×


Հասմիկ Կարապետյան.“Առաջին անգամ հարսի զգեստ կհագնեմ այն տղամարդու համար, ում իսկապես սիրում եմ”

Հասմիկ Կարապետյանն այս տարի ծննդյան օրն առանձնահատուկ է անցկացրել, իսկ պատճառն, իհարկե, սիրելիի` երաժիշտ, դիջեյ, պրոդյուսեր Շանթ Քիրմիզյանի ներկայությունն է:): Երգչուհին BRAVO.am-ի հետ անկեղծ զրույցում պատմել է ոչ միայն տարեդարձի անակնկալների, այլեւ իր հոգեվիճակի, նոր բնակարան տեղափոխվելու եւ այլ նորությունների մասին:

Շանթ Քիրմիզյանը եւ Հասմիկ Կարապետյանը


Ինչպես նախորդ մի քանի տարին, այս անգամ էլ խնջույք ու տոնակատարություն չէի նախատեսել, պարզապես ընտրյալիս եւ արտերկրից ժամանած մեր ընկերների հետ այցելեցի երեւանյան ժամանցի վայրերից մեկը: Ուղիղ կեսգիշերին մատուցողներն ինքնատիպ տորթ բերեցին, մոմը փչեցի, եւ ամբողջ փաբը հասկացավ, որ իմ ծննդյան օրն է:): Այնուհետեւ 3 ժամից ավելի անդադար պարում էինք ակումբում, հետո էլ երգեցի կարաոկեում, ինչը հազվադեպ է պատահում: Մինչեւ լուսաբաց տոնեցինք տարեդարձս:

Շանթը շատ ուշադիր է. նա առանց առիթի էլ հաճախ է ծաղիկներ նվիրում:  2014-ի հուլիսի 4-ն ինձ համար ոգեւորիչ ու պատմական դարձավ, քանի որ նախորդ տարիներին ծննդյանս օրը միայնակ էի դիմավորում: Փառք Աստծուն, այս անգամ ամեն ինչ ներդաշնակ էր: Երբ կողքիդ կա մարդ, ով քեզ շատ-շատ է սիրում եւ հանուն քեզ պատրաստ է ամեն ինչի, առանց որեւէ տոնակատարության տարեդարձդ դառնում է լիարժեք:

Հասմիկ Կարապետյանը


Ընկերներիցս, ծանոթներիցս եւ երկրպագուներիցս ստացել եմ բազմաթիվ զանգեր, շնորհավորանքներ, ծաղիկներ, իմ լուսանկարներից պատրաստված ալբոմներ ու տարբեր նվերներ: Ոգեւորիչ էր, որ իմ օրը հիշում էին այն մարդիկ, որոնց հետ արտերկրում մեկ-երկու անգամ շփվել եմ համերգների շրջանակում:

Խոստովանեմ` ծննդյանս օրը վերջերս սկսել եմ չսիրել, բայց դա կապված չէ մեծանալու հետ: Հոգեպես չեմ զգում, որ մեծացել եմ, երբեւէ չեմ թաքցրել իմ տարիքը, քանի որ ֆիզիկական տարիքն ինձ համար ոչ մի նշանակություն չունի:

Այս պահին ես ու Շանթը զբաղված ենք մեր նոր բնակարան տեղափոխվելու հարցերով: Երկար տարիներ ես երազում էի ունենալ իմ բնակարանը… Արդեն մեր անձնական բնակարանն ունենք:

Հասմիկ Կարապետյանը


Շուտով կպսակադրվենք, բայց հստակ չգիտեմ` երբ: Նախկինում ճերմակ զգեստ կրել եմ միայն բեմադրված նկարահանումների ժամանակ եւ առաջին անգամ հարսի զգեստ կհագնեմ այն տղամարդու համար, ում իսկապես սիրում եմ:

Ինձ համար հարսանիքի ճոխությունը, հյուրերի քանակը ոչ մի նշանակություն չունեն, ամենից կարեւորը երջանկությունն է: Շնորհակալ եմ, որ Աստված ինձ տվել է սիրված կին լինելու բերկրանքը:

Հասմիկ Կարապետյանը


Իմ մտածելակերպով ու աշխարհընկալմամբ, կարծում եմ, տարբերվում եմ շատ ու շատ հայուհիներից, իմ կյանքում ոչինչ միօրինակ չէ, բայց թվացյալ ավանդապաշտ մարդկանցից շատ ավելի կայուն ու բարոյական նորմեր ունեմ, քան` ծեծված նշանադրություն, ամուսնություն, երեխա հերթականությունը:

Ստեղծագործական նորություններ եւս ունեմ. ԴերՀովայի հետ աշխատում եմ իմ հեղինակած նոր` “Ո՞վ է ճանաչել” երգի գործիքավորման վրա: Հուսով եմ` լսարանին դուր կգա, որովհետեւ երաժշտական յուրահատուկ լուծումներով է: Այն լուսավոր սիրո մասին է. խոսքերը տխրություն ու թախիծ չեն փոխանցի: Առաջին հնչյունները կհուշեն, որ հեղինակը ես եմ, բայց նորություն է եւ իմ նախորդ երգերից տարբերվում է:

BRAVO.am
Լուսանկարները` Հասմիկ Կարապետյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին