: Ամուսինս էլ տեղյակ է ու թեեւ խանդոտ է, հասկանում է, որ առայժմ չի կարող լինել իմ կողքին եւ հոգալ բոլոր հոգսերս: Ինձ հետ նա էլ է անցնում այս դժվար ճանապարհը:

Մատուցողի աշխատանքն այնքան էլ հեշտ չէ. տարբեր խառնվածքի եւ հոգեբանության տեր մարդկանց հետ եմ շփվում: Շատ է նյարդայնացնում, երբ հաճախորդներն, ինձ ճանաչելով, ասում են, որ դա իմ տեղը չէ: Շատ դժվար է միայնակ հոգալ անչափահաս երեխայիս հոգսերը, տան վարձ վճարել, ապրել, իսկ սերիալներում նկարահանվելով ֆինանսական կայունություն չունեի:

Կայա Խուրշուդյանը


“Աստղային հիվանդություն” ասվածն ինձ համար չէ. երբեք չեմ մտածել, որ դերասան եմ ու ինձ հարիր չէ մատուցողուհի աշխատել: Կյանքն աստիճան է, երբեք չես կարող գուշակել, թե այսօրվա դերասանը վաղն ինչ գործով է զբաղվելու: Ես տուն չեմ քանդում, այլ ճանապարհով չեմ գնում, փոխարենն աշխատում եմ, գոյատեւում:

Իմ միակ հույսն այն է, որ երկու տարի անց ամուսինս կլինի ազատության մեջ:  Ի վերջո, նա կլինի իմ ու դստերս կողքին: Այդ ժամանակ ես ամբողջովին կնվիրվեմ ընտանիքիս: Ուզում եմ շատ բալիկներ ունենալ եւ խնամել նրանց:

Հասկացել եմ, որ կնոջ համար իսկական երջանկությունն ամուր եւ ջերմ ընտանիք ունենալն է: Ամուսնուս եւ դստերս` Մոնիկայի հարաբերությունները շատ լավ են: Միասին հաճախ ենք այցելում նրան տեսության:

Կայա Խուրշուդյանը` դստեր եւ շնիկի հետ


Ծնողների եւ ընկերների հետ հարաբերությունների մասին

Երբ կատարեցի իմ ընտրությունը, ծնողներս, մի շարք հարազատներ ու նաեւ ընկերներ երես թեքեցին ինձնից:
 Իրենց էլ եմ հասկանում եւ չեմ մեղադրում: Կարծում եմ` կգա ժամանակ, երբ կընդունեն ու կհարգեն որոշումս:

Չեմ զղջում, 29 տարեկանում գտել եմ երջանկությունս եւ վստահ եմ, որ ոչ մի խոչընդոտ ինձ չի կոտրի: Ես եմ ընտրել այս ճանապարհը, ինքս էլ պետք է անցնեմ այն: Այս “փորձությունը” նաեւ հնարավորություն տվեց բացահայտել “ընկերներիս”: Կարելի է ասել, որ ընկերներ չունեմ:

Ինքնուրույն եմ. առաջին ամուսնությունիցս հետո երկար ժամանակ դստերս հետ մենակ եմ ապրել: Արդեն 4 տարի է` մեր փոքրիկ ընտանիքի անդամ է նաեւ Կիտին: Նա իմ երկրորդ աղջիկն է: Ամռանը հաճախ ենք միասին զբոսնում:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին