×


Մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը

Այս գիշեր մահացել է ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը: Հայ անվանի գեղանկարիչը մայիսի 24-ին կդառնար 90 տարեկան: BRAVO.am-ը ցավակցում է վարպետի հարազատներին եւ նրա արվեստի սիրահարներին:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը (Լուսանկարը` Սարգիս Լեփեջյանի)


Մենք առիթ ենք ունեցել զրուցել Հակոբ Հակոբյանի հետ 2011-ին տեղի ունեցած իր` “Հողեղեն գույների երգը” ցուցահանդեսի ժամանակ, որը կարող եք կարդալ այստեղ: Իսկ այսօր BRAVO.am-ի խմբագրությանը լուսանկարիչ Սարգիս Լեփեջյանը տրամադրել է վարպետի դիմանկարը, որը լուսանկարել է 2012-ի դեկտեմբերին եւ կարծում է` նրա վերջին լուսանկարներից է.“Ինչպես տարիքով շատ մարդիկ, նա էլ չէր սիրում լուսանկարվել, մի փոքր դժվարությամբ համաձայնեց: Երբ գնացի իր տուն, որը նաեւ արվեստանոցն էր, նոր նկարի վրա էր աշխատում”:

ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանը (Լուսանկարը` Սարգիս Լեփեջյանի)


Սարգսի խոսքով` նկարչին անձամբ չի ճանաչել եւ առաջին անգամ հանդիպել է հենց լուսանկարելու օրը: Զրույցի ընթացքում նկարչի տված խորհուրդը նա լավ է հիշում. “Ասաց, որ չսահմանափակվեմ Հայաստանով ու փորձեմ հասնել ու համեմատվել արտասահմանյան լուսանկարիչների հետ: Ցավում եմ, որ իր կենդանության օրոք այդքան շատ չեն խոսել իր մասին, իրոք մեծություն էր”:

Հակոբ Հակոբյանի կտավներից


ՀՀ ժողովրդական նկարիչ, պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1967-1971թ.թ.) Հակոբ Հակոբյանը 2001-ին ճանաչվել է Երեւանի պատվավոր քաղաքացի: 1923 թվականին Ալեքսանդրիայում (Եգիպտոս) ծնված նկարչի մասին Հայաստանում տեղեկացել են 1960 թվականին, երբ նա Հայաստանի պետական պատկերասրահին նկար էր ընծայել ու դրան անդրադարձել էր մամուլը: 1962-ին Հակոբյանն ընտանիքով վերադարձել էր Հայաստան։

Հակոբ Հակոբյանի կտավներից


Նկարիչն իր մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի եւ Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում։ Հակոբյանի առավել հայտնի նատյուրմորտներից են “Կինը խոհանոցում”, “Դերձակը”, “Սխտորներ”, “Վիշտ” ու այլ գործեր:

Հակոբ Հակոբյանի քանդակներից


Նա անհատական ցուցահանդեսներ է ունեցել Տալլինում, Ռիգայում, Փարիզում, Լվովում, Կիեւում, Թբիլիսիում, Մոսկվայում եւ այլուր: Նկարչի գործերից պահվում են Երեւանի, Մոսկվայի, Ռիգայի, Կահիրեի, Բեյրութի թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: 1996 թվականին Հակոբ Հակոբյանը պարգեւատրվել է ՀՀ “Մեսրոպ Մաշտոց”, 2003-ին` Հայ եկեղեցու “Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ” շքանշաններով:

Հակոբ Հակոբյանի կտավներից


BRAVO.am
Հակոբ Հակոբյանի կենսագրական տվյալները` Վիքիպեդիայից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW