×


Մագրիտի «Պատկերների դավաճանությունը»՝ կարեւորագույնը Եվրոպայում

Ամենաճանաչելի բելգիացի սյուրռեալիստ Ռենե Մագրիտին նվիրված փարիզյան ցուցահանդեսը դարձել է 2016 թվականի Եվրոպայի մշակութային կարեւորագույն իրադարձություններից մեկը: Ցուցահանդեսն արդեն երեք ամիս է, ինչ գործում է Փարիզի հանրահայտ Պոմպիդու արվեստի կենտրոնում:

Ռենե Մագրիտի «Պատկերների դավաճանություն» ցուցահանդեսը՝ Պոմպիդու արվեստի կենտրոնում


Կազմակերպիչներն այցելուներին նախազգուշացնում են, որ ցուցասրահ ներս մտնելու համար նախ պետք է մոտավորապես 45 րոպե հերթ կանգնել բաց երկնքի տակ, ապա՝ նույնքան ներսում, եւ վերջապես մեկ ժամ՝ բուն ցուցասրահի հարկում: Եվ վստահեցնում եմ ձեզ, սա ամենեւին չափազանցված հայտարարություն չէ, բայց երբ ժամեր անց այցելուն կարողանում է ներխուժել ցուցասրահ, այստեղ նա մնում է երկար-երկար, քանի որ ողջ աշխարհի անհատական հավաքածուներից եւ թանգարաններից բերված հարյուրավոր նմուշները պարզապես գերում-տանում են նրան մեկ այլ աշխարհ՝ մոգական սյուրռեալիզմի մոլորակ, որտեղ կատարյալ գույներով նկարված խնձորը ամենեւին խնձոր չէ, իսկ ծխամորճն իրականում ծխամորճ չէ:

Ռենե Մագրիտի «Պատկերների դավաճանություն» ցուցահանդեսը՝ Պոմպիդու արվեստի կենտրոնում


Բելգիայի Լեսին քաղաքում ծնված Ռենե Մագրիտն իր ողջ կյանքի ընթացքում բացասաբար է վերաբերվել հեգեվերլուծությանը, որին, սակայն, անխուսափելիորեն ենթարկվում է արվեստագետի ողջ կյանքն այսօր: Հոգեբաններն ու արվեստաբանները Մագրիտի ամեն կտավում փնտրում են մոր ինքնասպանության հիշողությունների հետքերը: Պատմությունը բավականին տխուր է. Մագրիտի ընտանիքն ապրում էր բելգիական ոչ մեծ Շառլեռուա քաղաքում, ծայրահեղ աղքատ պայմաններում, ինչն էլ, ամենայն հավանականությամբ, դրդեց ապագա նկարչի մորը խեղդվել գետում: Մագրիտն ընդամենը 12 տարեկան էր: Այս ողբերգական դեպքի մասին արվեստագետը փորձել է լռել ողջ կյանքի ընթացքում:

Ռենե Մագրիտի «Պատկերների դավաճանություն» ցուցահանդեսը՝ Պոմպիդու արվեստի կենտրոնում


Ի տարբերություն մյուս սյուրռեալիստների, Մագրիտի աշխատանքներում հանդիպում են հիմնականում պարզ պատկերներ՝ ծառեր, հավեր, դռներ եւ մարդիկ, իսկ կտավների անվանումները ոչ մի կերպ չեն համապատասխանում պատկերվածին: Գաղտնիքներով լի այս արվեստը առաջացնում է բուռն քննարկումներ եւ անհամաձայնություններ արվեստաբանների շրջանակներում: Սակայն կարծում եմ, ճիշտ է հետեւել նկարչի անձնական խորհրդին՝ չփորձել բացահայտել կտավի գաղտնիքը, փոխարենը՝ պարզապես դիտել այն:
 
«Տեսանելին միշտ թաքցնում է անտեսանելին, ծառը թաքցնում է սարը, որն իր հերթին թաքցնում է երկնքի մի մասը»՝ ահա այսպիսի մոգական մտքերով «Պատկերների դավաճանություն» խորագիրը կրող ցուցահանդեսը կշարունակի գործել Պոմպիդու արվեստի կենտրոնի պատերի ներսում, իսկ 2017 թվականին կուղեւորվի գերելու Գերմանիան:

Պատրաստեց Լիլիթ Սոխակյանը/Bravo.am-ի սեփական թղթակիցը Փարիզում/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Banks
iTel
Mediamax
Sport