×


Մուրադ Նադիրյան.«Երկու տարի համոզում էի Աննային, որ սիրում եմ իրեն»

«Շանթ»-ի «Անծանոթը» սերիալի ավարտից հետո Մուրադ Նադիրյանն ընտանիքով տեղափոխվել էր Մոսկվա, որտեղ միանգամայն այլ աշխատանքով է զբաղվել: Երեք տարի անց հերթական առաջարկը դերասանին կրկին Հայաստան է բերել ու սիրելի աշխատանքով զբաղվելու հնարավորություն տվել: Այսօր նա «Թաքնված սեր» սերիալի գլխավոր դերաակատարներից  մեկն է: BRAVO.am-ն օրերս լուսանկարել է դերասան-ամուսիններին իրենց 5-ամյա որդու՝ Գեւորգի եւ 3-ամյա դստեր` Մանանայի հետ, եւ հետաքրքիր ու անկեղծ զրույց ունեցել: 

Մուրադ Նադիրյանի ընտանիքը


«Չէի մտածում, որ կկարողանամ նման աշխատանք անել»

Երեք տարի առաջ գնացի Մոսկվա: Ամեն ինչ շատ արագ ու պատահական ստացվեց. իմ դեպքում միշտ այդպես է լինում: Հստակ պատճառ չկար. ընկերս կանչեց, ու որոշեցի գնալ: Այնտեղ միանգամայն այլ մասնագիտություն ձեռք բերեցի, որն Աստված ինձ տվեց: Չէի մտածում, որ կկարողանամ նման աշխատանք անել. զբաղվում էի հեռախոսների վերանորոգմամբ ու վաճառքով: Մոտ 7-8 ամիս մենակ մնացի, հետո ինձ միացավ նաեւ ընտանիքս: Շատ բան տվեց ինձ այնտեղ ապրելը, իմ կյանքում մեծ փոփոխությունների շրջան էր, նույնիսկ սանրվածքս փոխվեց:):

«Պատմությունների մեջ ենք ընկել Ռուսաստանում»


Հիմա, երբ հետ եմ եկել, կարծես այլ մարդ լինեմ: Կարծում եմ՝ դերասանի համար կարեւոր են փոփոխությունները: Ժամանակին ուշանալու հետ կապված խնդիր ունեի, իսկ այժմ հարյուր տոկոսանոց պարտաճանաչ եմ դարձել: Այն ժամանակ շուտ էի բորբոքվում, իսկ այժմ հանգիստ, հավասարակշռված եմ, ինչն ավելի շատ տարիքի հետ է կապված: Ռուսաստանում շատ պատմությունների մեջ եմ ընկել լրիվ այլ աշխարհի ու մարդկանց հետ:

Մուրադ Նադիրյանի ընտանիքը


Աննա. Նոր բնակարան էինք տեղափոխվել, մեր իրերն էինք տանում-բերում, իսկ Մուրադն այդ ժամանակ մորուքով էր ու երկար մազերով, ինչը հարեւաններին մտահոգել էր: Մեկ էլ տան տերը եկավ ու ասաց, որ պետք է խուզարկություն անցկացնեն, քանի որ հարեւանները կարծում են, թե մենք սիրիացի ահաբեկիչներ ենք:): Շատ դժվար երեք տարի ենք անցկացրել:

«Դադար չվերցնող դերասաններին էլ եմ հասկանում»


Շատ էի կարոտում մասնագիտությունս, ուզում էի խաղալ: Այժմ ավելի կարոտած ու պրոֆեսիոնալ եմ վերաբերվում գործիս: Ինձ դադարը շատ օգնեց, բայց առանց դադարի նկարահանվող դերասաններին էլ եմ հասկանում, որովհետեւ եթե այդ առաջարկը չընդունեն, պետք է արտագնա աշխատանքի մեկնեն: Ինչքան էլ լավ դերասան լինես, միեւնույն է` բոլոր կերպարներդ չեն կարող տարբերվող ու հիշվող լինել: Անհնար է, ու արդյունքում վարկանիշդ ընկնում է, լավ արձագանքներ չես ստանում, իսկ դադարները, հաստատ, օգնում են նորովի ներկայանալուն:

«Շատ էի ուզում փորձել»

Ինչպես պատահական ստացվեց մեր գնալն, այդպես էլ եկանք: Աշխատում էի, արդեն համակերպվել էի, որ ես հեռախոս վերանորոգող եմ, բայց «Շանթ»-ից հրավեր ստացա խաղալ նոր սերիալում: Ուրախ եմ, որ եղավ առաջարկն, ու եկա հայրենիք. հենց հաջորդ օրը սկսեցի նկարահանվել: Միայն գիտեի, որ բացասական կերպարում եմ լինելու եւ շատ էի ուզում փորձել: Սկզբում գործընկերներս ասում էին, թե չեն պատկերացնում` ինչպես եմ բարի դեմքով բացասական դեր խաղալու: Շատ եմ սիրում Վահեի կերպարը, այն ինձ դրսեւորվելու լայն հնարավորություն է տալիս:

Մուրադ Նադիրյանի երեխաները


«Ինձ անվանեց «պոդկաբլուչնիկ»»

Շատերը կարծում են, թե կեղծամով եմ նկարահանվում, բայց իմ բնական մազերն են:): Կերպարիս մասին բացասական արձագանքները շատ են: Վերջերս մի պապիկ կանգառում ինձ ասաց` «այ, պոդկաբլուչնիկ»: Նորմալ է, քանի որ իսկապես շատ բացասական կերպար եմ մարմնավորում. օրինակ՝ մարդ սպանելը չես կարող արդարացնել:

«Աննան ինձնից առաջ է»

Ես եւ Աննան կրկին մեր սիրելի Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում ենք խաղում: Ժամանակի սղության պատճառով միայն մի քանի դեր եմ կարողացել վերականգնել, իսկ կինս ինձնից առաջ է:): Կամաց-կամաց հունի մեջ ենք ընկնում:

«Երկար տանջանքներից հետո ստացվեց»

Մեր հանդիպումը շատ հետաքրքիր է եղել. բանակում էի ծառայում, արձակուրդին որոշեցի տեսնել, թե Թատերականի իմ ղեկավարի կուրսում մեզնից հետո ովքեր են սովորում: Գնացի Ռուբեն Բաբայանի կուրս, ոչինչ չէր տպավորել, միայն Աննային էի հիշում, ով վազվզում էր այս ու այն կողմ: Զորացրվելուց հետո սկսեցի հետեւել նրան. երկու տարի համոզում էի, որ սիրում եմ: Երկար տանջանքներից ու ռոմանտիկ քայլերից հետո ստացվեց:

Մուրադ Նադիրյանը` կնոջ հետ


Մի օր զանգեցի ու ասացի, թե ձեր տանը մի բանալի կա, գտիր դա, բայց կյանքում իրենց տանը չէի եղել: Զարմացավ ու միանգամից կոնտակտի մեջ մտավ. վստահ էի, որ փնտրում է: Եթե չփնտրեր, հետաքրքրությունս կկորեր: Ասաց` չի գտնում, ես էլ հուշեցի, որ բազմոցի մեջ է. կուրսեցիներն էին ինձ օգնել այդ հարցում:):

Բանալին հատուկ նպատակի համար էր. մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը փոքրիկ արկղ էի ամրացրել իրենց դռան մոտ, որն ամեն առավոտ բացում էր այդ ու վերցնում իր հերթական նվերը: Միշտ փորձում էր ինձ բռնացնել նվերը դնելու պահին, բայց չէր կարողանում: Այդպես խաղի մեջ մտանք: Մի օր էլ զինվորներ էր կանգնեցրել` ասելով, թե ոչինչ չբերես, թե չէ կկրակեն: Հետո այդ զինվորները ես փոխարինեցի ծաղրածուներով: Այսպես երկու տարի փորձում էի սիրտը գրավել, որից հետո ընկերություն արեցինք մի քանի ամիս, նշանադրվեցինք ու ամուսնացանք:

«Աննային հասցնում եմ տեսնել, իսկ երեխաներին…»


Շաբաթվա ընթացքում միայն կիրակի եմ ազատ լինում: Աննային հասցնում եմ տեսնել, որովհետեւ սպասում է ինձ, իսկ երեխաներին հնարավոր է` մի երկու օր չտեսնեմ. մինչեւ գալիս եմ, քնած են լինում: Հանգստյան օրն ընտանիքիս հետ եմ անցկացնում: Երեխաները շատ են նեղվում, կարոտում են, բայց այլ կերպ հնարավոր չէ. դերասանի մասնագիտությունն այսպիսին է: Խանդի տեսարաններ չեն լինում, քանի որ նա էլ դերասանուհի է: Եթե այլ մասնագիտություն ունենար, գուցե շատ բաների այլ կերպ նայեր:
Աննա. Եթե Մուրադն առիթ տա, բնական է, որ կխանդեմ: Բայց ես ինչու պետք է խանդեմ Վահեին, երբ գիտեմ, որ իմ ամուսինն ընդամենն իր աշխատանքն է պրոֆեսիոնալ կատարում:

Մուրադ Նադիրյանի ընտանիքը


«Շնորհքով եմ, չէ՞, Ան»

Ընդհանրապես կարողանում եմ ամեն ինչ էլ անել, շնորհքով եմ, չէ՞, Ան:

Աննա. Տան անսարք իրերը կարողանում է վերանորոգել: Բաց երբ նոր էինք ամուսնացել, մի անգամ տժվժիկ սարքեց, շատ անհամ էր: Ինձ օգնելու համար ոչինչ չի անում, բայց իրեն վերաբերող բաները պարտաճանաչ կատարում է:

«Աննան նապաստակ կլինի, ես գայլ…»

Հաճախ ենք վիճում, բայց տեւում է մի քանի րոպե: Ես շատ շուտ եմ մոռանում: Ինչ ամուսնացել ենք, չի եղել նույնիսկ մեկ օր, որ իրար հետ չխոսենք: Եթե նույնիսկ կռվենք, Տիկնիկայինում ներկայացում կխաղանք, Աննան նապաստակ կլինի, ես` գայլ, իրեն կուտեմ, կգնա… Բայց ես շատ ներողամիտ եմ, Աստծուն շնորհակալ եմ դրա համար:

Աննա. Մուրադը շատ ջղային է լինում առավոտյան: Արթնանալուց հետո չի էլ հիշում, թե ինչ է ասել: Զարմանում է, որ զայրացել է ու ասում՝ «վայ, մեռնեմ ջանիդ»: Իսկ ես արդեն նեղված եմ լինում, մի քիչ ծանր բնավորություն ունեմ, բայց Մուրադը մի մեծ սիրտ է եւ բոլորին տեղավորում է իր սրտի մեջ:):

Մուրադ Նադիրյանի ընտանիքը


Երեխաների մասին

Գեւորգը շատ հանգիստ, ազնվական եւ խոր երեխա է, սիրում է վերլուծել, շատ լավ հիշողություն ունի: Իսկ աղջիկս ակտիվ է, մարդամոտ, բոլորին պաչիկ է անում: Եթե այդպիսին մնա, շատ գոհ կլինեմ ու շնորհակալ: Միշտ ասում եմ՝ աղջկաս հետ գնալու եմ ակումբ ու տժժամ:): Երրորդ բալիկի մասին չենք մտածում. կատարյալ է աղջիկ-տղա ունենալը: Իսկ ամենակատարյալն երկու աղջիկ, երկու տղա ունենալն է, բայց դժվար դրան հասնենք: Այսօր ամուսինների տեսանք, որ չորս երեխա ունեին, ու խեղճ  հայրը չէր հասցնում ավտոբուսից իջեցնել նրանց:):

Վերջաբանի փոխարեն


Շատ կուզեմ, որ արտերկրում ապրելու կարիք չունենանք: Այժմ էլ, եթե գնամ, կաշխատեմ, նորմալ կապրեմ, բայց չեմ ցանկանում: Լավ կլինի, որ այստեղ դերասանների աշխատանքը գնահատվի, եւ տաքսի վարելու, հեռախոս վերանորոգելու կամ շինարարությամբ զբաղվելու կարիք չունենանք:

Տեքստը՝ Արեւիկ Իսաջանյանի /Bravo.am/
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին