×


Մովսեսի եւ Աննայի խոստովանություններն ու նոր ֆոտոշարքը

23-ամյա դերասան Մովսես Երեմյանի համար 2015 թվականը անձնական հաջողություններով լի էր. նրա ընտրյալը՝  պարուհի Աննան, Միացյալ Նահանգներից վերադարձավ Հայաստան, եւ նոյեմբերին նշանադրվեցին։ Տոնական օրերին BRAVO.am-ը լուսանկարել է գեղեցիկ զույգին «Սանտայի տանը» եւ զրուցել Նոր տարվա թոհուբոհի ու առաջիկա պլանների մասին։

Մովսես Երեմյանը` նշանածի հետ


Մովսես. Ամանորից առաջ “Ուրիշի ոգին” սերիալի նկարահանումներին էի, ազատ ժամանակ էլ սիրելիիս հետ գնումներ էինք կատարում, հագուստ ու նվերներ ընտրում։ Մի տեսակ նկատում էի, որ տոնական տրամադրություն չկա. մարդիկ տխուր ու ծանրաբեռնված առեւտուր էին անում, որ առատ սեղաններով դիմավորեն տարին։ Իմ ու Աննայի առաջին Ամանորն էր, որ միասին ենք անցկացրել։ Մեր ընտանիքների հետ քաղաքից դուրս դիմավորեցինք, հետո էլ Երեւանում ընկերների հետ նշեցինք։

Աննա. Ուրախ եմ, որ վերադարձել եմ Հայաստան։ Ընտանիքս այստեղ է, ես գրեթե ութ տարի ապրել եմ Միացյալ Նահանգներում` տատիկիս մոտ։ Նյու Յորքում ավարտել եմ ուսումնական կենտրոններից մեկի դերասանական բաժինը, ուժերս փորձել եմ թատրոնում, նաեւ նկարվել գովազդային հոլովակներում։ Աշխատանքային նպատակներս Հայաստանի հետ չեմ կապում, ավելին ասեմ` Մովսեսն այնպես է անում, որ այստեղ ինձ դերեր չառաջարկեն:)։

Մովսես. Լինելով այս ասպարեզի ներքին խոհանոցում՝ կարծում եմ՝ Աննան բնույթով այնպիսին է, որ իրեն լավ չի զգա։ Բայց ընդհանրապես դեմ չեմ իր դերասանական կարիերային, եթե դեմ լինեի, կյանքս չէի փորձի իր հետ կապել։ Կարծում եմ՝ 2016-ը մեր տարին է լինելու, առաջին փուլում հարսանիքն է. որոշել ենք ամուսնանալ ապրիլին, առայժմ կբնակվենք Երեւանում, իսկ թե հետագայում որտեղ կապրենք, ժամանակը ցույց կտա:

Մովսեսն ու Աննան ապրիլին կամուսնանան


Աննա. Նախորդ տարին էլ մեզ համար որոշիչ ու հաջողակ էր։ Երբ նշանադրության օրը որոշեցինք, դեռ չէինք գիտակցում, որ այն այդքան մոտ է, շատ արագ` երկու շաբաթում, ամեն ինչ կազմակերպեցինք։ Հարսանիքն էլ մեր մտահղացումներով կիրականացնենք։

Մովսես. Իմ համակուրսեցի Գեւորգ Սիրեկանյանը մեր սիրո պատմությանը նվիրված երգ է գրել, որը կոչվում է «Փոխեցիր էությունս»։ Նշանդրեքին առաջին անգամ կատարեց, որի ժամանակ էլ մենք պարեցինք։ Երգի բառերը մեզ են բնութագրում, հանուն իրար մենք փոխվել ենք, երկուսս էլ զիջում ենք ու հարմարվում։

Աննա. Այո, համեմատելով մեր սկզբնական հարաբերությունները ներկայի հետ` ահռելի տարբերություն կա: Երկուսս էլ բարդ բնավորություն ունենք, բայց շատ ենք իրար զիջում, այլապես միասին չէինք լինի։ Ոչ թե փորձել եմ Մովսեսին փոխել, այլ, օրինակ, երկար ժամանակ պայքարել եմ, որ չուշանա, պարտաճանաչ լինի։

Մովսեսն ու Աննան ապրիլին կամուսնանան


Մովսես. Մեր սերը փուլեր է անցել, դրա համար էլ վստահ ենք մեր որոշման հարցում։ Մարդիկ տարբեր մեկնաբանություններ են գրում, բայց այլեւս չեմ կարդում, երբ ընկերներս էլ փոխանցում են, նյարդայնանում եմ։ Մեզ չենք ծանրաբեռնում ուրիշների կարծիքներով, ովքեր իրենց քիթը մտցնում են մեր անձնականի մեջ։

Աննա. Երբ իմ ու Մոսոյի լուսանկարները տեղադրեցինք, սկսեցին քննարկումները, սկզբում հետեւում էի արձագանքներին, բայց նրա խորհրդով դադարեցի կարդալ։ Երբ նոր էինք միասին որեւէ տեղ գնում, անսովոր էր անծանոթների ուշադրության կենտրոնում հայտնվելը, բայց արդեն երկու տարի միասին ենք, սովորական է դարձել։

Մովսես. Մենք բոլորին մաղթում ենք առողջություն, ուրախության շատ առիթներ։ Խնդիրներին շատ լուրջ մի վերաբերվեք, ամեն ինչի լուծումն էլ կա, ու ձեր կյանքը մի բարդացրեք:

Աննա. Ես էլ ցանկանում եմ, որ բոլորը դրական լինեն, դրա կարիքն իսկապես զգացվում է, ավելի շատ ժպտան ու միմյանց բարին կամենան:)։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/BRAVO.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին