×


Հենրիկ Սիրավյանի չցուցադրված կտավներն ու ընկերների հուշերը

«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում երեկ բացվել է Հենրիկ Սիրավյանի անհատական ցուցահանդեսը, որը նվիրված է նկարչի հիշատակի 15-րդ տարելիցին։ Մինչեւ հունիսի 15-ը հասցրեք դիտել նկարչի տարբեր տարիների աշխատանքները, նաեւ գործեր, որոնք առաջին անգամ են ներկայացվում: Բացմանը ներկա են եղել Հենրիկ Սիրավյանի ազգականները, գործընկերները եւ նրա արվեստը գնահատող մարդիկ։

Հենրիկ Սիրավյանի աշխատանքներից


Բազմաթիվ պարգեւների արժանացած Սիրավյանի նկարները գտնվում են Երեւանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Կիեւի պատկերասրահներում եւ բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։ 2001 թվականին նկարչի մահվանից հետո նրա ստեղծագործությունները ցուցահանդեսով ներկայացվել են Նկարիչների միությունում եւ Ազգային պատկերասրահում։

Այս ցուցահանդեսին կարող եք տեսնել շուրջ 30 ստեղծագործություն՝ Կոմիտաս Վարդապետի, Փարաջանովի, Վիլյամ Սարոյանի դիմանկարները, նաեւ բնանկարներ՝ «Դալմայի այգիների ծիրանին», «Շորժայի ժայռը», «Գեղարդի ծառը», «Սեւանի կենդանակերպ քարերը», «Գառնիի կախարդական ձորը եւ հին կամուրջը», «Ջրվեժ Գառնի ձորում», «Մխիթար Սպարապետի բերդը Խնձորեսկում»։

Նկարիչ Գագիկ Սիրավյանը


Նրա որդին՝ նկարիչ Գագիկ Սիրավյանը, BRAVO.am-ի հետ զրուցում հայտնել է, որ արվեստանոցում փակված նկարները ցուցադրվելու կարիք ունեն, «կարոտել» են այցելուներին, եւ երկար ժամանակ կողք կողքի շարված լինելուց հետո ուզում են նորից «լույս աշխարհ» դուրս գալ, ուստի, որոշել են ընտանիքի արխիվի նկարները կրկին հանրությանը ներկայացնել.«Որքան արվեստասերներն են սպասում ցուցահանդեսին, այդքան էլ նկարներն են սպասում: Հայաստանի բնաշխարհը հայրիկիս ուշադրության կենտրոնում է եղել, ժայռակերտ պատմությունն ու կոթողները նա կարողացել է իր ձեռագրով կերպարվեստ բերել, մեր բնությունն ուսումնասիրել է անթիվ-անսահման անգամներ։ Խորհրդանշական է, որ հայրիկիս գործերն այժմ ցուցադրվում են նրա ընկերոջ՝ Սարգիս Մուրադյանի պատկերասրահում, նրանց արվեստանոցներն իրար կողք էին, երկար տարիների բարեկամությունն է նրանց կապում»։

Արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Լեւոն Չուգասզյանն էլ բացման խոսում նշել է.«Մեր ժողովրդի մտահոգությունները կապված են Արցախի հետ եւ մարդկային կորուստների այս շրջանում մենք մի լուսավոր կետ ունենք՝ հաղորդակցվել Սիրավյանի հրաշալի նկարներին։ Նրա վառ անհատականությունը ոչ միայն նկարներում է, այլեւ նրա կենսակերպում ու կատակների մեջ, քանի որ Երեւանի ամենամեծ սրախոսներից էր. միշտ հիշում ենք նրա կատակները։ Նա թողել է իր հետքը, ճանաչելի է իր գործերով, ինչն էլ վկայում է ինքնատիպության մասին։ Իր գեղանկարչական ձեռագրով Սիրավյանը յուրովի է բացահայտել Հայաստանի գեղեցկությունը։ Նա Հայաստանը տեսնում էր իբրեւ դրախտավայր»։

Հենրիկ Սիրավյանի աշխատանքներից


ՀՀ վաստակավոր նկարիչ Հաղթանակ Շահումյանը Սիրավյանի հետ մտերմացել է 1970-ականներին.«Գրեթե ամենուր շփվում էինք, հատկապես Շորժայում, երբ նկարիչներին հանգստյան տուն տվեցին, հաճախ էինք լինում։ Սիրավի համար առանձնակի ստեղծագործական շրջան էր, ամեն քարն ու թուփը միասին բացահայտում էինք, որտեղ նույնիսկ մարդկանց ոտքը չէր եղել։ Նա բնությունը նկարում էր տարբեր եղանակներին ու տարբեր լուսավորությամբ։ Սիրավի իմաստուն խոսքերն ու սրամտությունները մեզ համար թեւավոր խոսք են դարձել։ Իր էությամբ ամբողջովին արվեստի մարդ էր, պատահական չէր, որ Համո Սահյանը, Հրանտ Մաթեւոսյանը նրա ընկերներն էին»։

Հենրիկ Սիրավյանն աշխատել է Մարտիրոս Սարյանի արվեստանոցում եւ նրա էսքիզներով իրականացրել «Հայաստան» ապակե նկարը Հայֆիլհարմոնիայի փոքր դահլիճի ճեմասրահում, նաեւ Սունդուկյանի անվան թատրոնի ճեմասրահի եռապատկեր որմնանկարը։ Մասնակցել է ցուցահանդեսների Պորտուգալիայում, Դանիայում, Արգենտինայում, Ավստրիայում, Ֆրանսիայում, Իտալիայում եւ այլ երկրներում։
 
BRAVO.am
Լուսանկարները` Մարիամ Լորեցյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին