×


Մովսես Երեմյան.«Միմյանց կորցնելու վախ կա միշտ»

Մովսես եւ Աննա զույգը պատահական հանդիպեց 4 տարի առաջ, թեեւ ասում են, որ կյանքում պատահական հանդիպումներ չեն լինում: Սկզբնական շրջանում ուղղակի ընկերություն էին անում, hետո հասկացան, որ միմյանց հանդեպ անտարբեր չեն: Զգացմունքն այնքան մեծ էր, որ որոշեցինք ամուսնանալ: Ուսումը շարունակելու համար Աննան դարձյալ մեկնեց Միացյալ Նահանգներ, վերադարձին հաջորդեց նշանադրությունը, այնուհետեւ` հարսանիքը: Երիտասարդ ամուսինները լուսանկարվել են BRAVO.am-ի համար եւ պատմել, թե ինչպիսին են պատկերացնում իրենց ընտանիքը տարիներ անց:

Մովսես Երեմյանը` կնոջ հետ


Աննա. Խանդի տեսարաններ մեր միջեւ երբեք չեն եղել: Շատ եմ վստահում նրան: Հեռավորությունն ավելի մեծ փորձություն էր մեզ համար, որը հաղթահարեցինք: Միմյանց շատ լավ ենք հասկանում:

Մովսես. Միմյանց կորցնելու վախ կա միշտ եւ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ կա մեր սերը: Այո, մեր սերը փորձությունների միջով է անցել ու դեռ կանցնի, չէ՞ որ կյանքն ինքնին փորձություն է:

Աննա. Այդուհանդերձ, կարող ենք ասել, որ մեր զգացմունքն ավելի է ամրացել ու աստիճանաբար ավելի կամրանա:

Ապրիլին զույգը կնշի ամուսնության մեկամյակը: Համատեղ կյանքի մեկամսյակը եւ նման այլ ամսաթվեր չեն նշանավորել. անիմաստ են համարում: Երկուսով ապրելով` փորձում են իրենց ամեն օրը տոն դարձնել:

Մովսես.
Դեռ չենք որոշել` ինչպես, բայց կնշենք 1-ամյակը: Չէ՞ որ առաջին տարին կարեւոր է. համոզվում ես` ճիշտ որոշում ես կայացրել:

Աննա.
Ունենք մեկ օր, որ միշտ նշում ենք: Դա հունիսի 21-ն է, երբ առաջին անգամ տեսանք իրար:

Մովսես Երեմյանը` կնոջ հետ


Փոփոխությունների մասին

Աննա.
Ամուսնությունն, իսկապես, փոխել է ինձ. ավելի զիջող եմ դարձել:

Մովսես. Առօրյայից սկսած` փոխվել է ամեն ինչ: Ամուսնությունից հետո շատ ավելի պատասխանատու ես դառնում, փորձում ես ավելի հավասարակշռված լինել: Ամուսնությունը խաղուպար չէ:

Նվերների մասին

Աննա.
Ամուսինս նվերներ անում է, բայց ամենակարեւոր առիթներին: Չի դարձնում հասարակ երեւույթ: Զույգեր կան, որ ամեն մի փոքր առիթը տոնում են, միմյանց նվերներ անում ու խորհուրդն արժեզրկում: Մեր դեպքում այլ է, ամեն քայլ իր իմաստն ունի: Մովսեսը սիրում է նվերներ մատուցել եւ դա անում է գեղեցիկ:

Մովսես.
Աննան էլ սիրում է անկնկալներ անել: Այն կարող է լինել հետաքրքիր ուտեստի կամ հետաքրքիր որեւէ վայր հրավիրելու տեսքով:

Վեճերի մասին

Մովսես.
Անհամաձայնություններ, բնականաբար, լինում են: Վեճերը ցանկացած ընտանիքի բնորոշ են: Հետո հիշելիս կարող ենք ծիծաղել դրանց վրա: Իմ նեղացած վիճակը կես ժամ է տեւում, Աննայի մոտ` ավելի երկար: Հաշտության առաջին քայլը տարբեր է լինում. միմյանց ընդառաջ ենք գնում: Սեր էլ ենք խոստովանում, բայց ոչ այնքան հաճախ, որ հասարակ ու սովորական դառնա:

Մովսես Երեմյանը` կնոջ հետ


Աննա. Շատ հեշտ է լինել Մովսեսի կինը: Հպարտանում եմ իմ ամուսնով: Սիրում եմ իր հանդիսատեսին, երկրպագուներին. բոլոր նրանց, ովքեր սիրում են իրեն:
Մովսես. Միշտ անլուրջ եմ վերաբերվել մեր հասցեին հնչող անիմաստ ու տգեղ մեկնաբանություններին: Այն ժամանակ փորձում էինք դրանք սրտին մոտ չընդունել, հիմա արդեն չենք էլ կարդում:

Ծնողներ դառնալու ցանկություն

Մովսես. Բալիկի ծնունդ դեռ չի սպասվում, սակայն ավելի առաջ նայելով` ընտանիքս տեսնում եմ համալրված. թե ինչպես ենք զբաղվում մեր սիրելի աշխատանքով եւ դաստիարակում երեխային կամ երեխաներին: Այդ ամենի համար շատ ամուր հիմքեր ենք ստեղծում հիմա: Լավատեսորեն ենք տրամադրված, բոլորին էլ ցանկանաում ենք, որ սիրեն ու սիրվեն:

Մովսես Երեմյանը` կնոջ հետ


Աշխատանքային

Մովսես.
Բազմիցս նշել եմ, որ ճիշտ եմ համարում ժամանակ առ ժամանակ դադար վերցնել: Կարծում եմ` այնքան էլ ճիշտ չէ մի քանի տարի անընդմեջ լինել էկրանին: Հոգնում են թե՛ հեռուստադիտողը, թե՛ դերասանը: Չեմ ուզում փակագծերը բացել, բայց շուտով հեռուստադիտողը ինձ կտեսնի նոր նախագծում:

Աննա.
Ես եւ Մովսեսը նույն աշխատանքային ընթացքի մեջ ենք, որի արդյունքը շուտով հեռուստադիտողը կտեսնի:

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները`Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է «Luminarium» խանութ-սրահում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին