×


Կարեն Հակոբյանը լուսանկարում է Երեւանի արյունատար անոթները

Երիտասարդ լուսանկարիչ Կարեն Հակոբյանի աշխատանքներին BRAVO.am-ն անդրադարձել է 2012-ի դեկտեմբերին տեղի ունեցած “Լույսի սիմֆոնիա” խմբակային ցուցահանդեսի շրջանակում: Դիզայներ-լուսանկարիչն այս անգամ եւս մեզ հետ զրույցում խոսել է իր սիրելի զբաղմունքից:

Կարեն Հակոբյանը


“Լուսանկարչությունը ազատ մտածելու, ազատ ստեղծագործելու լայն հնարավորություն է տալիս: Հաճախ այն ամենը, ինչ չես կարողանում բառերով ներկայացնել, կարող ես ասել լուսանկարի միջոցով”,-նշում է նա:

Կարեն Հակոբյանի համար լուսանկարչությունը սկզբնական շրջանում եղել է հոբբի.  “Դեռ փոքր հասակից սիրել եմ ֆիքսել այն ամենն, ինչ շրջապատում է ինձ` դեմքեր, բնություն… Սիրելի զբաղմունքս պրոֆեսիոնալ հարթություն տեղափոխելով` բացահայտեցի այս ոլորտի ընձեռած լայն հնարավորությունները”:

Կարեն Հակոբյանի աշխատանքներից


Խոսելով իր հեղինակած լուսանկարների մասին` նա հետեւյալն է ասել.“Սիրում եմ ստեղծագործել էքսպերիմենտալ ոճում: Աշխատանքներիս թեմաները բազմազան են եւ մեկը մյուսից հետաքրքիր. մի դեպքում այն բնությունն է` իր բոլոր գեղեցիկ դրսեւորումներուվ, մյուս կողմից գիշերային Երեւանն է, լուսավոր փողոցները, անտուն մարդիկ”:

Կարեն Հակոբյանի աշխատանքներից


“Գիշերային Երեւանի փողոցի լուսանկարով ցանկացել եմ պատկերել մայրաքաղաքի ռիթմը: Քանի որ փողոցները համարվում են քաղաքի արյունատար անոթները, դրանք ընդգծել եմ կարմիրով: Իսկ վանդակում փակված կապիկի լուսանկարով փորձել եմ պատկերել կենդանական աշխարհում իր տեսակով մարդուն առավել մոտ կենդանու ապրումները”,-հավելել է լուսանկարիչը:

Կարեն Հակոբյանի աշխատանքներից


Իր աշխատանքներից առանձնացնելով նաեւ “Առավոտ” կոչվող` նստարանին պառկած անտուն մարդկանց լուսանկարը, Կարեն Հակոբյանը նշել է, որ շատ է սիրում այն. “Այդ մարդիկ են քաղաքի տերերը, ովքեր ոչ մի դեպքում չեն լքի այն: Իսկ այդպես եմ վերնագրել, որովհետեւ առավոտը սկսվում է նրանցով”:  

Կարեն Հակոբյանի "Առավոտ" լուսանկարը


Ֆոտոխցիկն ամենուր ուղեկցում է Կարենին: Լուսանկարիչը չի պատկերացնում, թե ինչը կարող է բաժանել իրենց.“Լուսանկարիչ դառնալու համար պետք է տեսնես, զգաս, մտածես եւ համարձակորեն ներկայացնես”:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հակոբյանի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին