×


Մերի Մակարյանն առաջին անգամ խոսում է ընտանիքի, կյանքի հարվածների եւ ապագայի մասին

Երիտասարդ դերասանուհի-հաղորդավարուհի Մերի Մակարյանի հետ մեր նոր զրույցը լի է անկեղծությամբ եւ բացահայտումներով: BRAVO.am-ի բացառիկ այս անդրադարձում նա առաջին անգամ խոսում է ընտանիքի, կյանքի հարվածների, հաղթահարած դժվարությունների, երկար փափագած հաջողության ու սպասված սիրո մասին:

Մերի Մակարյանը` մայրիկի հետ


«Հայրս հեռացավ երկրից, երբ ես 11 տարեկան էի... »

Երբեւէ չեմ խոսել ընտանիքիս մասին: Հայրս հեռացավ երկրից, երբ ես 11 տարեկան էի: Դժվարին տարիներ էին, ու նա էլ շատերի պես գնաց օտարության մեջ վաստակելու իր ընտանիքի ապրուստը, բայցեւ շատերի պես չհաջողեց ու … Երբ փոքր էի, սպասում էի նրան: Նրա գնալուց հետո մենք չենք հանդիպել...  Թեեւ մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ հրաշալի մանկություն եմ ունեցել. ինձ սիրել ու պաշտել են:

«Ի՞նչ կանեի առանց մայրիկիս…»


Եթե չլիներ մայրս... Հաճախ եմ մտածում այդ մասին, թե ինչ կանեի առանց նրա: Իմ կայացման հարցում նրա դերն անկրկնելի է: Նա մեծ դժվարություններով իր երեք երեխային մեծացրեց: Միշտ ասում է՝ ոչինչ պատահական չի լինում, Աստված երբեք չի տալիս մարդուն այնքան բեռ, որ նա չկարողանա տանել, միշտ մեզ հետ է եւ հասնում է ճիշտ ժամանակին: Եվ մայրս երբեք չի սխալվում: Նրա խորհուրդները ոչ միշտ եմ ընդունում, ինչի համար հետո ցավում եմ: Երազում եմ՝ դուստրս մայրիկիս նման լինի: Մայրս իմ կյանքի ամենալուսավոր կետն է:

«Երազում էի»


Դեռ մանկուց երազում էի հայտնվել հեռուստատեսությունում ու որեւէ հաղորդում վարել: Առաջին փորձս «Կենտրոն»-ի եթերում եղավ. մանկական հաղորդում էր: Հեռուստաալիքի տնօրինությունը փոխվեց, ծրագիրն էլ փակվեց, բայց ես հասցրի հասկանալ, որ հեռուստատեսային աշխարհն իմն է:

Մերի Մակարյանը


«Լուրջ չէին վերաբերվում, բայց համառեցի ու…»

Մինչ նոր հաղորդում սկսելը, Հ2-ի տնօրեն Սամվել Մայրապետյանը չգիտեր` ինձ որտեղ տեղավորել, եւ «Պարադիզ» գովազդային գործակալությունում ժամանակավոր ընդունվեցի աշխատանքի` որպես գովազդներ հնչյունավորող: Այդ ժամանակ 17 տարեկան էի: Սկզբում պրոֆեսիոնալները լուրջ չէին վերաբերվում, գովազդատուներն էլ նույնիսկ հետ էին ուղարկում իմ ձայնով հոլովակները, բայց այդ անգամ ես լսեցի մայրիկիս ու համառեցի: Եվ եկավ մի շրջան, երբ իմ ձայնը համարվեց բացառիկ եւ դարձավ ամենապահանջվածը: Կնքել եմ պայմանագրեր գովազդային մի շարք գործակալությունների հետ ու հպարտությամբ կարող եմ ասել, որ Երեւանի մետրոյում եւս այսօր հնչում է իմ ձայնը:

«Հասկացա, որ ընդունակ եմ ավելիին»

Իմացա, որ Հ2-ը հաղորդավարների մրցույթ է հայտարարել, մասնակցեցի եւ ընդամենը մեկշաբաթյա փորձից հետո սկսեցի աշխատել ուղիղ եթերում՝ վարելով «Օդից փող» հաղորդումը: Մոտ 6-7 ամիս աշխատելուց հետո հասկացա, որ ընդունակ եմ ավելիին եւ կարող եմ առաջ շարժվել: «Շանթ»-ի առավոտյան ծրագրի համար հաղորդավարների մրցույթ էր հայտարարված, մասնակցեցի: Երբեք չեմ մոռանա, որ հենց Ավետ Բարսեղյանն էր ասել տնօրինությանը`«ընտրեք այս աղջկան, որովհետեւ ես նրա մեջ լույս ու արեւ եմ տեսնում»: Այդպես սկսվեց հեռուստահաղորդավարի իմ կարիերան:
 
«Գուցե այլեւս չկարողանամ այդպես փայլել»

«Արմենիա»-ից առաջարկ ստացա վարել «Բարի լույս, հայեր» ծրագիրը: Անկեղծ ասած`  համաձայնեցի մի քիչ վախվորած: Դժվար էր թիմ փոխելը, բայց «Շանթ»-ում ծրագիրը փակվեց, ու ես որոշեցի ռիսկի դիմել: Սկզբնական շրջանում շատ դժվարություններ եղան, որոնք, իհարկե, հաղթահարեցի: Հենց այդ ժամանակ էր, երբ առաջարկ եղավ նկարահանվել Դիանա Գրիգորյանի «Դժվար ապրուստ» սերիալում, եւ սկսվեց իմ դերասանական ուղին ու ճանաչումը: Գուցե այլեւս չկարողանամ որեւէ դերում այդպես փայլել, ինչպես «Դժվար ապրուստ»-ում: Բազմաթիվ մարդկանց փաստմամբ՝  ես իսկապես հրաշալի եմ կերտել իմ կերպարը:

Մերի Մակարյանը


«Խոսակցությունները թեժացան եւ շարունակվում են»

 «Դժվար ապրուստ»-ի շնորհիվ ճանաչում ձեռք բերեցի, եւ մարդիկ սկսեցին քննարկել ու քննադատել ինձ: Կերտում էի բացասական կերպար, թեեւ, ըստ իս, այն այդքան էլ բացասական չէր: Մարդիկ բաժանվել էին երկու խմբի՝ ինձ սիրողների ու չսիրողների: Սերիալի ավարտին խոսակցություններն էլ ավելի թեժացան եւ շարունակվում են մինչ օրս: Առերս իմ հասցեին տհաճ խոսքեր չեմ լսել, բայց հաճախ եմ համացանցում մեկնաբանություններ կարդում:  Ինչ արած, դժվար է հայ հեռուստադիտողի հետ, երբ կերպարն ու դերասանին նույնացնում են:

«Վաստակում եմ այնքան, որքան…»

Ծանոթացա շոումեն Սամվել Գրիգորյանի հետ, ով ինձ շատ օգնեց: Սկսեցի նրա հետ վարել տարբեր միջոցառումներ: Այդպես սկսեցի ավելի շատ վաստակել: Նա ինձ շատ է օգնել, բայց դա արել է որպես ընկեր. մեր միջեւ այլ որեւէ հարաբերություն չի եղել, չնայած` այդ թեման էլ քննարկվեց համացանցում: Բնական է՝ մարդիկ պետք է խոսեն. մի աղջիկ պատահական հայտնվեց էկրաններին, դարձավ հայտնի: Բայց այն, ինչ ունեմ այսօր, իմ զօրուգիշեր տքնաջան աշխատանքի արդյունքն է: Մեծ կարողություն չունեմ. վաստակում եմ այնքան, որքան ինձ պետք է:

«Ուզում եմ հանդիպել Քիմին»

Շատ է քննարկվում, թե նման եմ Քիմ Քարդաշյանին: Գովազդային ցուցանակի համար արված իմ լուսանկարներից մեկն արտերկրի մեր հայրենակիցները տեսել են ու բացականչել` «Աման, Քիմ Քարդաշյանի՞ն եք հրավիրել»: Ես ինձ չեմ նմանեցնում, թեեւ ընդհանրություններ կան արտաքինում: Միայն ուրախ եմ, որ ինձ նմանեցնում են Քիմին: Նա կարողացել է իր ոչ ստանդարտ կազմվածքով գրավել ամբողջ աշխարհը: Ուզում եմ հանդիպել նրան, եւ գուցե իրականանա ցանկությունս, քանի որ նման ծրագիր կա, որի փակագծերը դեռեւս չեմ բացի:
 

Մերի Մակարյանը


«Երբեք չեմ կորցրել իմ տեսակը»

Ես սկանդալային չեմ ու երբեւէ դրան չեմ էլ ձգտել: Երբեք չեմ կորցրել իմ տեսակը: Հավատացեք, ես ի զորու չեմ անցնել մարդկանց վրայով հանուն դերի ու մրցանակի: Իմ կյանքում բախվել եմ այնպիսիններին, ովքեր հանուն փառքի կարող են երես թեքել մարդուց, որի հետ հաց են կիսել, ում երեսին ժպտացել են ու համարել շատ մտերիմ:

«Առայժմ չեմ պատրաստվում լքել Հայաստանը»

Այժմ նկարահանվում եմ «Առաջնորդները» սերիալում, աշխատում եմ երեւանյան ակումբներից մեկում, առջեւում «Վեցերորդ զգայարան» հաղորդաշարի 4-րդ եթերաշրջանն է, մեկ այլ նախագծում եւս հանդես կգամ, փետրվարին էլ սպասվում է իմ մասնակցությամբ «Զգուշացեք կանայք են» ֆիլմի պրեմիերան: Այնպես որ, գերզբաղված եմ, եւ քանի որ իմ աշխատանքում շատ պատասխանատու եմ, առայժմ չեմ պատրաստվում լքել Հայաստանը:

«Սպասում եմ իմ միակին»

Այսօր պատրաստ եմ փակել կյանքիս այս շրջանի դուռը, բանալին դեն նետել ու բացել նոր կյանքի դուռ: Ես գոհանում եմ այն ամենով, ինչին հասել եմ իմ տարիքում. հասցրել եմ ճանաչվել, սիրվել ու ինքնուրույն վաստակել: Ինչպես այս աշխարհում յուրաքանչյուրը, ով չի կորցրել երջանիկ լինելու երազանքը, ես սպասում եմ իմ միակին: Հավատում եմ իմ սպասածին ու սպասում եմ իմ հավատացածին:

Տեքստը՝ Ժենի Քոչարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Մերի Մակարյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին