×


Մարինե Գյուլումյանի եւ ֆրանսիացի ամուսնու սիրո պատմությունը ոգեշնչել է Վինսենթ Բագյանին երգ գրել :)

Երբ տեղեկացա, որ Ֆրանսիայում բնակություն հաստատած Մարինե Գյուլումյանը երկրորդ դստեր լույս աշխարհ գալուց հետո կրկին Երեւան է վերադարձել, առաջարկեցի հանդիպել եւ BRAVO.am-ի համար հարցազրույց իրականացնել: Նա հայտնեց, որ Հայաստան է ժամանել նաեւ իր ընկերներից ծագումով հայ, ծննդով ֆրանսիացի կոմպոզիտոր, երգիչ եւ երգերի տեքստերի հեղինակ Վինսենթ Բագյանը: Երաժիշտների հետ հանդիպեցինք նրանց մեկնելուց մեկ օր առաջ` Կարապի լճի շրջակայքում, սկզբում լուսանկարեցինք, այնուհետեւ բացօթյա սրճարանում Վինսենթը հայերենով մատուցողից սուրճ խնդրեց:): Մեր զրույցը ծավալվեց հենց նրա գործունեության եւ հուզող թեմաների շուրջ:

Մարինե Գյուլումյանը եւ Վինսենթ Բագյանը


1962 թվականի հոկեմբերի 21-ին ծնված Վենսան Փամբակյանը որպես արտիստական անուն-ազգանուն ընտրում է Վինսենթ Բագյանը: Նրա հայրը հայ է, մայրը` ֆրանսիացի: Իր առաջին` “Triste” կոչվող ալբոմը թողարկել է 1991 թվականին: 51-ամյա երաժիշտը նշում է` իրեն ավելի շատ ճանաչում են որպես “Մոցարտ” ռոք-օպերայի հեղինակ, եւ խոստովանում, որ երգերի խոսքեր գրելն իր համար ամենաեկամտաբեր աշխատանքն է:

Վինսենթ. Երկրորդ անգամ եմ Հայաստանում: 2008-ին` առաջին այցիս ժամանակ, իմ կյանքում ծանր շրջան էր, որովհետեւ կորցրել էի լավ վարձատրվող աշխատանքս գովազդային գործակալությունում, ֆինանսական ծանր վիճակում էի, նույնիսկ տունս էի վաճառքի հանել: Կնոջս հետ Կասկադում զբոսնելիս Ֆրանսիայից զանգ ստացա. առաջարկում էին համագործակցել որպես լիբրետոյի հեղինակ, այդպես գրեցի “Մոցարտ” ռոք-օպերան, որն այնքան լավ ընդունվեց, որ բացի Ֆրանսիայից, նաեւ բեմադրվեց ճապոնիայում, Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում: Միայն Ֆրանսիայում մյուզիքլի տոմսերի վաճառքից բավական մեծ գումար էր ստացվել, եւ իմ ֆինանսական վիճակը միանգամից կարգավորվեց: Այո, այդ մեկ մյուզիքլի շնորհիվ իմ ողջ կյանքում ապահովված կլինեմ:):

Վինսենթ Բագյանը եւ Մարինե Գյուլումյանը


“Մոցարտ” ռոք-օպերայից հետո հաջությունն ինձ ժպտաց. առաջարկ ստացա գրել “1789” ռոք-օպերան` նվիրված այդ տարեթվին տեղի ունեցած Ֆրանսիական մեծ հեղափոխությանը: 

Հետաքրքիրն այն է, որ այս այցելության ժամանակ կրկին Կասկադում զանգ ստացա. նոր մյուզիքլի համար գրված տեքստերս մի քանի փուլ անցնելուց հետո հաստատվել են: Հայաստանում ինձ հետ շատ խորհրդավոր բաներ են կատարվում: Օրինակ, մի քանի օր առաջ Մարինեի մայրն ինձ իր նկարած բազմաթիվ կտավները ցույց տվեց, ես էլ ընտրեցի Մարիամ Աստվածածնի եւ նրա գրկում նորածին Քրիստոսի պատկերով կտավը: Նույն օրը “Ֆեյսբուք”-ում անծանոթ մեկն ինձ ընկերության առաջարկ ուղարկեց նման նկարով: 

Ե՛ւ Ֆրանսիան, ե՛ւ Հայաստանն իմ հայրենիքն են: Ինձ համար հայ կամ ֆրանսիացի լինելը տոկոսով չի չափվում. օրինակ, եթե երկու երեխա ունես, չես կարող ասել` ում ես ավելի շատ սիրում:

Մարինե Գյուլումյանը եւ Վինսենթ Բագյանը


Այստեղ շատ եմ հավանել հայկական ամառային տոլման եւ այն ուտեստները, որոնք Մարինեի քույրն էր պատրաստել` թաբուլե, հումուս, բաստուրմա: Հայերեն մի քանի արտահայտություն սովորել եմ` “Բարեւ ձեզ”, “Հաշիվը կբերե՞ք”, “Սուրճ եմ ուզում”, “Խնդրեմ”, մի քանի վատ բառ էլ գիտեմ:): 

Երբ մոտ 6 տարի առաջ հանդիպեցի Մարինեին, մեզ ծանոթացնելիս ասացին, որ կոմպոզիտոր է:  Նրա գործերին բացարձակ ծանոթ չէի, բայց հրավիրեցի, որ ինձ հետ բեմում կատարի “Հինգալա” հայկական ժողովրդական երգը: 

Մարինե. Վինսենթն այդ երգը համերգներին միշտ կատարում է տարբեր արտիստների հետ. առաջին հատվածը հայերեն, երկրորդը` ֆրանսերեն: Մեկ անգամ միասին ներկայացանք. նա բեմից հայտարարեց, որ երգչուհի չեմ, պարզապես համաձայնել եմ հայկական երգը զուգերգով կատարել:

Վինսենթ. Հետո մի օր Մարինեի հետ հանդիպեցինք, որ դաշնամուրով իր գործերից նվագի: Սկզբում ասաց` դաշնակահար չէ, բայց տեսա, թե ինչ լավ է նվագում, նաեւ ինձ հետաքրքրեց նրա ֆոլկլորային հարմոնիաները, որոնք իմ հայկական ակունքներից էին գալիս: Հետաքրքրվեցի, թե հայկական ժամանակակից երգերն ինչ բառեր ունեն, հասկացա, որ տեքստերի մեջ փոփոխության կարիք կա. կարող ես երգել Երեւանի կամ Հայաստանի մասին, բայց խոսքերը չեն կարող այդքան միանման լինել:

Վինսենթ Բագյանը եւ Մարինե Գյուլումյանը


Ես տարօրինակ ու օրինաչափությունից դուրս տեքստերի սիրահար եմ: Օրինակ` երգերիցս մեկը կոչվում է “Այս երեկո աղջիկը ես եմ”: Գրել էի` “Այսօր ես եմ ինձ գեղեցկացնում, եւ դու ես ինձ ցանկանում: Ես կլինեմ շատ նրբաճաշակ, իսկ դու` ավելի տղամարդկային”: Վերջում էլ բողոքում եմ, թե ինչու ես չեմ կինը, որ կարողանայի հղիանալ, զգալ մայրանալու բերկրանքը. երեխային իմ մեջ կրելով` նրան ավելի հարազատ կհամարեի: Այս երգի հիման վրա տեսահոլովակի թողարկումից հետո իմ սեռական կողմնորոշման մասին խոսակցությունների տեղատարափ եղավ, իսկ ես պատասխանում էի, որ երրորդ անգամ եմ ամուսնացել, ամեն կնոջիցս մեկ երեխա ունեմ:): 

Մեկ այլ երգի համար էլ գրել եմ հետեւյալ տողերը.“Ես քեզ չեմ սիրում, դա իմ ուժերից վեր է: Արցունքներդ, հեշտ չէ ասելը, բայց ինձ համար մեկ են”: Շատերը սիրային ուրախ տեքստեր են գրում, կամ էլ.“Ես քեզ սիրում էի, ինչո՞ւ հեռացար եւ ինձ թողեցիր…”: Ինձ դա հետաքրքիր չէ:

Ֆրանսիայում բազմաթիվ արտիստների հետ եմ համագործակցել: Հելեն Սեգարայի հետ երգել ենք “Հինգալան”: Վերջերս իմացանք, որ իմ եւ նրա տատիկ-պապիկների արմատները Մուշից են, նույն ճանապարհով են հասել Ֆրանսիա: Իսկ Պատրիսիա Կաասի հետ առիթ եմ ունեցել համերգային շրջագայության մեկնել: 

Շատ եմ սիրում Մարինեի եւ նրա ամուսնու` Ադրիանի սիրո պատմությունը. շատ յուրահատուկ է, որ ֆրանսիացին սիրահարվում է հայուհու: Նրանք չեն խոսում միեւնույն լեզվով, չեն պատկանում նույն մշակույթին ու բարքերին, բայց ամուսնանում են: Ոգեշնչվեցի եւ նրանց սիրո պատմության մասին օրերս երգի խոսքեր գրեցի:

Մարինե Գյուլումյանը


Մարինե. Կարծում ենք` այդ երգը ֆրանսիացի երգչի ու հայ երգչուհու կատարմամբ կհնչի զուգերգով: Մտքեր ունենք, բայց Ֆրանսիայում կհասկանանք մեր անելիքը: Հիմա ավելի կարեւորում եմ ոչ թե մեծ դիապազոնը կամ տարիների փորձը, այլ բնատուր տաղանդը եւ գրագետ կատարումը. հայ այդպիսի երիտասարդներն ինձ ոգեւորում են:

Վինսենթ. Վերջապես ինձ համար երգ գրելու ժամանակ եմ գտել: Այն տզերի սիրո մասին է: Նրանք հանդիպում ու սիրահարվում են (Թղթի վրա պատկերում է իր մտքերը – հեղ.): Գերեզմանափորի մասին էլ եմ երգ գրել, որը գումար է աշխատում մահացած մարդկանց շնորհիվ: Ցավալի է, բայց նա ուրախանում է, որ մարդիկ մահանում են: 

Մարինե. Արտասովոր մտքեր ունի, որոնք իրենց ենթատեքստն ունեն: Եթե 6-ամյա աղջիկս` Մադլենը, լսի, իր համար նորմալ կթվա, բայց հասուն մարդն այլ բան կհասկանա: Կարծում եմ` Վինսենթի հաջողության գաղտնիքը հենց չխոսվող թեմաների մասին գրելն է: 

Վինսենթ. Չեմ կարծում, թե հատուկ առաքելությամբ եմ ծնվել, ինձ այդ տիզից չեմ տարբերում: Այդպիսի տեքստեր գրելով` հոգեպես թեթեւանում եմ, երեւի հանդիսատեսն էլ` լսելով:

Վինսենթ Բագյանը


Շատ կցանկանամ, որ հայերեն երգերի թեմաներում հեղափոխություն լինի. գուցե սխալվում եմ, բայց չէի ցանկանա, որ կանանց եւ տղամարդկանց միջեւ անջրպետ լինի: Այդ անհավասարությունը նաեւ վերաբերում է ֆինանսական ծայրահեղություններին, օրինակ` Երեւանի փողոցներում շատ թանկարժեք եւ շատ հասարակ մեքենաների հակադրությունն ակնհայտ է: Նաեւ ուզում եմ` մարդիկ ասեն այն, ինչ իրականում մտածում են, ոչ թե մտածեն.“Վայ, այսպես չասեմ կամ այսպես չգրեմ”:

Ֆրանսիա վերադառնալով` ինձ հետ տանում եմ Հայաստանից ստացած տպավորություններս: Այստեղ էի, որ լցվեի դրական էներգիայով: Էջմիածնում, Նորավանքում եւ Խոր Վիրապում ես ստացա այդ կարեւոր հոգեւոր էներգիան: Ինձ հետ տանում եմ հաջորդ անգամ գալու ցանկությունս:): 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին