×


Հայկուհի Խուդավերդյանը եւ Գագիկ Ռոստոմյանը վերապրում են 40 տարվա դրամատիկ սերը

Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Հայկուհի Խուդավերդյանի 70-ամյա հոբելյանի առթիվ նույն թատրոնի դերասան-բեմադրիչ Արա Գեւորգյանը նրա մասնակցությամբ բեմադրել է “Սիրելի ստախոսը”, որը կատակերգություն է նամակագրության ձեւաչափով:

Հայկուհի Խուդավերդյանը եւ Գագիկ Ռոստոմյանը` "Սիրելի ստախոսը" ներկայացման պրեմիերային


Ներկայացման թեման իռլանդական ծագումով անգլիացի դրամատուրգ, թատերագիր Ջորջ Բեռնարդ Շոուի եւ դերասանուհի Ստելլա Քեմպբելի սիրային նամակագրությունն է, որը տեւել է շուրջ 40 տարի.“Ինչպես պիեսում է ասվում, հիմա մարդիկ մեծ մասամբ կարդում են ինքնաթիռների, տեխնոլոգիաների մասին, բայց ուղիղ մեկ դար առաջ երկու անհատականության միջեւ այսպիսի փոխհարաբերություններ ու սեր է եղել եւ նրանց ցանկությամբ գաղտնի չի մնացել. հետագա սերունդները հնարավորություն ունեն կարդալ նրանց դրամատիկ սիրո պատմությունը”,-BRAVO.am-ի հետ զրույցում նշել է Արա Գեւորգյանը:

Հայկուհի Խուդավերդյանի խաղընկերը` Տիկնիկայի թատրոնի դերասան Գագիկ Ռոստոմյանն է. Տիկնիկայինի բեմում դերասանները վերապրում են այս սիրո պատմությունը եւ հանդիսատեսին տեղափոխում 20-րդ դարի սկիզբ.“Ի դեպ, դերասանները 40 տարի առաջ միասին խաղացել են “Տրամվայ, ցանկություն” հեռուստաներկայացման մեջ: Երեւի խորհրդանշական է. այս նամակագրությունն էլ 40 տարվա պատմություն ունի”,-կարծում է բեմադրիչը:

Հայկուհի Խուդավերդյանը` "Սիրելի ստախոսը" ներկայացման պրեմիերային


ՀՀ վաստակավոր արտիստուհին իր հոբելյանի առթիվ բենեֆիսային երեկոյի փոխարեն նախընտրել է բեմ բարձրանալ եւ խաղալ.“Բեռնարդ Շոուի մասին բեմադրությունը տիկին Հայկուհու ցանկությունն էր, եւ մենք միասին սկսեցինք թարգմանել Ջերոմ Քիլթիի այս պիեսը: Հայ թատրոնում առաջին անգամ է բեմադրվում, բայց արտերկրում բազմիցս բեմադրվել է եւ առ այսօր խաղում են”, - պատմել է Արա Գեւորգյանը` հավելելով, որ փորձառու դերասանների հետ աշխատելը շատ պատասխանատու գործ է.“Փորձում էի իմ տեսակետը չպարտադրել, որ իրենք միասին բեմում աշխատեն: Չէի ուզում միջամտել եւ վառ ընդգծված ռեժիսորական աշխատանք տանել”:

Հայկուհի Խուդավերդյանը եւ Գագիկ Ռոստոմյանը` "Սիրելի ստախոսը" ներկայացման պրեմիերային


Նրա խոսքով` ծանոթ է եղել Բեռնարդ Շոուի կենսագրությանը, ընթերցել է “Պիգմալիոն”, “Խնձորով լի սայլակը”, “Տուն, որտեղ կոտրվում են սրտեր” եւ մյուս գործերը, բայց բեմադրելիս ավելի մանրամասն է ծանոթացել իր սիրելի գրողներից մեկի կյանքին.“Ինձ համար բացահայտեցի Շոուի մարդկային տեսակը, որը լավ երեւում է սիրուհուն ուղղված նամակների բովանդակությունից”:

Նշենք, որ ներկայացումը Տիկնիկային թատրոնի բեմին կլինի նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին: 

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին