×


Միքայել Ոսկանյան.«Չորս տարվա ամուսիններ ենք եւ սպասում ենք այդ օրվան»

Հայկական մեղեդիներն իր խմբով Հայաստանում եւ արտերկրում ներկայացնող երաժիշտ Միքայել Ոսկանյանը BRAVO.am-ին հայտնել է, որ հունվարին կծնվի իր առաջին երեխան.«Կինս իրեն լավ է զգում, միասին մեր որդու անվան տարբերակներ ենք քննարկում` օր օրի ցանկը փոքրացնելով, եւ արդեն գնումներ ենք անում։ Չորս տարվա ամուսիններ ենք եւ գիտակցված սպասում ենք այդ օրվան»։

Միքայել Ոսկանյանը` կնոջ հետ


Թառահարն իր «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» էթնո-ջազ բենդի երաժիշտների հետ օրերս է վերադարձել Երեւան: Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում նրանք ելույթ են ունեցել Բեռլինում, Յենայում եւ Վարշավայում.«Հիմնականում նվագել ենք նույն երաժշտական ծրագիրը՝ որոշակի փոփոխություններով։ Յենայում համերգ նախատեսված չէր, բայց քաղաքապետը, հետաքրքրվելով մեր խմբով, հրավիրեց նվագելու»:

Լեհաստանում ելույթ են ունեցել Վարշավայի թագավորական ամրոց-թանգարանի արցախյան գորգերի ցուցասրահում.«Հայ ամուսինների արժեքավոր եւ մեծ հավաքածուն մշտական ցուցադրության է դրված թանգարանում։ Համերգին ներկաների մեծ մասը եվրոպացիներ էին»։

Միքայել Ոսկանյանն իր խմբի հետ ելույթ է ունեցել Վարշավայում


30-ամյա թառահարն այս տարվա ընթացքում նվագել է նաեւ Խորվաթիայում, Արաբական Էմիրություններում, Ռուսաստանում, առաջիկայում ընկերների հետ կմասնակցի Ստամբուլում կայանալիք երաժշտական միջազգային փառատոնի. «Հիմա մասնակցում ենք «Yamaha»-ի հայտարարած մրցույթին. եթե մեր տեսանյութը հաղթի, մեզ շրջագայություն է սպասվում Ճապոնիայում։ Նաեւ հրավեր ունենք ԱՄՆ-ից ու Կանադայից, որոնք դեռ վերջնական հաստատված չեն»։

Հաճախ ճամփորդելով՝  Միքայելը չի մոռանում վերցնել իր նոթատետրը, որում հաճախ նշումներ է անում.«Սիրում եմ գրել գրիչով, իմ անբաժան իրերից մեկն է։ Կինս` Լուսինը, խմբի հանրային կապերի պատասխանատուն է, սովորաբար, մեզ հետ ճամփորդում է, բայց հիմա հարգելի պատճառով չի գալիս»։

BRAVO.am
Լուսանկարները` Միքայել Ոսկանյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին