×


Ինչու ենք ամաչում խոսել սեքսի մասին

Նյութի այս վերնագրին շատ պատահական հասա: Հայաստանյան սեքսուալ «թոհուբոհից» զրուցում էի իմ ընկեր սեքսոլոգի հետ` ինչ սեքսուալ մշակույթ է տիրում զույգերի մոտ, ինչ խնդիրներով են առավել շատ դիմում, ու առհասարակ՝ ներկայում որն է սեքսուալ բնույթի ամենամեծ խնդիրը Հայաստանում: Եվ ինչ է պարզվում. ամենալուրջ խնդիրն, ըստ սեքսոլոգ Վահե Ասրյանի, սեքսի մասին չխոսելն է:

Եվ այսպես, 4 հարց, 4 պատասխան սեքսի մասին խոսել-չխոսելու վերաբերյալ, որոնք կարող են փոխել ձեր պատկերացումներն ու մոտեցումները, բարելավել սեքսուալ կյանքը, թեթեւացնել սեքս-զուգընկերոջ հետ հարաբերությունները:

-Սեքսով մարդիկ զբաղվում են, ինչո՞ւ է պետք նաեւ խոսել այդ մասին:

-Որքան էլ մենք սեքսը ծառայեցնենք հաճույք ստանալու եւ բազմանալու նպատակներին, միեւնույն է՝ այն ավելի շատ հաղորդակցություն է, շփման մի ձեւաչափ: Ու այդ շփումն առանց բանավոր խոսքի դժվար է պատկերացնել: Եթե խոսենք զույգի շահերից, ստացվում է հետեւյալը` զուգընկերներից յուրաքանչյուրը մինչեւ սեքսով զբաղվելն ունի կուտակած ֆանտազիաներ, որոնք փորձում է իրականացնել հարաբերության ժամանակ, չխոսելով փորձում հասկացնել, թե ինչ է ուզում կամ ակնկալում: Նրանցից ամեն մեկը լուռ ենթադրում է, որ հաջորդ սեքսի ընթացքում զուգընկերը կգուշակի, թե ինքն ինչ եւ ինչպես է ուզում: Իսկ պատկերացրեք, որ զուգընկերն անում է մի բան, որն իրականում տհաճ է, առնվազն հաճելի չէ եւ, ոչ մի բառ չխոսելով, ենթադրում, որ եթե զուգընկերը ձայն չի հանում, ուրեմն ամեն ինչ կարգին է: Արդյունքում զույգը, որը մեծ սպասումներ ուներ սեքսուալ կյանքի մեկնարկից, հիասթափվում է:  Սկսվում է աններդաշնակություններով լի շրջան, ու այն հաստատ չի նպաստում հարաբերությունների բարելավմանը: Իսկ երբ կա խոսք, այսինքն՝ սեքսի «բառավորում», դա միայն կնպաստի ավելի որակով ու հեռանկարային հարաբերությունների կառուցմանը: Ցանկալի է, որ ամեն բան քննարկվի, արդյունքում սեքսուալ խոտանը կկրճատվի եւ, իհարկե, կստեղծվեն նաեւ համատեղ ֆանտազիաներ: Պատկերացրեք՝ 2 մարզիկ խմբակային որեւէ մարզաձեւում անընդհատ մարզվեին եւ ընդհանրապես չխոսեին իրար հետ: Երեւի հասկանում եք, որ նրանց մոտ ոչինչ չէր ստացվի: Ամենաափսոսն այն դեպքերն են, երբ զույգից թե՛ կինը, թե՛ տղամարդը նույն ցանկությունն ունեն, բայց երկուսն էլ երկար ժամանակ լռում են:

-Որո՞նք են չխոսելու պատճառները:

-Կարծում եմ՝ չխոսելն առաջին հերթին կապված է սեքսի մասին սխալ պատկերացումների հետ, քանի որ շատերը սեքսի մասին առաջին վերաբերմունքը մեծահասակներից ստանում են սովորաբար բացասական երանգով: Ստեղծվում է նման մի հոգեվիճակ` «հերիք չի ես դրանով զբաղվում եմ, մի հատ էլ խոսե՞մ դրա մասին»: Իհարկե, ոմանք այս խնդիրը հաղթահարում են կյանքի որեւէ փուլում, ոմանք էլ՝ երբեք: Չխոսելը կապված է նաեւ մեկ այլ մտավախության հետ՝ «միգուցե հանկարծ զուգընկերս ինձ սխալ հասկանա, իմ մասին սխալ կարծիք կազմի, եղածն էլ չկորցնեմ հանկարծ»: Որոշ չափով կապ ունեն նաեւ կենցաղային պայմանները` օրինակ, եթե նույն ննջարանում քնում է նաեւ երեխան, դժվար թե տվյալ զույգը երեխայի քնի ընթացքում հասցնի խոսել: Իսկ եթե կան նաեւ սոցիալական խնդիրներ ու դրանցից բխող կոնֆլիկտներ, հասկանալի է, որ սեքսից խոսելն է՛լ ավելի քիչ է հավանական:

-Ե՞րբ է սկսվում ու ավարտվում սեքսը:

-Հիմնականում սխալ պատկերացում կա, որ սեքսը սկսվում է ֆրիկցիոն փուլի մեկնարկով (այսինքն՝  հեշտոցում անդամի հայտնվելով) եւ ավարտվում օրգազմով: Իրականում, սեքսը սկսում է գլխում պտտվող ֆանտազիաներից, սեռական ցանկությունից, դրա մասին մտածելուց ու դրա ուղղությամբ արվող քայլերից: Բարդ է ասել, թե երբ է ավարտվում սեքսը. միգուցե օրգազմի պահին, իսկ միգուցե հենց հարաբերության ժամանակ արդեն  «նախագծվում» է հաջորդ սեքսը:

-Զուգընկերներից ո՞վ պետք է խոսի սեքսի մասին:

-Կարծրատիպ կա, որ հետերոսեքսուալ զույգի դեպքում սեքսի հետ կապված խնդիրներն՝ իրենց հետեւանքներով հանդերձ, ամբողջությամբ կապված են տղամարդու հետ (պատճառն այն միտքն է, որ տղամարդն է ուժեղը կամ տան գլուխը, եւ առաջացած ցանկացած խնդիր հենց նա պետք է լուծի): Այս մոտեցումը չի ծառայում զույգի շահերին  ու նրանց խոստումնալից ապագային: Եթե հիշենք, որ սեքսով զբաղվում են երկուսով ու երկուսն էլ ունեն հստակ ակնկալիքներ դրանից, ապա տրամաբանական կլինի, որ երկուսն էլ պատասխանատվություն կրեն սեքսի որակի համար: Սեքսից խոսելը չպետք է սեռային խտրականություն ենթադրի: Կարեւոր չէ նաեւ, թե ով է առաջինը խոսում, ով է նախաձեռնում սեքսի վերբալիզացիան: Կարեւորն այն է, որ սեքսի մասին խոսելու, սեքսուալ խնդիրների քննարկման մշակույթ ձեւավորվի. դա աշխատում է ի շահ զույգի:

Ամենապարզ փաստը հետեւյալն է` եթե տվյալ մարդու հետ հարաբերությունները հասել են սեքսով զբաղվելու մակարդակին, ապա խոսելուց ամաչելն ու խուսափելը նվազագույնը տարօրինակ է, առավելագույնը՝ վնասակար:

Աուրա Ֆ.
BRAVO.am

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին