×


\"Եթե բոլորը...” ֆիլմը խաղաղության մասին է

“Ցանկացած պատերազմ վաղ թե ուշ ավարտվում է, իսկ հետո սկսվում է … Խաղաղությունը… Խաղաղ աշխարհ, որտեղ մենք բոլորս ապրում ենք… Ոմանք` անցյալի հուշերով, ոմանք` ապագայի երազանքներով…. Իսկ ոմանք էլ, վերադառնալով անցյալ, վերածնվում են ներկայում...”:

Վահագն Սիմոնյանն ու Եկատերինա Շիտովան “Եթե բոլորը…” ֆիլմի նկարահանումներին


Հունվարի 27-ին մեծ էկրան կբարձրանա “Թիմ” փրոդաքշնի եւ Ազգային կինոկենտրոնի` ՀՀ անկախության եւ բանակի ստեղծման 20-ամյակին նվիրված ”Եթե բոլորը...” ֆիլմը, որը ստեղծվել է ՀՀ նախագահի բարձր հովհանու ներքո, ԼՂՀ նախագահի,  ՀՀ պաշտպանության եւ մշակույթի նախարարությունների աջակցությամբ:

Բեմադրող ռեժիսորը Նատալյա Բելյաուսկենեն  է, գլխավոր պրոդյուսերը` Միքայել Պողոսյանը: Ֆիլմում   հանդես են գալիս Միքայել Պողոսյանը, Եկատերինա Շիտովան, Վահագն Սիմոնյանը, Մհեր Լեւոնյանը, Կարեն Ջանգիրովը եւ այլ դերասաններ:

“Պատմությունը ես հորինեցի, որը շատ ճշգրիտ է. կարող էր նման պատմություն տեղի ունենալ այդ պատերազմի ընթացքում: Այն գրել եմ Թերեզա Վարժապետյանի հետ”,- BRAVO.am-ին ասել է ֆիլմի գաղափարակիր,  պրոդյուսեր, սցենարի համահեղինակ եւ գլխավոր դերակատար Միքայել Պողոսյանը:
 

Դերասանուհի Եկատերինա Շիտովան


“Եթե բոլորը…” ֆիլմում հերոսուհու հայրը ռուս զինվոր Ալեքսանդր Մասլեննիկովն է, որը  զոհվել է Արցախյան պատերազմի ժամանակ` պաշտպանելով իր կնոջ հայրենիքը: Քսան տարի անց Ալեքսանդրի աղջիկը գալիս է հոր գերեզմանի վրա ծառ տնկելու, գտնում է հոր ընկերներին, փորձում են իրականացնել  նրա ցանկությունը, բայց պարզվում է, որ այդ գերեզմանը մնացել է սահմանից այն կողմ...

Միքայել Պողոսյանի փոխանցմամբ`  Արցախյան ազատամարտի մասին պատմող ֆիլմում շեշտադրվել է խաղաղությունը. “Այն պատերազմյան պատմություն է, բայց խաղաղության մասին, որը մենք շատ թանկ գնով ենք ձեռք բերել: Մինչ օրս շատերի համար պատերազմը դեռ չի վերջացել. սա  անդրադարձ է այն օրերին, այն մարդկանց, որոնք մինչ օրս ապրում եմ մեր կողքին, արարում, բայց պատերազմի արձագանքը մինչեւ կյանքի վերջ, իմ կարծիքով, իրենց կհետապնդի”:
 

Միքայել Պողոսյանն ու Եկատերինա Շիտովան “Եթե բոլորը…” ֆիլմի նկարահանումներին


Ինչպես նշել է պրոդյուսերը, ֆիլմը Երեւանից բացի կցուցադրվի Ստեփանակերտում, Մոսկվայում, հավանականություն կա, որ այն կմասնակցի նաեւ փառատոնների: Նկարահանումների 70 տոկոսը կատարվել են  Արցախում,  30-ը` Երեւանում:

Խոսելով ֆիլմի անվան ընտրության մասին` սցենարի համահեղինակը նշել է, որ այն լայն իմաստ է  պարունակում. “Եթե բոլորը... Մենք այն իրավիճակում ենք, որ կարեւոր կետերում բոլորս պետք է մեկ լինենք...”:

Տեքստը` Սիրանուշ Եղիազարյանի /Bravo.am/
Լուսանկարները` “Եթե բոլորը...” ֆիլմի ստեղծագործական կազմի

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին