×


Մավր Մկրտչյան.“Արժեր կրել այդ ծանր բեռը”

BRAVO.am-ն արդեն տեղեկացրել է, որ “Ժողովրդական երգիչ” հեռուստանախագծի մասնակիցներից Մավր Մկրտչյանը շարունակում է երաժշտական գործունեությունը: Նա վերջերս է վերադարձել համերգային շրջագայությունից եւ, ինչպես պատմել է մեզ հետ զրույցում, ռուսաստանաբնակ հայերի համար կատարել է Սայաթ-Նովայի, Ջիվանու, Հավասու երգերը:

Մավր Մկրտչյանը


Առաջին այցս էր Ռուսաստան: Ես եւ երգչուհի Հայկուհի Բաբախանյանն այնպես արեցինք, որ հանդիսատեսը մեծ բավականություն ստանա: Հայաստանում եւ արտասահմանում կարծում են, թե ժողովրդական երգի սիրահարներ չկան, մեզ էլ նախազգուշացրել էին, որ առավելագույնը 30 մարդ կգա համերգին, բայց հակառակում համոզվեցինք: Կատարումների ժամանակ արտասվողներ էլ եղան:

“Դլե յաման”-ը հոտնկայս լսեցին: Ֆլորա Մարտիրոսյանն իր կերպարով եւ “Դլե յաման”-ով ինձ համար կատարելություն է, եւ նրանից հետո բարդ է այնպես երգել, որ մարդիկ հավանեն: Հանդիսատեսի վերաբերմունքն ու արձագանքն, իհարկե, թույլ են տալիս ասել, որ արժեր կրել այդ ծանր բեռը:

Մավր Մկրտչյանը, Հայկուհի Բաբախանյանը եւ Ալբերտ Օրդինյանը


Կցանկանայի, որ ժողովրդական երգն էլ մեծ մասսայականություն վայելի եւ շահութաբեր լինի: Աշնանը կրկին համերգներով հանդես կգամ: Նախատեսում եմ Հայաստանի մարզերում ելույթ ունենալ: Կարծում եմ`այնտեղ մարդիկ եւս ունեն ժողովրդական երգի կարիք: Զբաղվածությունս բավական շատ է: Վերջերս թողարկվել է իմ առաջին մենահամերգի տեսասկավառակը: Շատ ծրագրեր ունեմ, որոնք իրականացնելու համար ֆինանսական միջոցներ են պետք:

Կարեւորում եմ տեսահոլովակի առկայությունը:  Այն նույնպես ասելիքդ հանդիսատեսին հասցնելու միջոց է: Հիմա աշխատում եմ աշուղ Ջիվանու երգի վրա, որը կներկայացնեմ տեսահոլովակով: 

Դեմ եմ երգերը ձեւափոխելուն, պարզապես պետք է նոր արտահայտչամիջոցներ ընտրել: Իմ մատուցմամբ “Հեյ, հոգի ջան”-ը դրա վառ օրինակն է:

Հայկուհի Բաբախանյանը եւ Մավր Մկրտչյանը ելույթ են ունեցել ռուսաստանաբնակ հայերի առջեւ


Խնջույքներին երգելու առաջարկներ շատ են լինում, բայց աշխատում եմ հնարավորինս զերծ մնալ:  Իհարկե, հասկանում եմ, որ գումար վաստակելու միջոց է, բայց ունեմ իմ սկզբունքները:

Հաճույքով աշխատում եմ Հայաստանի պետական կամերային երգչախմբում: Այն նախընտրում եմ ռեստորանում հանդես գալու համար առաջարկվող ճոխ պայմաններից:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Մավր Մկրտչյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին