×


Կարինե Առուստամյան. “Հաճույք եմ ստանում, երբ զգում եմ, որ սերս փոխադարձ է”

Վոկալիստներ Կարինե Առուստամյանը, Նիկ Էգիբյանը, Հովսեփ Երեմյանը, կիթառահար Վիլյամ Հալաջյանը, բաս-կիթառահար Հակոբ Թորգոմյանը եւ հարվածային գործիքներ նվագող Հովսեփ Եգանյանը միավորվել են, ստեղծել
“The Band”-ը եւ շուրջ 6 ամիս պարբերաբար ելույթ են ունենում մայրաքաղաքի ակումբներում:

Կարինե Առուստամյանը


Խմբի միակ աղջիկը` Կարինեն, BRAVO.am-ին պատմել է, որ բացի երաժշտությունն իրենց միավորում է ամուր ընկերությունը.“Բենդը չենք կազմավորել զուտ գումար աշխատելու համար: Մենք սիրում ենք այն, ինչ անում ենք, եւ անում ենք այն, ինչ սիրում ենք… Ակումբներում ելույթ ունենալուն որպես չոր աշխատանք չենք վերաբերվում, նաեւ սրտացավ ենք մեկս մյուսի նկատմամբ: Բենդը դարձել է յուրաքանչյուրիս երկրորդ ընտանիքը, գիտենք միմյանց լավ ու վատ կողմերը, այդ պատճառով հեշտությամբ ենք միասին աշխատում”:

“The Band”-ի անդամները հեղինակային երգացանկով դեռ չեն ներկայանում, այլ կատարում են Ռիհաննայի, Բոբ Մարլիի, Էմի Ուայնհաուսի, Սթիվի Ուանդերի եւ համաշխարհային այլ արտիստների երգերի քավերները.“Եթե լավ կատարենք, հանդիսատեսը մեր կողմից էներգիա ու “դրայվ” կզգա: Այն երգերը, որոնք լավ են ընդունվում, երկար են մնում մեր համերգային ծրագրում: Ակումբում երգելն ինձ դեռեւս միայն հաճույք է պարգեւում, քանի որ հանդիսատեսը քիչ է եւ մթնոլորտն ավելի ջերմ ու անմիջական է: Միշտ խմբի տղաների հետ եմ լինում եւ ժամանակը շատ հետաքրքիր է անցնում”,-պատմել է երգչուհին` հավելելով, որ գարնանը մի շարք նորություններ կմատուցեն:

Կարինե Առուստամյանը


Ինչպես 2013-ին, այս տարի էլ նրանք փետրվարի 14-ին ելույթ կունենան “Ուլիխանյան” ակումբում: Նիկը, Կարինեն, Հովսեփը, որը նաեւ խմբի դաշնակահարն ու երաժշտական պատասխանատուն է, հյուրերին խոստանում են սիրային երգերի երեկո նվիրել.“Նիկն իր աշխատանքային գրաֆիկի պատճառով երբեմն համերգներից բացակայում է, բայց այդ օրը մեզ հետ է լինելու: Այս ամսվա ընթացքում շատ ենք աշխատել, պատրաստել ենք նոր կատարումներ, ինչպես, օրինակ, “I Follow Rivers”, “Be My Boy” հայտնի երգերի cover տարբերակները: Սովորաբար մեր համերգներին գերակշռում են ռիթմիկ պարային երգերը, Սուրբ Վալենտինի տոնի առթիվ կերգենք բալլադներ, Նիկն էլ իր հեղինակային երգերը կկատարի: Վստահ եմ` հրաշալի երեկո է լինելու:)”:

Կարինե Առուստամյանը


Ակումբային համերգներից բացի, Կարինե Առուստամյանն աշխատում է 4 վայրում. դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, Էջմիածնի “Վաղարշապատ” երգի-պարի թատրոնում, Արմեն Դիվանյանի հիմնադրած “Արեւներ” մանկապատանեկան անսամբլում եւ Հայկանուշ Դանիելյանի անվան արվեստի դպրոցում.“Երեխաներին երգեցողություն դասավանդելը իմ կյանքի ամենալուսավոր կողմերից մեկն է: Մանկավարժի աշխատանքը շատ եմ սիրում, հաճելի է քո ստացած գիտելիքներն ու փորձը փոխանցել երեխաներին, նրանք այնքան ուրիշ են` դրական, բարի: Անկեղծ եմ ասում, շատ եմ հոգնում, բայց միեւնույն է`  հաճույք եմ ստանում, երբ զգում եմ, որ սերը փոխադարձ է:)”:

BRAVO.am
Լուսանկարները տրամադրել է Կարինե Առուստամյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին