×


Կրծքով կերակրում դրսում. էրոտիկա՞, թե՞ հայեցիություն

Էրոտիկա եւ անպատշաճություն   

Ինձ համար մի ծիծաղաշարժ կարծիք կա առ այն, որ երեխային հասարակական վայրերում կրծքով կերակրելը (ԿԿ) նորաձեւ է, այսինքն՝ իբրեւ սա պարզապես տուրք է նորաձեւությանը: Նման մայրիկները ծաղրանքի են արժանանում, մեղադրվում ֆանատիզմի մեջ՝ «ինչո՞ւ ծծակ ու կթու կով դառնալ երեխայի համար, եթե շուկայում կաթնախառնուրդների ու վիտամինների լայն ընտրանի կա, ինչո՞ւ կորցնել կանացիությունն ու սեքսուալությունն ամուսնու համար՝ կրծքերը երեխային տրամադրելով, եթե կան ծծակներ ու շշեր… ու այսպես շարունակ»:


ԿԿ ընդդիմադիրների մեկ այլ զորագունդ մեղադրում է ԿԿ մայրիկներին էրոտիկայի ցուցադրման մեջ՝ «չմոռանանք, որ կուրծքը մարմնի սեքսուալ հատված է: Այն կարող է գրգռել օտար տղամարդկանց ու գրավել անչափահասների անտեղի ուշադրությունը»: Այստեղ եկեք հիշենք, որ համացանցով ու հեռուստատեսությամբ երեխաներն ավելի վտանգված են տեսնելու թե կրծքեր, թե շատ ավելի ռիսկային տեսարաններ, քան երեխայի կերակրումն է: Ինչը, ի դեպ, կարելի է շատ գեղեցիկ բացատրել ու անցնել առաջ: Իսկ տղամարդկանց գրգռելու հարցում, կարծում եմ, շատ ավելի ինտենսիվ են աշխատում կարճ կիսաշրջազգեստները, կիսաթափանց տրիկոները, խոր լանջաբացվածքներն ու, ի վերջո, պոռնոկայքերը: Այնպես որ, եթե տղամարդու մոտ էրեկտիլ աշխուժություն է առաջանում երեխա կերակրելու անխուսափելի ընթացքից, այդ տղամարդու խնդիրն է, ոչ թե կնոջ ու երեխայի:

Իրավունք ու անհրաժեշտություն


Վերը նշված կարծիքներն ունեցողներին անընդհատ ուզում ես հիշեցնել՝ հասարակական վայրերում ԿԿ կանայք մերկ չեն: Հայաստանում հնարավոր չէ տեսնել կերակրող մայրիկի, ով կնստի փողոցի նստարանին կամ սրճարանում եւ առանց այլեւայլության դուրս կհանի մերկ կուրծքը: Սա էրեկտիլ աշխուժության գերի տղամարդկանց ու արհեստական կաթը նախընտրող եւ այդ առիթով իրենց մեղավոր զգացող մայրիկների, ինչպես նաեւ իրենց ամուսնու էրեկտիլ աշխուժության վրա դողացող կանանց վառ երեւակայությունն է: ԿԿ մայրիկներին առանց շրջապատի խեթ հայացքների էլ շատ ավելի հարմար են սլինգերը, լայն վերնաշապիկները, երկար շարֆերը:

Ինչո՞ւ մեղավոր զգացող մայրիկների, որովհետեւ վերջին տարիներին ԿԿ քարոզը, դրա վերաբերյալ գրագետ լուսաբանումները բավական առաջադիմել են, բարեբախտաբար: ԱՀԿ-ն անընդհատ պնդում է, որ ոչ մի կենդանու կաթ կամ կաթնախառնուրդ չի կարող նույնիսկ մոտավորապես ոտք գցել մայրական կաթի հետ: Այսօր կան ԿԿ փայլուն մասնագետներ, որոնց միջոցով նույնիսկ վատթար խնդիրների տակից կարելի է այնպես դուրս գալ, որ երեխան ու կերակրումը չտուժեն: ԿԿ առողջ քարոզի մեջ մտնում է մինչեւ 6 ամսականը երեխային բացառապես կրծքով կերակրելը (առանց ծծակի, շշի ու ջրի): Շատերը, հատկապես «կերակրվող երեխա» հասկացությունից միանգամայն հեռու գտնվող տղամարդիկ ու աղջիկները, չեն պատկերացնում՝ ինչ է սա նշանակում: Սա նշանակում է, որ, օրինակ, 3 ամսական երեխան կարող է կուրծք պահանջել ժամը 14:00-ին, չպոկվել կրծքից մոտ 40 րոպե: Հետո կուրծք պահանջել ժամը 15:00-ին: Հետո ժամը 17:00-ին, 17:20-ին, ու այսպես շարունակ. երբ ուզի, որքան ուզի ու որտեղ ուզի:

 Սա իրապես բարդ է

*Ընդ որում, ԿԿ է տրվում ոչ միայն երեխայի սովի, այլեւ ծարավի, ցավի ու անհանգստության դեպքում: Ու մայրը չի կարող կանխագուշակել, թե որ պահին կերակրելու կարիք կլինի: Այս ամենն իրապես բարդ է. եթե մայրն ընտրում է ԿԿ, ապա նա օրական 24 ժամ երեխայի հաճելի գերեվարության մեջ է գտնվում: Հետեւաբար, նա կամ պետք է բանտարկվի տանը, կամ կերակրի նաեւ դրսում: Իսկ այն մայրիկների համար, ովքեր ընտրում են ԿԽ (կաթնախառնուրդ)՝ անտեսելով ԿԿ անթիվ-անհամար օգուտներն ու հաշվի առնելով գերեվարությունը, հոգեբանորեն խղճի տանջանքն ու մեղավորության զգացումը գրեթե անխուսափելի են:

 *ԿԿ, թե ԿԽ՝ միանգամայն մայրիկի ընտրությունն է: Բայց այս դեպքում առաջարկում եմ խորապես հարգել ԿԿ մայրիկների՝ հասարակական վայրերում կերակրելու իրավունքը, քանզի սոցիալականացման հետ խնդիրներ չունեցող կինը չի կարող բանտարկվել տանը: Ո՞րն է իրական արժեք՝ երեխային հանգիստ ԿԿ ապահովելը, թե՞ շրջակայքի կարծիքին կուլ գնալն ու չկերակրելը: Սա զուտ արժեհամակարգերի ու հիմքային առաջնահերթությունների հարց է:

ԿԿ-ն աշխարհում

Որոշ երկրներում ԿԿ-ն անշնորհք ու վուլգար գործողություն է համարվում, ինչը հիմնականում կապված է տվյալ ազգի խիստ կրոնական դրվածքների հետ: Օրինակ, Սաուդյան Արաբիայում երեխային հասարակական վայրերում կրծքով կերակրելն օրենքով արգելված է: Իսկ, օրինակ, Իսրայելում, Հորդանանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Իտալիայում, Շվեդիայում, Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Մալայզիայում եւ այլ շատ երկրներում ԿԿ-ն միանգամայն թույլատրված է: ԱՄՆ-ում այս հարցը կարգավորվում է՝ ըստ նահանգների՝ յուրաքանչյուրն իր մոտեցմամբ: Օրինակ, Փիթսբուրգի փողոցներում շուրջօրյա պտտվում են հատուկ ֆուրգոններ, որտեղ կերակրող մայրիկները ցանկացած պահի կարող են առանձնանալ ու երեխայի կերակրմամբ զբաղվել:

Հարցման արդյունքներ

Հարցումն անցկացրել եմ սոցցանցային 500 ընկերներիս շրջանակում՝ ստանալով ամենատարբեր արձագանքներ: Դրանցից մի քանիսը՝

*«Երեխայի պես կարեւոր բան աշխարհում քիչ կա: Եթե հասարակական վայրերում կերակրման դեպքերը շատ լինեն, մշակույթ կձեւավորվի ու չտեսությունը կպակասի»:

*«Բնականությունը թաքցնելն այն կրոնների, աղանդների խնդիրն է, որոնք օգնում են պատասխաններ չունեցող, ցածր ինքնատիրապետմամբ մարդկանց մեծ քանակը կառավարելուն»:

*«Դժվարությամբ կպատկերացնեմ, որ կնոջս կթույլատրեի նման բան անել, բայց որ տեսնեմ ինչ-որ կին այգում, ավտոբուսում կամ որեւէ այլ տեղ կերակրում է, շատ հանգիստ կվերաբերվեմ ու աչքերս վրան չեմ չռի»:

*«Ինձ թվում է՝ կրծքով կերակրվելու տարիքի երեխան չի հասկանում՝ ինքը որտեղ է գտնվում, ու չի կարող զսպել իր ֆիզիկական ցանկությունները: Հետեւաբար, էական չէ հասարակության կարծիքը, էական է երեխայի կուշտ լինելը»:

*«Այս հարցում պահպանողական եմ: Շատ անձնական վիճակ եմ համարում կերակրումը: Բայց մեկ ուրիշի՝ դրսում կերակրելը բնական եմ համարում, եթե իր ընտրությունն է: Ես չէի կերակրի»:

*Առհասարակ, որպես հայ՝ կարծում եմ, որ շատ տգեղ է, երբ հասարակական վայրում կինը կերակրում է կրծքով: Հայաստանում դա աննորմալ է: Ու հայ կնոջ համար՝ աննորմալ: Հայ կինն ամբողջ աշխարհում պետք է աչքի ընկնի իր հնազանդությամբ ու խոհեմությամբ, իր նամուս-թասիբով: Հայ կնոջը պատիվ չի բերում հասարակական վայրում բոլորի աչքի առաջ կուրծք բացելը, թեկուզեւ փոքրիկին կերակրելու համար»: 

Ի դեպ, վերջին կարծիքը թրոլինգ չէ:
Ես հակված եմ երկրորդ կարծիքին, իսկ դու՞ք:

Աուրա Ֆ. 
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport