×


Հայկ Պետրոսյան.«Պատահել է, որ Նարեկին լողացրել եմ, կերակրել ու պահել»

Հայկ Պետրոսյանը, ով այս շրջանում հեռուստադիտողին ներկայանում է «Շանթ»-ի «Խոպանի տեսություն» սիթքոմում, օրերս BRAVO.am-ի լուսանկարչական խցիկի առջեւ հայտնվել է ընտանիքի հետ:): Կամերային երաժշտական թատրոնի դերասանը մեզ հետ զրույցում պատմել է կնոջ եւ մեկուկես տարեկան որդու հետ երեւանյան զբոսանքների մասին եւ ոչ միայն:

Հայկ Պետրոսյանի ընտանիքը


«Մտադրություն ունենք եվրոպական որեւէ երկիր մեկնել»

Ամառային երկարատեւ արձակուրդ չեմ ունեցել. անընդհատ աշխատանքի մեջ էի, որովհետեւ «Խոպանի տեսության» նկարահանումներին դադար չենք տվել: Այնուամենայնիվ, հասցրել եմ մի քանի օր հանգստանալ ընտանիքս հետ: Միասին եղել ենք Դիլիջանում, Հանքավանում, որտեղից ես շուտ եմ վերադարձել: Ոչինչ, փոխարենը մտադրություն ունենք Ամանորը տանը դիմավորելուց հետո եվրոպական որեւէ երկիր մեկնել: Ծովափնյա վայրերում սիրում եմ լինել ընկերներիս, ընտանիքիս հետ եւ վայելել ակտիվ հանգիստը, իսկ եթե պասիվ, ուրեմն կնոջս, տղայիս հետ ժամանակ անցկացնելն է ինձ համար լավագույնը:

«Դեռ ժամանակ կունենան»

Սիթքոմում խաղալուց բացի, աշխատում եմ երեխաների հետ` դասավանդելով դերասանի վարպետություն եւ բեմական խոսք: Ի սկզբանե նրանց ասել ենք, որ հիմքը թատրոնն է, աշխատելու ենք ներկայացումների վրա, եւ ոչ` սերիալների կամ ֆիլմերի շնորհիվ հայտնի դառնալու: Պետք է դերասանն աճի, նոր միայն մտածի նկարահանումների մասին. դեռ երեւալու ժամանակ կունենան:

Հայկ Պետրոսյանի ընտանիքը


«Մեր թատրոնը նոր շունչ է ստացել»

Շուտով կվերսկսեմ աշխատանքս թատրոնում, քանի որ օգոստոսը հանգստի շրջան էր: Կամերային երաժշտական թատրոնը նոր շունչ է ստացել` վերանորոգվել է եւ լցվել նոր ներկայացումներով:

Հայկ Պետրոսյանը` որդու հետ


«Տղայիս հետ հեշտ եմ լեզու գտնում»


Ուրախ եմ, որ ամռանը կարողացա ընտանիքիս շատ ժամանակ տրամադրել: Միշտ էլ օգնում եմ կնոջս. միասին երեխային զբոսանքի ենք տանում, սրճարան այցելում: Պատահել է, որ լողացրել եմ, կերակրել ու պահել: Տղայիս հետ հեշտ եմ լեզու գտնում, հաճախ միայն երկուսով ենք քաղաքում զբոսնում: Նարեկը կամակոր երեխա չէ, պարզապես սիրում է, երբ իրենով ենք զբաղվում: Եթե 24 ժամ որդուս հետ անցկացնեմ, ոչ թե կհոգնեմ, այլ կհանգստանամ:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին