22 Նոյեմբեր 16
Կոմսոմոլային օրգիաներ եւ բոլշեւիկյան ազատ սեր
 
 
0

*Վե՛րջ ամուսնությանը


Ընդունված է համարել, որ սեքսուալ հեղափոխությունը տեղի է ունեցել Արեւմուտքում՝ 1960-ականներին, բայց բանից դուրս է գալիս, որ ինչպես եւ տիեզերքի հարցում, սեքսի ոլորտում եւս Ռուսաստանն ավելի շուտ է քայլեր գրանցել: Սեքսուալ հեղափոխությունն այստեղ է սկսվել բոլշեւիկների օրոք: 1917-ի դեկտեմբերի 19-ին «Աշխարհի մասին» եւ «Երկրի մասին» հայտնի դեկրետներից հետո լույս են տեսնում Լենինի «Ամուսնության կասեցման մասին» եւ «Հոմոսեքսուալության պատժի կասեցման մասին» դեկրետները:


20-ականների Ռուսաստանում սեքսուալ հեղափոխության կարգախոսները բխում էին Մարքսի, Էնգելսի, Բեբելի՝ կոմունիզմի տեսությունից: Վերջինս հավակնում էր քանդել մոնոգամ ընտանիքի մոդելը ու անցում կատարել «ազատ սիրո» գաղափարին: Ընդ որում, դրա պտուղները՝ երեխաները, լիովին հանձնվելու էին պետության հոգածությանը: Հայտնի է, որ Լեւ Տրոցկուն հանձնարարված էր սեռերի միջեւ հարաբերությունների նոր ձեւաչափ մշակել: Իսկ Վ. Լենինը դեռեւս 1904-ին անձամբ գրել էր հետեւյալը.«... Կեղծ ընտանեկան արժեքներին ուղղված էներգիայի ազատականացումը կօգնի օգտագործել այդ գաղջը սոցիալիզմի հաղթանակի համար»: 1911-ին Տրոցկին գրում է Լենինին.«Սեքսուալ հալածանքը, անկասկած, մարդու ստրկացման գլխավոր գործիքն է: Քանի դա կա, իրական ազատության մասին խոսք անգամ չի կարող լինել: Ընտանիքը՝ որպես բուրժուական ինստիտուտ, լիովին սպառել է իրեն: Այդ ամենը պետք է մանրամասնորեն ներկայացնել աշխատակիցներին…»: Լենինը պատասխանում է. «...Եվ ոչ միայն ընտանիքը: Սեքսուալությանը վերաբերող բոլոր արգելքները պետք է վերացվեն: Մենք սովորելու բաներ ունենք սուֆրաժիստուհիներից. պիտի հանվի նույնիսկ միասեռ սիրո արգելքը»: 


*«Ո՛չ ամոթին» 


20-ականների սեքսուալ հեղափոխությունն անցնում էր «Ո՛չ ամոթին» կարգախոսի տակ: «Նոր ձեւաչափի» գաղափարամոլ մարդիկ մերկ շրջում էին փողոցներում՝ հայտարարելով, որ ամոթը բուրժուական անցյալ է: Պետրոգրադում 1918-ի դեկտեմբերի 19-ին լեսբիների շքերթով նշվում էր «Ամուսնության կասեցման մասին» դեկրետի հոբելյանը: Տրոցկին իր հիշողություններում հաստատում է, որ Լենինն այս առիթով ուրախությամբ արձագանքել է.«Շարունակե՛ք այդպես, ընկերնե՛ր»: 


Կարմիր ուսակապերով մերկ ցուցարարներն անցնում էին Մոսկվայի կենտրոնով՝ պահանջելով ռուս հասարակության մյուս անդամներին միանալ իրենց: Նրանց գաղափարական մուսան լենինական կուսակցության հավատարիմ զավակ ու Տրոցկու մոտ ընկեր Կառլ Ռադեկն էր: «…Այո, այս լոգարանային տեսքով երթի պարագլուխը Լենինի սիրելի, փորձառու բոլշեւիկ Ռադեկն էր: Նա, ըստ էության, տանն էլ էր բացարձակապես մերկ պտտվում՝ վախեցնելով իր հետ ապրող հարազատ քրոջ մանկահասակ երեխաներին»: 


Պավել Պրյանիկովի, Օլգա Գրեյգի անդրադարձերում ու, առհասարակ, ռուսական սեքսուալ հեղափոխության պատմության էջերում հաստատվում է այն, որ այս «թեթեւամիտ տեսարանը» կարելի էր ակնդրել ոչ միայն մայրաքաղաքներում, այլեւ խորհրդային երկրի այլ քաղաքներում, մասնավորապես Մայակովսկու ղեկավարությամբ:


*Շվեդական ընտանիք


Հետաքրքիր է, բայց «շվեդական ընտանիք» հասկացությունը, այսինքն՝ երկու սեռերի բազմաթիվ անձանց միասին ապրելու մշակույթը, ոչ մի կապ չունի շվեդների հետ: Սա զուտ ռուսական մշակույթ է, որը ցայտուն կերպով կիրառվում էր հոկտեմբերյան մեծ սեքսուալ հեղափոխության ընթացքում: Նման «ընտանիքում» ինքնակամ հիմունքով կարող էր ապրել երկու սեռերի պատկանող 10-12 անձ: Նմանատիպ կոլեկտիվում նրանք վարում էին համատեղ տնտեսություն ու ընդհանուր սեռական կյանք: Ժամանակակից հոգեբան Բ. Բեշտը նշում է.«Չէր թույլատրվում բաժանվել ինտիմ զույգերի. գաղտնալսվող բնակարանների օրինազանց կոմունարները հայտնաբերվում էին ու զրկվում իրենց պատվաբեր կոչումից: Ի տարբերություն շվեդական անալոգի՝ այստեղ երեխաների ծնունդը չէր խրախուսվում, քանզի նրանց դաստիարակությունը կարող էր շեղել երիտասարդ կոմունարներին պայծառ ապագա կառուցելուց: Եթե, այնուամենայնիվ, երեխա ծնվում էր, նրան ինտերնատ էին տանում»:


Շվեդական ընտանիքներին զուգահեռ երկրում ծլում ու ծաղկում էր մի երեւույթ՝ «կանանց սոցիալիզացիա» անվամբ: Դեկրետի համաձայն՝ 16-25 տարեկան աղջիկները ենթակա էին սոցիալիզացիայի: Այս ակցիան ձեռնարկել էր ներքին գործերի կոմիսար Բրոնշտայնը, ով անձամբ էր «կանանց սոցիալիզացիայի» մանդատներ դուրս գրում: Վերջինս ուներ հետեւյալ տեսքը (օրինակ). «ՄԱՆԴԱՏ: Սույն մանդատով ընկեր Կարասեւին իրավունք է տրվում Եկատերինոգրադ քաղաքում սոցիալիզացիայի ենթարկել 16-25 տարեկան 10 շունչ աղջիկների՝ ընկեր Կարասեւի կամայական ընտրությամբ: Կոմ. ղեկ. Իվաշչեւ (կնիք)»: 


Եվ ահա նմանատիպ մանդատների քողի տակ ծավալվում էր սեքսուալ ինքնագործունեություն՝ դիցուք, ընկեր Կարասեւի կողմից: 

 
*Կոմսոմոլային սեքս կոլորիտ


1918-ի հոկտեմբերի 29-ին ստեղծվեց Ռուսական Կոմսոմոլը (Կոմունիստական երիտասարդական միություն): Դրա կանոնակարգի առաջին կետում գրված էր «Յուրաքանչյուր կոմսոմոլուհի պարտավոր է առաջին իսկ պահանջով տրվել կամայական կոմսոմոլի, եթե վերջինս մշտապես կատարում է անդամակցման վճարներն ու զբաղվում հասարակական աշխատանքով»: Որոշումը գործում էր մինչեւ 1929-ը, երբ խմբագրվեց կանոնադրությունն ու այս հատվածը հեռացվեց:


Հայտնի էին կոմսոմոլային երեկույթները, որոնց ժամանակ երիտասարդները «համտեսում էին» աղջիկներին: Ընթացքն այսպիսին էր՝ նրանք հավաքվում էին գործարանային տարածքներում՝ ծանոթանալու Մարքսի, Էնգելսի, Լենինի աշխատություններին: Ուսումից հետո առաջնորդն իրավունք էր տալիս երիտասարդներին հավաքույթին եկած աղջիկներից ընտրել որեւէ մեկին. փաստացիորեն օրգիա էր սկսվում:


Այս ամենին տրամաբանորեն հաջորդեց զանգվածային բռնաբարությունների ալիքը: Մեկ տարվա ընթացքում միայն մոսկովյան դատարանում քննվում էր մինչեւ 900 բռնաբարության դեպք: Տարածված էին նաեւ կոլեկտիվ բռնաբարությունները. օրինակ՝ հայտնի է Լյուբա Բելյակովայի գործը, ում միանգամից 26 կոմսոմոլ էր բռնաբարել, որոնցից 6-ը գնդակահարվեց, իսկ մնացածը երկարաժամկետ ազատազրկում ստացան:


*Ազատ սիրո աղետը.


1924-ին «Սոցիալական հարցերի հիգիենա» խորագրով կոնֆերանսին կուսաշխատակից Մարկովը ելույթում նշեց. «Զգուշացնում եմ՝ մեզ մեծ աղետ է սպառնում առ այն, որ մենք սխալ ենք հասկացել ազատ սիրո երեւույթը: Ազատ սիրո արդյունքում կոմունարները բազում երեխաներ են «սարքել»… Եթե պատերազմը շատ հաշմանդամներ տվեց, ապա ազատ սիրո սխալ կիրառությունն էլ ավելի շատ տկարներով կպարգեւատրի»: 


Իսկ հանրահայտ գրող Հերբերթ Ուելսը, ով այցելել էր հեղափոխական Մոսկվա, նշել է. «...Որքա՜ն հեշտ էին սեքսի հարցերը սոցիալիզմով հաղթած երկրում, չափազանց հեշտ»:


20-ականների վերջին Ստալինի իշխանության արդյուքում սեքսուալ հեղափոխությունը սկսեց հանգչել: Բարձիթողի բարոյականությունը սկսեց պաշտոնապես քննադատվել: Հասարակական կարծիքը կրկին հակվեց նրան, որ «ընտանիքը հասարակության բջիջն է», իսկ մոնոգամությունը կարգուկանոնի հիմքը: Ստալինյան սահմանադրության ընդունմամբ «Ամուսնության կասեցման մասին» դեկրետը կորցրեց իր ուժը: 1934-ին արգելվեցին աբորտները, Կալինինի կողմից ստորագրվեց օրենք, որն արգելում ու պատժում էր տղամարդկանց միջեւ սեքսուալ հարաբերությունները: Ինչպես հեղինակ Ա. Մելնիչենկոն է նշում, Ռուսաստանն ապրեց իր պատմության ամենազարհուրելի հոգեբանական դրաման, որը համեմատելի չէ ոչ մի պատերազմի հետ:


Լուսի Քոչարյան (Lucy Kocharyan)
BRAVO.am

 
 
Դեպի վերև
Bravo-ի նյութերին մշտապես տեղյակ լինելու համար սեղմեք
0
18247 Դիտում
 
Մեկնաբանություններ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: