×


ՀՕՖ երեխաների աշխատանքները՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում օրերս տեղի է ունեցել Հայ օգնության ֆոնդի Երեխաների աջակցության կենտրոնի եւ “Այո” հարթակի կազմակերպած “Փոփոխություններ բնապատկերներով” խորագրով ցուցահանդեսը: Միջոցառմանը ներկա էին մշակույթի գործիչներ, նախագծի հեղինակները, ինչպես նաեւ Երեխաների աջակցության կենտրոնի Բարեկամների խորհրդի անդամները՝ Արա Գեւորգյանն ու այլ հայտնիներ:

Քրիստին Մխիթարյանը եւ Ջոն Լեոնարդը` ՀՕՖ-ի սաների հետ


“Փոփոխություններ բնապատկերներով”  նախագծի գաղափարի հեղինակներն ու նախաձեռնողներն էին ՀՕՖ Երեխաների աջակցության կենտրոնի եւ “Այո”  հարթակի բարեկամ-ամուսիններ Քրիստին Մխիթարյանը (ճարտարապետ, Չիկագոյի Նորթ-Վեսթերն համալսարանի շրջանավարտ) ու Ջոն Լեոնարդը (ինժեներ, Նյու-Յորքի Դե-Վրայ համալսարանի շրջանավարտ):

Ինչպես BRAVO.am-ին հայտնել է Քրիստին Մխիթարյանը, նպատակ ունեին զարգացնել սաների լուսանկարչական հմտությունները եւ արվեստի միջոցով թերապիա իրականացնել.“Երեխաները բավական շատ գիտելիք ձեռք բերեցին լուսանկարչական արվեստի մասին: Նրանց հետ հինգ օր աշխատել ենք, տեսել, թե ինչպես են փորձում լավ կադրեր որսալ: Ուրախ եմ, որ նախագծի մի մասնիկն եմ”:

“Փոփոխություններ բնապատկերներով” խորագրով ցուցահանդեսին


Լուսանկարիչ Գոռ Կրոյանն էլ անցկացրել է երեխաների մտավոր առողջության բարելավմանն ու զարգացմանն ուղղված թերապիա.“Երեխաների հետ վարպետության դաս անցկացնելու իմ առաջին փորձն էր: Սկզբում թվում էր, թե դժվար կլինի, բայց շատ հեշտ էր, որովհետեւ երեխաներն, ի տարբերությունն մեծերի, բարդույթներ չունեն, աշխարհը յուրովի են պատկերացնում: Ես փորձում էի լուսանկարչության կանոնները բացատրել, բայց նրանք կանոններից դուրս էին նկարում: Մասնակցում էին տղաներ եւ երկու աղջիկ, տղաների լուսանկարներն ավելի հաջող են ստացել, ընտրվել է 4 տղայի 16 աշխատանք. արդյունքներից գոհ եմ”:

Վարպետության դասերի շրջանակում իրականացվել են շրջայցեր Կասկադ համալիր, Հայոց ցեղասպանության հուշահամալիր, Սեւանա լիճ, Զվարթնոց տաճար ու Էջմիածին, որի ընթացքում Ջոնը, Քրիստինը եւ Գոռը երեխաներին փոխանցել են լուսանկարչական սարքից օգտվելու գիտելիքներ, հմտություններ՝ հնարավորություն տալով երեխաներին ինքնաարտահայտվել սեփական լուսանկարների միջոցով:

Արա Գեւորգյանը` “Փոփոխություններ բնապատկերներով” խորագրով ցուցահանդեսին


13-ամյա Դավիթը մասնակիցներից մեկն է, նա նկարչության դասերի է հաճախում, որոշել է ոսկերիչ դառնալ, բայց ցանկանում է նաեւ լուսանկարչությամբ զբաղվել: Նա այս նախագծի շրջանակում մայրամուտը լուսանկարել է Էջմիածնում ու Սեւանում. “Բնության մայրամուտն ինձ համար ավելի սիրուն էր, ամպերն ավելի հետաքրքիր են ստացվել: Ես առաջ նկարում էի առանց կանոնների, որոնք փորձեցի սովորել”:

Ի դեպ, տպագրված լավագույն լուսանկարները տեղափոխվելու են Հայաստանի բժշկական հաստատություններ՝ դառնալով հանգստության ու հարմարավետության աղբյուր հիվանդների եւ անձնակազմի համար:

BRAVO.am   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին