×


Միքայել Պողոսյանը “Thank You, հայրիկ” ֆիլմում Քիմ Քարդաշյանին նկարելու \"ախորժակ\" է ունեցել :)

“Thank You, հայրիկ” գեղարվեստական նոր ֆիլմը երեկվանից մայրաքաղաքի կինոթատրոններում է: Առաջին ցուցադրությանը ներկա է եղել ինչպես լիրիկական կատակերգության ստեղծագործական կազմը, այնպես էլ հանրահայտ այլ հյուրեր, որոնց կտեսնեք BRAVO.am-ի ֆոտոշարքում:

Լեւոն Հարությունյանը, Քրիստա Դոնարգոն, Միքայել Պողոսյանը, Լուիզա Ղամբարյանը եւ Վիգեն Ստեփանյանը


Ընտանիքի, սիրո, հավատարմության, ընկերության եւ սեփական արմատները պահպանելու մասին պատմությունը ներկայացնում են Միքայել Պողոսյանը, Քրիստա Դոնարգոն(Միացյալ Նահանգներ), Երվանդ Մուրյանը(Ֆրանսիա), Լուիզա Ղամբարյանը, Վիգեն Ստեփանյանը, Աշոտ Տեր-Մաթեւոսյանը, Լեւոն Հարությունյանը, Սուրեն Թումասյանը, Գեորգի Հովակիմյանը եւ այլ դերասաններ:

“Thank You, հայրիկ”-ի բեմադրող ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը, ֆիլմում իրենց մասնակցությունն ունեն “Մարաթուկ” եւ “Սասուն” ազգային երգի եւ պարի համույթները: Նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում եւ Նյու Յորքում:

Ռեժիսոր Հրաչ Քեշիշյանը


Պրոդյուսեր եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյան. Ֆիլմի գաղափարն իմն է:  Վիգեն Ստեփանյանին առաջարկեցի միասին աշխատել, եւ սկսեցինք գրել սցենարը: Ի սկզբանե ամերուկուհու դերում Քիմ Քարդաշյանին նկարելու "ախորժակ" ունեինք, բայց նա այդ ժամանակ հղի էր, եւ երկար փնտրումներից հետո գտանք Նյու Յորքում ապրող Քրիստային, որի դերը հաստատել ենք “Skype”-ով: Ֆիլմի ասելիքը շատ պարզ է` ուզում ենք մեր արմատները չկորցնել. աշխարհասփյուռ հայության համար սա շատ կարեւոր խնդիր է:

Բեմադրող ռեժիսոր Հրաչ Քեշիշյան. Ֆիլմն իր յուրահատուկ գույնն ունի: Կան տեսարաններ, որոնք մենք անվանում ենք օպերատորի կամ նկարչի անունով: Կատակերգության միջոցով որոշակի անդրադարձ ենք կատարել Հայոց ցեղասպանությանը: Թիմային աշխատանքի շնորհիվ նկարահանել ենք մեր պատկերացրած կատակերգությունը, թեեւ որեւէ ստեղծագործություն 100 տոկոսով ավարտուն չի լինում. միշտ կատարելագործվելու տեղ կա:

Լուիզա Ղամբարյանը, Վիգեն Ստեփանյանը եւ Լեւոն Հարությունյանը


Սցենարի համահեղինակ եւ դերասան Վիգեն Ստեփանյան. Չէի ասի, թե Միքայելի հետ ջան ասելով ու լսելով ենք գրել սցենարը: Քաղաքի աղմուկից կտրվելու համար հեռախոսներն անջատեցինք ու Աղվերան գնացինք: Բանավեճերից հետո գտնում էինք սյուժեի զարգացման ելքը ու բաժակները լցնում:): Այնքան ծավալուն ենք գրել, որ երկու սցենարի նյութ էլ ունենք: Ինձ համար ամենատպավորիչ տեսարանը Քրիստայի` հայերենով ելույթն է. տղամարդ հալով չկարողացա չհուզվել:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյան. Մոտ մեկ տարի առաջ մեկ այլ ֆիլմի նկարահանման հրապարակում հանդիպեցի Միքայելին, զրույցի ընթացքում նա առաջարկեց “Thank You, հայրիկ”-ի կազմում ընդգրկվել, ես էլ համաձայնեցի: Շատ եմ սիրում մարմնավորածս կերպարը. գյուղացի կին է` միամիտ, մաքուր, ընտանիքը սիրող ու պահպանող: Նկարահանումների ընթացքում ինձ համար էլ դասեր քաղեցի ու սովորեցի պահածոյացնել որոշակի մթերքներ:):

Աշոտ Տեր-Մաթեւոսյանը եւ Քրիստա Դոնարգոն


Դերասանուհի Քրիստա Դոնարգո. Իտալացի եմ, հայկական արյուն իմ երակներով չի հոսում, բայց այստեղ մարդիկ այնքան բարեհամբույր են, որ ինձ շատ լավ եմ զգում: Հայ ընկերներ ունեմ, հաջորդ քայլը ձեր լեզուն սովորելն է. մի քանի բառ գիտեմ: Շփվելով հայ տղամարդկանց հետ` կարող եմ ասել, որ ջենթլմեն են. չէին թողնում ծանր իրեր տեղաշարժել: Սիրով կրկին կվերադառնամ Հայաստան:

“Thank You, հայրիկ” ֆիլմի գլխավոր օպերատորն Արթուր Ղարայանն է, նկարիչը` Արմեն Ղազարյան, կոմպոզիտորը` Վահագն Հակոբյանը: Այն նկարահանել են “Team production”-ը, “Mass Media” ընկերությունը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ “ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ”-ը: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի/BRAVO.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW