×


Հայկոն, Անահիտը, Տաթեւիկը, Էմմին, Էրիկը եւ այլք` Լուիզա Նավասարդյանի CD-ի շնորհանդեսին

Լուիզա Նավասարդյանը երեկ` նոյեմբերի 5-ին, ներկայացրել է իր առաջին ձայնասկավառակը: Նրա անունը թեեւ շատերին հայտնի չէ, բայց երգի ասպարեզում է շուրջ 14 տարի: Շնորհանդեսին ներկա են եղել եւ երգչուհուն շնորհավորել են Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն, Տաթեւիկ Ադումյանը, Էրիկը, Վարդան Բադալյանը, Էմմին, Ավետ Բարսեղյանը, Անժելա Բարխուդարյանը, նախկին “Չորս տարբերակ” խմբից Գոհար Ջավուկցյանը, Նարինե Մկրտումյանը, Գոհար Հովհաննիսյանը եւ ուրիշներ:

Լուիզա Նավասարդյանը


Ծնունդով կապանցի Լուիզային ալբոմի թողարկման հարցում աջակցել են երաժիշտ ընկերները.“Գաղտնիք չէ, որ ամեն ինչ կապված է ֆինանսի հետ, այս CD-ի երգերը հավաքվել են դեռ տասը տարի առաջ: Ճիշտ է` ուշ, բայց ես այսօր տեսնում եմ իմ աշխատանքի արդյունքը: Եթե մինչ այս երգում էի ռեստորանային գործեր, ապա ձայնասկավառակի թողարկումից հետո դրանք կփոխարինվեն իմ երգերով”, -BRAVO.am-ի հետ զրույցում նշել է նա:

“Ցնորք” կոչվող CD-ում ընդգրկված է տասը երգ, որոնց հեղինակներից են Վաչե Ավեյանը, Մելոն, Ջոնի Կարապետյանը, նաեւ կա մեկ երգ Գուսան Աշոտի գործերից: Թե ինչու է այդպես անվանել ձայնասկավառակը, Լուիզան հայտնել է, որ “Ցնորք”-ն իր առաջին ձայնագրված եւ միակ լիրիկական ստեղծագործությունն է: Հենց այս երգն էլ նա ներկաների համար կատարել է դաշնակահար Սերգեյ Այվազյանի նվագակցությամբ:

Էմմին եւ Անահիտ Սիմոնյանը


Ձայնասկավառակի լուսանկարների եւ շնորհանդեսին երգչուհու կրած զգեստի ոճաբանն Անահիտ Սիմոնյանն է, լուսանկարիչը` Տուշո Բարսեղյանը, Հայկոն եւս ունի իր մասնակցությունը, քանի որ “Ցնորք”-ում ընդգրկված բոլոր երգերը ձայնագրվել են երգչի ստուդիայում.“Հայկոն ոչ միայն առաջինը լսել ու գնահատել է դրանք, այլ նաեւ ալբոմի դիզայնով է զբաղվել: Ի դեպ, այդ ժամանակահատվածում Գերմանիայում էր եւ հեռախոսով էր հայտնում իր գաղափարները”:

Հայկոն իր բարեմաղթանքն է հղում Լուիզա Նավասարդյանին


Հանդիսավար Ալիկ Հակոբյանը շնորհանդեսն անվանել է Լուիզա Նավասարդյանի աշխատանքային առաջին տարեդարձը եւ բեմ է հրավիրել ձայնասկավառակի ստեղծմանն աջակցած հյուրերին, որոնք իրենց բարեմաղթանքն են հղել երգչուհուն: Անահիտ Սիմոնյանն ընկերուհու մասին խոսելիս նշել է, որ շատ աշխատասեր է.“Նա անպայման հասնում է իր նպատակին: Ցանկանում եմ, որ CD-ն քեզ մեծ հաջողություն բերի, իսկ ես միշտ պատրաստ եմ ապահովել քո գեղեցիկ տեսքը:)”:

Տաթեւիկ Ադումյանը եւ Նարինե Մկրտումյանը


Ներկաների համար Լուիզան ստորագրել է իր առաջին ձայնասկավառակի առաջին օրինակները, ընդունել շնորհավորանքները եւ վերջում կտրել տոնական տորթը:

Նշենք, որ երգչուհին ունի երկու տեսահոլովակ` նկարահանված “Հայ տղա” եւ “Ես եւ դու” երգերի հիման վրա:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին