×


Հայի փեսա Վլադիմիր Սպիվակովը Հայաստան կվերադառնա հաջորդ տարի :)

Նոյեմբերի 10-ին դասական երաժշտության սիրահարների համար մեծ ու սպասված տոն էր. “Արամ Խաչատրյան” համերգասրահում հայ հանդիսատեսի առջեւ ելույթ ունեցավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ: Համերգին մասնակցել ցանկացողներն ավելի շատ էին, քան դահլիճի նստատեղերը. նրանց համար հավելյալ աթոռներ էին տեղադրվել:):

Վլադիմիր Սպիվակովը


Մաեստրոյի բեմելն ուղեկցվեց ներկաների բուռն ծափահարություններով: Երեկոն նվիրված էր Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին:

“Զարեհ Սահակյանցն իմ մտերիմն է, կնոջս հայրը, դստրերիս պապիկը: Շատ լավ էի ճանաչում նրան, վիրտուոզ երաժիշտ էր ու Հայաստանի իսկական նվիրյալ: Հայրենասեր բառը հիմա տարoրինակ է թվում, բայց նա հենց այդպիսին էր: Ֆենոմենալ անձնավորություն, ով խոսում էր հիասքանչ հայերենով, սիրում էր հայկական մշակույթը”,-նշեց Վլադիմիր Սպիվակովը:

Վլադիմիր Սպիվակովը


Դասական կեցվածքով ու իրեն հատուկ խարիզմայով Սպիվակովը համերգի մեկնարկն ազդարարեց Սերգեյ Ռախմանինովի դաշնամուրի թիվ 2 կոնցերտով: Նվագախմբի հետ ելույթ ունեցավ դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, որին հանդիպեցինք նաեւ hետնաբեմում` վերջին փորձերը կատարելիս:

Մաեստրոյի ղեկավարած ֆիլհարմոնիկ նվագախումբը արդեն տասը տարեկան է.“Հենց այսքան ժամանակ էր հարկավոր, որ առաջատար դառնանք Ռուսաստանում: Երբ մենահամերգների էինք մեկնում Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա, հանդիսատեսը չէր հավատում, որ նվագախումբն այդքան երիտասարդ է’’,-ասաց Սպիվակովը:

Համերգի երկրորդ մասում հնչեցին Բիզեի, Բելլինիի, Վերդիի, Պուչինիի, Հիմենեզի, Դոնիցետիի, Սենս-Սանսի, Մասկանիի, Չիլեայի, Սորոսաբալի հայտնի ստեղծագործություններից հատվածներ: Նվագախմբի հետ ելույթ ունեցան մենակատարներ Հասմիկ Պապյանը,  Ջուլիետ Գալստյանն ու Վասիլի Լադյուկը:

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Երեւանում


Համերգի ավարտին հոտնկայս ու անդադար հնչող ծափահարությունների ներքո Վլադիմիր Սպիվակովը Հայաստանի մշակույթի նախարարին փոխանցեց Արամ Խաչատրյանի նամակի բնօրինակը, որը վերջինս ժամանակին ուղղել էր հայտնի մի նեյրոֆիզիոլոգի: Ի դեպ, մաեստրոն անակնկալ մատուցեց հանդիսատեսին. նվագախումբն Արամ Խաչատրյանի գործերից կատարեց:

Սպիվակովը նաեւ իր հիշողություններով կիսվեց.“Էրմիտաժի տնօրեն Բորիս Պիատրովսկին ընկերս էր: Նրա կինը եւս հայուհի էր` Հռիփսիմեն: Ու ամեն անգամ, երբ հանդիպում էինք, ինձ ողջունելիս ասում էր` “Հայերի փեսաները հանդիպեցին’’”:

Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Երեւանում


Մաեստրոն պատասխանեց նաեւ BRAVO.am-ի հարցին, թե արդյոք մեր օրերում վիրտուոզներ կան.“Հանճարեղ ու տաղանդավոր սերունդ ունենք: Ամենահեղինակավոր մրցույթներում նրանք մրցանակային առաջին տեղերն են զբաղեցնում: Ոչինչ էլ չի  անհետացել, հանճարներ ու վիրտուոզներ մեր օրերում եւս ծնվում են, իսկ մենք ձեզ մոտ հաջորդ տարի կվերադառնանք’’:

Նշենք, որ համերգը տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի մշակույթի նախարարությունների եւ ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ: Համերգի կազմակերպիչն էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Վլադիմիր Սպիվակովն ու Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը Հայաստանում էր “Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք’’ ծրագրի շրջանակում, երաժիշտները երեկ ելույթ են ունեցել Գյումրիում:

Տեքստը` Լենա Գեւորգյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին