×


“Հովեր”-ի 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը Կամերայինում

“Հովեր” պետական կամերային երգչախումբը նոր ձայնասկավառակ է թողարկել, որում ընդգրկված են Կոմիտասի, Սայաթ-Նովայի, Սյունիի եւ ժամանակակից քսան հայ կոմպոզիտորների խմբերգային ստեղծագործությունները: Կամերային երաժշտության տանը երեկ կայացել է երգչախմբի 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգը, որին ներկա է եղել նաեւ ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:

“Հովեր”-ի 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգին


2012 թվականին “Հովեր” պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվել են “Հովեր-անսամբլ” ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակահատվածում անսամբլը հասել է հաջողությունների` հանդես գալով Գերմանիայի, Ֆրանսիայի, Թայվանի հեղինակավոր համերգասրահներում: Ինչպես նշել են անսամբլի երաժիշտները, երգացանկում ընդգրկել են հայ հոգեւոր եւ աշխարհիկ, ժամանակակից, նաեւ արեւմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմի երգիչներ Վահագն Բաբլոյանի եւ Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումները:  

“Հովեր” կամերային երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը


Այս տարվա հունվարի 22-ից “Հովեր-անսամբլ”-ը մենահամերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, Ռուսաստանում եւ Էստոնիայում, որոնք կայացել են Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում: Շրջագայությունն անցկացվել է անսամբլի մենակատարների կազմով:

“Հովեր” կամերային երգչախմբի հիմնադիր-ղեկավար Սոնա Հովհաննիսյանը նշել է, որ ձայնասկավառակում յուրաքանչյուր հեղինակից ներառել են մեկական ստեղծագործություն.“Մեր երկարամյա գործունեության ընթացքում միշտ ներկայացրել ենք հայ հեղինակներին: Արտերկրյա համերգների ընթացքում հնչել են Կոմիտասի պատարագից հատվածներ, կոմիտասյան աշխարհիկ երաժշտություն եւ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ”:

“Հովեր”-ի 7-րդ ձայնասկավառակի շնորհանդես-համերգին


“Հովեր”-ի 7-րդ ձայնասկավառակը լույս է տեսել 100 օրինակով` թողարկվելով խմբի համերգներից գոյացած միջոցներով, եւ դեռեւս վաճառքում չկա: Սոնա Հովհաննիսյանը չի բացառել, որ առաջիկայում այն կարտադրվի մեծածավալ քանակությամբ եւ վաճառքի կհանվի տարբեր երկրներում:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW