×


Հայաստանի կինոթատրոններում “Nymphomaniac”-ը չի ցուցադրվի. ո՞րն է խնդիրը

Փետրվարի 13-ին “Սինեմա Սթար” կինոթատրոնում նախատեսված էր հանրահայտ ռեժիսոր Լարս ֆոն Թրիերի` մեծ աղմուկ հանած “Nymphomaniac” ֆիլմի հայաստանյան պերմիերան` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց: Ինչպես արդեն հայտնի է, կինոթատրոնը հրաժարվել է նախապես հայտարարված ցուցադրությունից` “Նիմֆոմանուհուն” գցելով հայկական իրարամերժ ուժերի ճիրանները:):

Դրվագ "Nymphomaniac" ֆիլմից


“Սինեմա Սթար”-ի մարքեթինգի մենեջեր Գոհար Նալբանդյանը BRAVO.am-ին հայտնել է, որ կինոթատրոնը գնել է ֆիլմը ցուցադրելու իրավունքը, իսկ այն ցուցադրելուց հրաժարվելու որոշման հիմք են դարձել մի շարք քաղաքացիների եւ հասարակական խմբերի առարկությունները, որոնք կասկած են հայտնել Հայաստանում մեծ էկրանի վրա ֆիլմի ցուցադրության նպատակահարմարության վերաբերյալ. “Մամուլի հրապարակումներից մենք հասկացանք, որ դեմ են: Հասարակության միայն մի փոքր մասն է պատրաստ մեծ էկրանին դիտելու, հիմնականում նրանք, ովքեր հասկանում են կինոարտադրությունից: Մարդիկ դեմ էին, որքան էլ մենք մուտքը կարգավորելու էինք անձնագրերով, այսինքն` 18 տարին չլրացած անձինք չէին կարող դիտմանը ներկա լինել”:

Թեմայի շուրջ զրուցել ենք կինոգետ Զավեն Բոյաջյանի հետ, որը նշել է.“Այս ամենի հիմնական մեղավորները հայկական մամուլի ներկայացուցիչներն են, ովքեր իրենց անտեղյակության պատճառով սխալ կերպ են մատուցել ֆիլմը հասարակությանը: Հանուն աղմուկի եւ էժանագին սենսացիայի` եվրոպական խոշորագույն ռեժիսորներից մեկի աշխատանքը ներկայացրել են որպես պոռնոգրաֆիայի նմուշ` հորինելով պոռնո-դրամա կոչվող նոր ժանրը: Սա վկայում է մեր լրագրողներից շատերի սահմանափակ լինելու մասին”:

Կինոգետ Զավեն Բոյաջյանը


Նա նաեւ համաձայն չէ ֆիլմի անվանման հայկական տարբերակի հետ, որը եւս շփոթմունք է առաջացնում.““Նիմֆոմանուհի” բառ հայերենում չունենք, գուցե ավելի լավ կլիներ օգտագործել բնագրային անվանումը: Հունական ծագում ունեցող բառի վերջում “ուհի” վերջածանցն ավելացնելով` այն հայերեն չենք դարձնում: Ի՞նչ է նշանակում նիմֆոմանուհի…’’:

Նշենք, որ “Nymphomaniac’’-ը չի ցուցադրվի նաեւ “Մոսկվա’’ կինոթատրոնում. այս մասին BRAVO.am-ին հայտնել է կինոթատրոնի մենեջեր Ռուզաննա Աբգարյանը` հավելելով, որ նման որոշման համար հատուկ պատճառ չունեն. “Ոչ բոլոր նոր ֆիլմերն են ցուցադրվում մեզ մոտ: Այս ֆիլմն էլ չէր ընդգրկվել ցուցադրվող ֆիլմերի ցանկում’’: 

“Նաիրի” կինոթատրոնի տոմսարկղի աշխատակիցը եւս բացասական պատասխան է տվել:

Երաժիշտ Արփենիկ Հակոբյանը


Թավջութակահարուհի, հեղինակ-կատարող Արփենիկ Հակոբյանը, որն այս օրերին Բրյուսելում է, արդեն իսկ հասցրել է դիտել ֆիլմը.“Ռեժիսորը շատ դիպուկ հոգեբանական մոտեցում է ցուցաբերել: Երեք ժամանոց ֆիլմ` ուժեղ վերջաբանով: Իսկապես տպավորված էի: Իրականում դրաման սեքսի մասին չէ: Շատ եմ գնահատում այն, որ Լարս Ֆոն Թրիերը բարձրաձայնում է բնազդների հետեւում թաքնվող հոգեբանական խնդիրները: Ի դեպ, վերջում հերոսուհին գտնում է իր խնդրի լուծումը”:

Երաժիշտը կարծում է՝ Հայաստանում ֆիլմի ցուցադրությունից հրաժարվելու փոխարեն պետք էր պարզապես տարիքային սահմանափակում կիրառել. “Յուրաքանչյուր քաղաքացի պետք է ընտրության հնարավորություն ունենա: Ստացվում է, որ մի խումբ քաղաքացիներ որոշում են, որ քաղաքացիների մյուս խումբը չունի բարոյական արժեքներ: Ծիծաղելի եւ ամոթալի երեւույթ է ինձ համար”:

Ի դեպ, imdb.com կայքում, որտեղ ներկայացված է “Nymphomaniac’’ ֆիլմի` տարբեր երկրներում պերմիերաների ժամանակացույցը, Հայաստանը դեռեւս առկա է:):

Տեքստը` Լենա Գեւորգյանի եւ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին