×


Հայկ Պետրոսյանի «Պոմիդորով ձվածեղը», կատակները եւ հյուրերը

Հայկ Պետրոսյանի նոր համերգ-ներկայացման թեման սերն էր ու սիրուց բխած հույզերը՝ տխրությունը, ուրախությունը եւ, իհարկե, սիրո անբաժան մաս կազմող լոլիկով ձվածեղը:)։ Սեպտեմբերի 19-ին Երեւանի տիկնիկային թատրոնում երաժիշտների նվագակցությամբ ինտերակտիվ համերգի առիթը նրա «Պոմիդորով ձվածեղ» տեսահոլովակի պրեմիերան էր, որին ներկա էին նաեւ գործընկերները, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում։

Հայկ Պետրոսյանի համերգ-ներկայացմանը


Հումորային երաժշտական ծրագրի ընթացքում երգիչ-դերասանը պատմում է Գլենդելում, Փարիզում ու երեւանյան փաբում աղջիկների հետ իր անհաջող ծանոթությունների մասին, նմանակում «ռոմանտիկ» հայ երգիչներին, ակումբներում պարող տղաներին ու աղջիկներին: Որոշ դրվագներ էլ նրա «Եթե ես լինեի պապա» ներկայացումից էին։ Այս համերգին Հայկն իր տատիկի հիշատակին ռոմանս է կատարել, նաեւ «Հայ կանայք», «Դեպի սեր», «Ես ծիտ եմ», Քրիստ Մանարյանի «Աստղային կարուսել» երգերը։

Նա նշել է, թե դահլիճում Ֆրանսիայից ներկա է մի պրոդյուսեր, որը փնտրում է նմանակողների.«Մի խնդրանք ունեմ. երբ Ռեյ Չարլզի, Լուի Արմսթրոնգի, Շառլ Ազնավուրի նմանակումներն անեմ, բուռն ծափահարեք, որ գործս կպնի, ինձ ընտրի:)»։ Ներկաները բուռն են արձագանքել, ինչից հետո հայտնել է, որ ընդամենը կատակ էր։

Ալեքսանդր Մհերյանը, Սուրեն Առուստամյանը, Իվետա Մուկուչյանը, Մերի Մնջոյանը, Սեւակ Ամրոյանը


Հայկն իր սիրելի ուտեստի մասին հեղինակային «Պոմիդորով ձվածեղ» կատակ-երգը գրել է տարիներ առաջ.«Որոշեցինք կատակ-հոլովակ նկարել, որը կտարբերվի հայկական տեսահոլովակներից. նկատի ունեմ, որ Բենթլի են վերցնում, որից դանդաղ կադրով իջնում է գլամուր աղջկա կաբլուկը, իսկ պատի մոտ երգիչը տառապում է: Այդպիսի բաներից հեռու ենք մնացել։ Ճիշտն ասած, մոնտաժողի փող էլ չունեինք, մի դուբլով է նկարված»։

Ռեժիսորը Մարիամ Գեւորգյանն է, «դերերում» են բազմոցը, կիթառը, լոլիկով ձվածեղը, Անջելինա Ջոլին, Քիմ Քարդաշյանը, Քանյե Ուեսթը եւ ուրիշներ. «Շնորհակալ ենք Մշակույթի նախարարությանը տեսահոլովակի հետ ոչ մի առնչություն չունենալու համար, տեսահոլովակը չնկարահանվեց վարչապետի բարձր հովանու ներքո:): Փոխարենը շնորհակալ եմ իմ ընկերներին»։

Հայկ Պետրոսյանի համերգ-ներկայացմանը


Համերգի եզրափակիչ հատվածում Հայկը կատարել է «Մեր բակ»-ի երգերը, առաջարկել եւս մեկ անգամ գնահատել կատակ-հոլովակը, որը շուտով կլինի համացանցում։

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին