×


Մարիաննան, Աշոտը, Յանան եւ մյուսները` մեկ ամիս գյուղում

“Մոսկվայի տան” դահլիճում երեկ` փետրվարի 26-ին, առաջին անգամ կայացել է թատերական ներկայացման պրեմիերա: ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը “Մոսկվայի տան” առաջարկով բեմադրել է Իվան Տուրգենեւի “Месяц в деревне”/ “Ամիսը գյուղում”/ ստեղծագործությունը` նվիրված ռուս գրողի 195-ամյակին:

"Ամիսը գյուղում" ներկայացման դերասանական կազմը


Անտրեպրիզային ներկայացման մեջ զբաղված են դերասաններ Մարիաննա Մխիթարյանը, Ռոբերտ Հակոբյանը, Յանա Գաբրիելյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Կարեն Ջհանգիրովը, Ժենյա Մկրտումյանը, Յուրա Իգիթխանյանը եւ այլք:

"Ամիսը գյուղում" ներկայացման պրեմիերային


Ռեժիսորը դերասաններին ընտրել է տարբեր թատրոններից` կարեւոր նախապայման դնելով ռուսերենի իմացությունը. “Ոմանք լեզվին շատ լավ են տիրապետում, ոմանք դեռ հաղթահարում են, բայց կարեւոր էր, որ ներկայացնեինք բնագրով: Փորձել ենք պահպանել գրողի տեքստը` որոշ հատվածներում անելով փոփոխություններ”, - BRAVO.am-ին հայտնել է Վահե Շահվերդյանը:

Կարեն Ջհանգիրովը, Յանա Գաբրիելյանը եւ Մարիաննա Մխիթարյանը


Նրա փոխանցմամբ` Տուրգենեւի այս գործը հայկական թատրոնում երբեւէ չի բեմադրվել: Ներկայացման առանձնահատկություններից մեկն այն է, որ դահլիճի աթոռները համարակալված չեն, տոմսեր չեն վաճառվում. “Ռուս դասականների նկատմամբ առանձնահատուկ սեր ունեմ. ինձ գայթակղեց մեկ անգամ եւս ռուս գրողի գործը բեմադրելու առաջարկը: Իհարկե, զբաղված գրաֆիկով դերասաններին միասին համախմբելը հեշտ գործ չէր, բայց հավաքվում, նույնիսկ գիշերներն էինք փորձ անում”:

Յանա Գաբրիելյանը եւ Աշոտ Տեր-Մաթեւոսյանը


Նատալյայի կերպարում հանդես եկող Մարիաննա Մխիթարյանը, տարիներ շարունակ աշխատելով Վահե Շահվերդյանի եւ ավագ գործընկերների հետ, առաջին անգամ էր խաղում կրտսեր խաղընկերների հետ: Դերասանուհու կարծիքով` դասական գործերը միշտ գրավիչ ու բազմերանգ են ու դերասանին նոր խորություններ բացահայտելու հնարավորություն են տալիս.“Նոր կազմի հետ աշխատելը հետաքրքիր էր, բոլորս ոգեւորությամբ գալիս էինք փորձերին, չնայած` փոքր-ինչ բարդ էր սերիալի նկարահանումների, ճամփորդությունների հետ համատեղելը: Ռեժիսորի շնորհիվ կարճ ժամանակահատվածում կարողացանք համախմբված թիմ դառնալ: Այնպիսի տպավորություն ունեմ, որ մենք վաղուց ենք իրար հետ աշխատում”:

Մարիաննա Մխիթարյանը եւ Ռոբերտ Հակոբյանը


17-ամյա Վերայի դերակատար Յանա Գաբրիելյանի հետ զրույցում էլ պարզեցինք, որ նա իր մարմնավորած կերպարից մեծ  է տասը տարով եւ առաջին անգամ է բեմում ռուսերենով խաղում, բացի այդ, առաջին անգամ է աշխատում Վահե Շահվերդյանի հետ. “Իսկապես հետաքրքիր է լինել մի կերպարում, որը սիրում է, ապրում է այդ սիրով, հետո իր ստեղծած պատրանքները վերանում են ու նա հանդիսատեսի աչքի առջեւ հասունանում է: Հուզմունք ու լարվածություն կար, կարող էր ավելի լավ լինել”:

Վանյա Աթանյանը` "Ամիսը գյուղում" ներկայացման պրեմիերային


Ներկայացման ամենափոքրիկ մասնակիցը` Վանյա Աթանյանը, դերասան Յուրի Իգիթխանյանի զարմիկն է եւ նրա առաջարկով իր առաջին բեմելն է կատարել. “Ինձ հարցեր էին տալիս ակցենտս ստուգելու համար եւ ասացին, որ ես էլ ընդգրկված եմ ու կխաղամ: Փորձերի ժամանակ չէի հուզվում, իսկ հիմա, երբ այսքան հանդիսատես կա, ոտքերս դողում են: Բայց ամեն ինչ լավ ավարտվեց:)”, - պատմել է տղան:

Երկու գործողությամբ ռուսական ներկայացումը կարող եք դիտել այսօր` փետրվարի 27-ին, մուտքն ազատ է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/   
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին