×


Մովսես Նիկողոսյանը` դատվելու պատճառի եւ այն մասին, թե ինչու է ներողություն խնդրում ընկերուհուց

BRAVO.am-ն առաջինն է պատմել, որ «Քաղաքում» սերիալից հայտնի Մովսես Նիկողոսյանը տեւական ժամանակ անազատության մեջ է եղել: Դերասանի դատվածության մասին հրապարակումներ եղել են, սակայն քչերին է հայտնի` իրականում ինչու է նա դատապարտվել: Մեզ հետ նոր զրույցում Մովսեսն առաջին անգամ խոսել է երեք տարուց ավելի ազատազրկված լինելու պատճառի, 2017-ի ամենակարեւոր իրադարձության եւ սերիալային նոր առաջարկի մասին:

«Ոչ ոք չի տուժել»

Հաճախ եմ հարցեր լսում, թե ինչու եմ դատապարտվել: Ուզում եմ անպայման շեշտել, որ իմ կատարած հանցանքի պատճառով ոչ ոք չի վնասվել, ոչ մեկը չի տուժել. դատապարտվել եմ սահմանադրական կարեւոր պարտականությունս խախտելու հետեւանքով, որի համար ունեցել եմ լուրջ պատճառներ:

«Կարմիր բլուր» սերիալի նկարահանումներին


« … որ ինքս ինձ հետ առանձնանամ»

2017 թվականը, ինչպես նաեւ նախորդ երեք տարին, ինքս ինձ հետ մնալու հնարավորություն տվեցին: Գիտեք, գալիս է նման պահ, երբ ցանկանում ես ինչ-որ բան փոխել քո կյանքում, հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ, կիսատ է եւ բնական հունով չի ընթանում: Իմ կյանքում հենց այդ պահն էր, շատ հարցերի պատասխաններ չէի կարողանում գտնել, ինձ ինչ-որ բան տանջում էր: Այնպես չէ, որ կանխատեսված էր կամ ես մտադրված գնացի դրան, որ ինքս ինձ հետ առանձնանամ: Հանկարծակի եղավ, բայց հասկացա, որ այն ժամանակահատվածն է, երբ պետք է գտնեմ ինձ հուզող հարցերի պատասխանները եւ, փառք իմ Աստծուն, գտա: Գտա, գրի առա, դարձավ մի ամբողջական գիրք, որն առաջիկայում կտպագրվի եւ ֆիլմ կդառնա: Այնտեղ ես գտա մարդու իրական նշանակությունն այս կյանքում, մարդկային փոխհարաբերությունների տարբերակներն ու տարբերությունները, շատ-շատ հարցերի պատասխաններ: Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ եթե մարդ գտնվում է անազատության մեջ, դա դեռ չի նշանակում, որ նա հանցագործ է ու ոչ ոքի պետք չէ: Ոչ, հանցագործ է նա, ով չի կատարում Աստծո կամքը եւ չի ապրում նրա կանոններով, այսինքն` այսօր մեր կողքին ապրում են շատ հանցագործներ: Կարեւորում եմ մարդուն իր տեսակով` անկախ նրա ապրելակերպից ու գործունեությունից, այսօր անազատության մեջ գտնվող շատ ընկերներ ունեմ, ովքեր իրենց տեսակով գերազանցում են շատերին, ովքեր դրսում են ու մեր կողքին:

«Շատերը կարծում են՝ նման էի Կարբիտի կերպարին»

Նկարահանումների առաջարկները մինչ այս մերժում էի, քանի որ ավելի կարեւոր եւ անավարտ գործեր ունեի, նաեւ դեռ պատրաստ չէի այդ պատասխանատու գործին: Ելենա Արշակյանի նոր՝ «Կարմիր բլուր» սերիալում խաղալու առաջարկն ընդունեցի, որ մարդիկ ինձ տեսնեն նոր կերպարով, քանի որ շատերը կարծում են՝ «Քաղաքում»  սերիալում նկարահանվել եմ, որովհետեւ նման էի Կարբիտի կերպարին, եւ որ դերասանական կրթություն ու այս ոլորտի հետ կապ չունեմ: Պատճառներից մեկն էլ այն էր, որ այս դերը մեծ զբաղվածություն չէր պահանջում. մի քանի սերիա հետո փոխվում է ողջ դերասանական կազմը: Գլխավոր պատճառներից էր նաեւ այն, որ պետք է աշխատեի Ելենա Արշակյանի հետ. նրա ջերմեռանդ գործունեության եւ տաղանդի մասին միայն լսել էի, ուրախ եմ, որ նաեւ աշխատելու հնարավորություն ունեցա:

«Կարմիր բլուր» սերիալի նկարահանումներին


«Մեծ նշանակություն կունենա Սամվել Սարգսյանի կարծիքը»

Սերիալում մարմնավորում եմ Սամվել Սարգսյանի երիտասարդությունը: Խաղաոճն ինքնին բարդ էր, քանի որ հոգեվիճակին, որին փորձում էի անցնել, գումարվեց նաեւ նմանակման ընթացքը: Ինձ համար մեծ նշանակություն կունենա հենց Սամվել Սարգսյանի կարծիքը, որովհետեւ նրան` որպես մեծ դերասանի, միշտ գնահատել եմ եւ վստահ կարող եմ ասել, որ նա իր գործի վարպետն է:

Ամենակարեւոր իրադարձությունը

2017-ին դատարանն ինձ ազատ արձակեց` առայժմ միայն երկրից չբացակայելու պայմանով: Իսկ ամենակարեւոր իրադարձությունն, իհարկե, իմ եւ սիրելիիս նշանադրությունն էր:

Մովսես Նիկողոսյանը՝ սիրելիի հետ


«Երազանքը ծնվում է ցանկությունից»

Ինձ համար երազանքը ծնվում է ցանկությունից, այնպես որ, բոլորին կարող եմ ասել, որ երազանքները կատարվում են, միայն պետք է զգոն լինել, եւ այլեւս ոչինչ չի խանգարի դրա իրագործման համար: Եթե ինչ-որ բան ինձ համար երազանք է, ամեն բան կանեմ դրան հասնելու համար` չվնասելով եւ չնեղացնելով ոչ ոքի: Իմ երազանքը կուզեմ ամփոփել այս տողերով՝ «Հիմա, երբ մենք սովորեցինք ճախրել ինչպես թռչուններ, ջրում լողալ ինչպես ձկներ, մեզ միայն մեկ բան է պակասում` ապրել հողի վրա ինչպես մարդիկ»:

Ամանորը` առանց սիրելիի

Տոնական օրերին տանն էի՝ ընտանիքիս, ընկերներիս եւ հարազատներիս հետ: Սիրելիս ինձ հետ չէր, հուսամ` ինձ կների, քանի որ պատճառը բավական լուրջ է, բայց նրան խոստանում եմ հաջորդ տարի Ամանորը միասին դիմավորել` իր երազած վայրում:

Տեքստը` Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները` Մովսեսի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին