×


Հասմիկ Շիրոյանը՝ «Դեպի Եվրատեսիլ»-ի, Կիեւում աշխատանքը թողնելու եւ Իվետա Մուկուչյանի մասին

Հասմիկ Շիրոյանի մասին Հայաստանում առաջին անգամ իմացան 2014 թվականի գարնանը, երբ Ուկրաինայում ապրող հայուհին իր տպավորիչ կատարումներով ներկայացավ «Ուկրաինայի ձայնը» նախագծի 4-րդ եթերաշրջանում: 22-ամյա երգչուհին այժմ մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ»-ին։ BRAVO.am-ի հետ զրույցում նա պատմել է մրցույթների եւ իր տրամադրվածության մասին։

Հասմիկ Շիրոյանը


«Ուկրաինայի ձայնը 4» նախագծում Անի Լորակի թիմում էի։ Մրցութային առաջին օրը լեհական երգ կատարեցի, այն մեկ շաբաթում «YouTube»-ում 2 միլիոն դիտում գրանցեց, որից հետո անսպասելի հրավերներ ստացա Լեհաստանից։ Վարշավայում պատիվ ունեցա բացել իրենց ամենահայտնի երաժշտական «Frederiki Music Awards» մրցանակաբաշխությունը, ծանոթացա տաղանդավոր երաժիշտների հետ։ Պարբերաբար հրավերներ եմ ստանում, աշխատում լեգենդար մարդկանց հետ։ Լեհերեն չեմ խոսում, բայց հասկանում եմ, քանի որ ուկրաիներենին նման է։ Մրցույթում եզրափակիչ չհասա, բայց փաստորեն հաջողության համար մեկ երգը բավական էր, որն ընտրել էի իմ վոկալի դասատուի խորհրդով։ Այժմ իմ մասին գիտեն Ուկրաինայում, Հայաստանում եւ Լեհաստանում։ 

«Դեպի Եվրատեսիլ» նախագծի մասին տեղեկացել եմ Գոհար Գասպարյանից. առաջարկեց մասնակցել, ես էլ որոշեցի Հայաստան գալ։ Գիտեի, որ տարբեր երկրներից տաղանդավոր մասնակիցներ կլինեն։ Իրոք, ուժեղ մրցակցություն է. անհետաքրքիր կլիներ, եթե պայքար չլիներ։ Ուրախ եմ այս բեմում երգել, իհարկե, ավելի մեծ սպասելիքներ ունեմ։ Հատուկ չեմ մտածել հայտ ներկայացնել, որ գնամ «Եվրատեսիլ», ավելի շատ հավատում եմ նշաններին. եթե ստացել եմ առաջարկը, ապա պետք է ուժերս փորձեմ։ Կարծես՝ հիմա երազանքս է մասնակցել «Եվրատեսիլ 2017»-ին ու հայրենիքս ներկայացնել։ Նաեւ շանսեր կան մի քանի տարի հետո Ուկրաինան ներկայացնել, ամեն ինչ հնարավոր է։

Իվետա Մուկուչյանը եւ Հասմիկ Շիրոյանը


Իվետա Մուկուչյանի խմբում եմ: Միմյանց լավ հասկանում ենք, մեր ոճերը մի քիչ նման են, երկուսս էլ ժամանակակից երաժշտության ալիքի վրա ենք։ Սկզբում միայն ջազ եմ երգել, այժմ ինձ փորձում եմ տարբեր ոճերում։ Հաշվի առնելով եվրատեսիլյան ոճը՝ Իվետայի հետ ընտրել եմ փոփ երգեր։ Մրցույթի ընթացքում մտերմացել եմ շատ մասնակիցների հետ, հատկապես Քրիստինա Մանգասարյանին հավանեցի. տաղանդավոր երգչուհի ու շատ լավ մարդ է։ Ուրախ եմ, որ այս նախագիծը նոր ծանոթությունների հնարավորություն է տալիս։

Հայաստանն իմ առաջին, Ուկրաինան՝ երկրորդ տունն է։ Կարծում եմ՝ լավ կլիներ, որ հաջորդ տարի Կիեւում անցկացվելիք «Եվրատեսիլ»-ին ես մասնակցեմ. իմ երկրորդ տանն ավելի ինքնավստահ կերգեմ։ Շնորհակալ եմ լավ արձագանքների, ուշադրության եւ սիրո համար։

Հասմիկ Շիրոյանը


Կիեւում աշխատում էի ջազային «Big Band»-ում, բայց հատուկ «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցելու համար դուրս եկա խմբից։ Այժմ աշխատում եմ երաժշտական պրոդյուսերների ու դիջեյների հետ, որոնք ապրում են Վարշավայում, Կալիֆորնիայում։ Միասին նոր երգեր ենք ստեղծում, բայց դեռ տեսահոլովակ չունեմ։

Հայաստան հիմնականում գալիս եմ ամռանը՝ տեսնելու բարեկամներիս, ընկերներիս։ Օրինակ՝ այս տարի ծանոթացել եմ Նադեժդա Սարգսյանի հետ, սիրում եմ նրան որպես մանկավարժ ու երաժիշտ։ Ներկա եմ եղել նրա դասերին, նույնիսկ միասին երգել ենք։ Միշտ սիրում եմ հետաքրքիր մարդկանց հետ շփվել, եթե երաժշտության մեջ կարող եմ ինչ-որ նոր բաներ սովորել, սիրով վերցնում եմ։

Երեւանում մենահամերգ դեռ չեմ ունեցել.
հաճույքով կցանկանամ կատարել իմ հեղինակած երգերը, ինձ համար գրված նոր երգերը եւ հայտնի հիթերն իմ մեկնաբանությամբ։ Կարծում եմ՝ ամեն ինչ դեռ առջեւում է։

BRAVO.am
Լուսանկարները՝ Առաջին ալիքի եւ Հասմիկ Շիրոյանի արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին