×


Հենրի Միլլերի “արգելված” գրքի շնորհանդեսը \"30-ականների\" Երեւանում :)

Երեկ Երեւանի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի ձմեռային այգում բոլոր հավաքվածները ժամանակի մեքենայով տեղափոխվել էին 1930-ական թվականներ` ներկա գտնվելու  Հենրի Միլլերի` ժամանակին արգելված գրականություն համարվող “Խեցգետնի արեւադարձ”-ի հայերեն տարբերակի շնորհանդեսին:):

Շնորհանդեսի հյուրերը հագնված էին 30-ականների ոճով


Գիրքը ներկայացնում է ամերիկյան գրողի փարիզյան կյանքը 30-ական թվականներին: Հենց այս պատճառով էլ “Անտարես” հրատարակչության նախաձեռնությամբ բոլոր ներկաները հագնված էին 30-ականների  ոճով: Ձմեռային այգուն փարիզյան 30-ականների շունչ էին հաղորդում ֆրանսիական երգերը եւ պարային կատարումները:

Միլլերի հայտնի ստեղծագործության հայերեն տարբերակի հեղինակը թարգմանիչ Զավեն Բոյաջյանն է, որը BRAVO.am-ի հետ զրույցում խոսել է ընթերցողների “աչք ու ականջին անսովոր” գռեհկաբանությունների, բաց բառաշերտի եւ սպասվելիք արձագանքների մասին:

“Խեցգետնի արեւադարձը” վեպի հայերեն տարբերակի հեղինակ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանը


“Ավելի թունդ արձագանքներ էի սպասում, հաճելիորեն զարմացած եմ, որ բացասական արձագանքներ չկան: Ովքեր հասցրել են գիրքը կարդալ, շատ դրական են արտահայտվել` ասելով, որ գռեհկաբանություններն ու անվայել համարվող բառապաշարն ինտեգրված են համատեքստին: Անպատշաճ բառաշերտը Միլլերի վեպի էությունը չէ: Ընթերցողներն այն ընկալում են ոչ թե որպես վեպի հիմնական բովանդակություն, այլ որպես հավելազարդ, որը մեղմ նրբերանգ է հաղորդում վեպին”,-ասել է Զավեն Բոյաջյանը:

Հեղինակը չի ցանկացել հիշել 7 ամիս տեւած թարգմանչական աշխատանքի դժվարությունները: “Իրականում, հայերենում դժվար է ստանալ գրական տեքստի եւ գռեհկաբանությունների այնպիսի օրգանական համակցություն, ինչպիսին Միլլերի մոտ է: Այդ առումով ջանքեր չեմ խնայել”,-ասել է թարգմանիչը` բոլոր “կեղծ բարեպաշտներին” խորհուրդ տալով պարզապես չկարդալ գիրքը:):

Շնորհանդեսը սկսվել է մնջախաղային ներկայացմամբ


BRAVO.am-ի հետ զրույցում Զավեն Բոյաջյանի կոլեգա, թարգմանիչ Արտաշես Էմինն ասել է, որ լավ թարգմանիչներ քիչ կան եւ Զավենը նրանցից մեկն է. “Համոզված եմ` գրքի հայերեն թարգմանությունը լավ է ստացվել: Հայերենը ոչ մի խնդիր չունի էրոտիկ տերմինաբանության հետ: Այն կոպիտ կարող է հնչել միայն տգետների համար: Լեզվի լավ իմացություն ունեցողները ոչ մի զարմանալի կամ անվայել բան չեն տեսնի գրքում”:

Թարգմանիչ Արտաշես Էմինը


Իսկ “Անտարես” հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ պետք չէ ձեւ անել, թե “В Советском Союзе секса нет”:).“Շատ լավ է , որ գիրքը լույս տեսավ հայերենով: Կարծում եմ, այն շատ հարցեր կլուծի հասարակության համար: Համենայն դեպս, մեծ դեր կունենա, որպեսզի մեր հասարակության մեջ վերջ դրվի կեղծ բարեպաշտությանն ու սուտ ամոթխածությանը”:

“Խեցգետնի արեւադարձ”-ը լույս է տեսել 500 տարբերակով եւ հասանելի է քաղաքի բոլոր գրախանութներում: Գրքի արժեքը 5000-6000 դրամ է:

Տեքստը` Մարիամ Մանոյանի/Bravo.am/
Լուսանկարները` Կարեն Հովհաննիսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին