×


Հրանտը, Լուիզան, Սյուզանը եւ մյուսները դիտել են Լուիզայի ու Գուժ Մանուկյանի “Ռոմանտիկ կոմեդիան’’

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի եւ ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի հարաբերությունները  ռոմանտիկ կոմեդիա են հիշեցնում, բայց միայն Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի բեմում:): Մարտի 23-ին ներկայացվել է Ժան Նշանյանի բեմադրությունը` Բերնարդ Սլեյդի համանուն կատակերգության հիման վրա: “Ռոմանտիկ կոմեդիա”, որը խորհելու տեղիք է տալիս, մարդկային է ու հասանելի:

Դրամատիկական թատրոնում ներկայացվել է "Ռոմանտիկ կոմեդիա"-ն


Ջեյսոն Քարմայքլի դերում Գուժ Մանուկյանն է, Ֆիբի Գրեդդակին մարմնավորում է Լուիզա Ղամբարյանը: Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը ստանձնել է Էլիսոն Ջեյմսի դերը, Գրիգոր Խաչատրյանը՝ Լիո Ջանովիչի, Արմեն Բարսեղյանը՝ Ջորջ Դեյնի:

Բեմադրիչ  Ժան Նշանյանի խոսքերով՝ “Ռոմանտիկ կոմեդիա”-ն չափազանց հարազատ է իր համար, նախկինում հենց ինքն է ստանձնել գլխավոր հերոսի դերը՝ Շաքե Թուխմանյանի հետ. “Որոշեցի, որ պետք է վերաբեմադրել այս ստեղծագործությունը ու միանգամից մտածեցի Լուիզայի եւ Գուժի մասին: Յուրաքանչյուր դերասան իր անհատականությամբ է փայլում ու իրենն է բեմ բերում: Ես գոհ եմ այսօրվա ներկայացումից եւ հանդիսատեսի արձագանքից’’:

"Ռոմանտիկ կոմեդիա"-ի գլխավոր հերոսներ Լուիզա Ղամբարյանն ու Գուժ Մանուկյանը


Լուիզա Ղամբարյանը BRAVO.am-ի հետ զրույցի ընթացքում հիշել է, թե ինչպես է ստացել գլխավոր դերը ստանձնելու առաջարկն ու համաձայնել՝  չնայած, որ այդ ընթացքում հեռուստատեսային գործունեությամբ էր զբաղված. “2011 թվականի աշնանային սովորական մի օր իմ վաղեմի ընկեր Ժան Նշանյանը եւ ինձ համար բեմի վարպետ Գուժ Մանուկյանը թատրոնում հերթական ներկայացումից հետո մոտեցան ինձ ու առաջարկեցին նոր բեմադրության վրա աշխատել: Առանց որեւէ վայրկյան մտածելու` համաձայնեցի’’:
 

Ժան Նշանյանի բեմադրած "Ռոմանտիկ կոմեդիա" ներկայացմանը


Դերասանուհին համոզված է` արտիստի հաջողության կեսից ավելին  խաղընկերոջ շնորհիվ է. “Գուժ Մանուկյանի դեպքում հաղթական խաղաքարտը քո ձեռքերում է:)’’:  Լուիզան ժապավենով դիտել է նաեւ  Միացյալ Նահանգներում ներկայացված բեմադրությունը. “Իմ շատ սիրելի Շաքե Թուխմանյանն ու Ժան Նշանյանը դերասանական հրաշալի խաղ են ցուցադրել: Ես փորձեցի ներկայացնել իմը, չեմ կարող նկարագրել՝ դա ինչ էր. իմ ներքին խմորումների արդյունքն էր’’:

“Եվս մեկ անգամ աշխատեցի ռեժիսոր Ժան Նշանյանի հետ: Պետք է մշտապես երախտապարտ լինես այն մարդուն, որը տվել է քեզ դեր խաղալու հնարավորություն, այսօր դա Ժանն է: Հավանում եմ պիեսն ու դերը ու ուրախ եմ, որ հնարավորություն ընձեռվեց եւս մեկ անգամ ցուցադրել “փոքր’’ հնարավորություններս’’, -ասել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը:

Լուիզա Ներսիսյանը, Հրանտ Թոխատյանը եւ Սյուզան Մարգարյանը


Դերասանուհի Էվելինա Շահիրյանը թեկուզ եւ փոքր դերով է հայտնվել բեմում, մի քանի նախադասություն ասել,  բայց կրկին անգամ կարողացել է տպավորել ու հուզել հանդիսատեսին. “Յուրաքանչյուր մուտքս կարծես նոր լինի ինձ համար: Ամեն անգամ բեմ եմ դուրս գալիս նոր ասելիքով: Իմ սկզբունքն է՝ այն ինչ տրվում է ինձ, դարձնել իմը’’:

Դերասանները պատմել  են, որ մոտ 8 ամիս տեւած աշխատանքային ընթացքը անցել է ջերմ ու ընկերական մթնոլորտում: “Ռոմանտիկ կոմեդիա’’ ներկայացումը թատրոնում այլեւս ռեպերտուարային է:

Տեքստը՝ Լենա Գեւորգյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Mana-Litta-ի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին