×


Մայքլ Քոթանջյան.«Առաջին լուրջ փորձությունը հաղթահարել ենք»

Մայքլ Քոթանջյանի որդին 6 ամսական է: Պապիկի՝ ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանի անունը կրող փոքրիկը ընտանիքի ուրախությունն է: Երգիչը BRAVO.am-ին  ասել է, որ տղայի ծննդով իրականացել է իր երազանքը:

Քոթանջյանների ընտանիքը


Ամեն ամիս նրա ծննդյան օրը մեր տանը տոնական մթնոլորտ է: Կինս փոքրիկ խնջույք է կազմակերպում: Ամենամտերիմ հարազատների եւ տատիկ-պապիկների ընկերակցությամբ փչում ենք տոնական տորթի մոմերը:

Տղաս, բոլոր փոքրիկների նման, առաջին ամիսներին մի փոքր անհանգիստ էր, բայց դա արդեն անցյալում է. առաջին լուրջ փորձությունը հաղթահարել ենք: Հիմա սիրելու իսկական ժամանակն է: Բոլորիս ճանաչում է, ժպտում: Պապիկին տեսնում է թե չէ, ուրախությունից մարմինն է թափահարում: Աղջիկս մեծ ջերմությամբ է վերաբերվում եղբորը: Առաջին օրերին մի փոքր խանդում էր, բայց այժմ մեծ քրոջ հոգատարությամբ օգնում է մայրիկին:

Մայքլ Քոթանջյանը՝ կնոջ եւ որդու հետ


Բոլոր երազանքներս իրականացել են, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն:  Դեռ Լիկայի ծնվելուց առաջ շատ էի ուզում առաջինը դուստր, ապա նոր որդի ունենալ: Հիմա վայելում եմ երկու սեռի երեխաներիս ներկայությունը: Ես մենակ եմ մեծացել եւ ինձ համար շատ կարեւոր էր տղա երեխա ունենալը. պետք է լիներ մեկը, ով կշարունակեր մեր տոհմն ու ազգանունը:

Երրորդի մասին չենք էլ մտածում. այդքան հարուստ չենք:): Երեխա մեծացնելն ու դաստիարակելը շատ բարդ ու պատասխանատու գործ է: Գերադասում եմ այս երկուսին նորմալ կյանք ապահովել, հասցնել իրենց բոլոր նպատակներին, քան շատ երեխաներ ունենալ ու չկարողանալ տալ նրանց այն ամենն, ինչի կարիքն ունեն:

Ռաֆայել Քոթանջյանը՝ թոռնուհու հետ


Պապիկը շատ է երես տալիս թոռնիկներին, հատկապես` Լիկային: Շատ է սիրում ու կապված է նրանց հետ: Աղջկաս մտքով ինչ անցնում է, պապիկի համար «չէ» չկա. միանգամից իրականացնում է: Երբ հայրս տանը չի լինում, աղջիկս մի տեսակ տխրում է, ման է գալիս նրան, անընդհատ հարցնում է, թե երբ կգա, ստիպում է, որ զանգենք եւ խոսի հետը:

Տեքստը՝ Մերի Պողոսյանի / Bravo.am /
Լուսանկարները՝ Մայքլ Քոթանջյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին