×


Յանա Դանիելյան.“Երեխայիս այդպիսի փորձության չենք ենթարկի”

Ընտանիքում առաջնեկն ամենասպասվածն է, ինչպես փոքրիկ Ադելը` հաղորդավարներ Սուրեն Փահլեւանյանի  եւ Յայա Դանիելյանի կյանքում: Հայտնի մայրիկն իր դստեր հետ լուսանկարվել է BRAVO.am-ի նոր ֆոտոշարքում, ինչպես նաեւ պատմել նրա նախասիրությունների, սիրելի հեքիաթների, ծննդյան տոների մասին եւ ոչ միայն:

Փոքրիկ Ադելը եւ Յանա Դանիելյանը


Ադելի առաջին բառը “պապա”-ն էր, որից ես չեմ նեղվել:):  Ծննդաբերությունից մոտ տասն օր հետո անցել եմ աշխատանքի, անգամ կատակում էի, որ բոլորը վերադառնում են տաք երկրներից, իսկ ես` ծննդատնից:

Երեխային մեծացնելու հարցում շատ են օգնել տատիկները: Հիմա աղջիկս օրվա մեծ մասն անցկացնում է մանկապարտեզում, իսկ երեկոյան միասին կրկնում ենք այնտեղ սովորածը: Մի շարք բանաստեղծություններ եւ հեքիաթներ գիտի, որոնց թիվն իր ցանկությամբ պարբերաբար աճում է:

Յանա Դանիելյան."Դաշնամուրի հանդեպ սերը, կարծում եմ, գեներով է փոխանցվել"


Ադելը սիրում է Հովհաննես Թումանյանի “Սեւուկ ուլիկը”: Ամեն գիշեր մեկ անգամ ես եմ դստերս համար պատմում, հետո երեք-չորս անգամ լսում եմ հեքիաթի իր մեկնաբանությունը, իսկ քնում է, երբ համոզվում է, որ ես արդեն քնած եմ:):

Դաշնամուրի հանդեպ սերը, կարծում եմ, գեներով է փոխանցվել: Մեր տան դաշնամուրը միշտ բաց է: Աղջիկս “նվագելիս” փակում է աչքերը եւ կարծես զգում է երաժշտությունը:

Եթե ասաց, որ մածունը սեւ է, կարծիքը ոչ մի դեպքում չի փոխի:): Ամեն ինչ պետք է իր ուզածով եւ ասածով լինի. այս երեւույթն ավելի շատ պայմանավորում եմ տարիքի հետ: Բավական խելացի է եւ ընդունակ, ֆիզիկապես էլ, այնպես ոչինչ, ուժեղ է: Նախատեսում եմ պարի խմբակ տանել. նրան հատկապես բալետն է գրավում, սիրում է նաեւ երգել:

Յանա Դանիելյանը


Ամեն օր ցանկանում  է, որ նշեք ծննդյան տարեդարձը:):  Մենք էլ ամեն ամիս տոն ենք կազմակերպում` հրավիրելով Մաշային եւ արջուկին, ծաղրածուներ, տորթ ենք գնում, փուչիկներ, Ադելն էլ հագնում է իր տոնական զգեստը եւ բոլորին հայտարարում, որ ծնունդն է:

Հագուստի հարցում շատ քմահաճ է: Մեկ տարի առաջ, երբ գույներն էի սովորեցնում, ասացի նաեւ, որ հագուստի եւ կոշկի երանգները պետք է համապատասխան լինեն: Մի օր ուշացել եմ աշխատանքից, քանի որ առավոտյան վիճում էր հետս եւ պարտադրում, որ իր վարդագույն վերնաշապիկին հարմար կոշիկ տամ, եւ ոչ այն սեւը, որ հագցրել էի: Այդպես էլ եղավ:):

Յանա Դանիելյանը` դստեր հետ


“Երես տվողները” տատիկներն ու պապիկներն են: Ես հաճախ եմ կոչեր անում, որ իրեն խելոք պահի, օրինակ` խանութ գնալուց առաջ, բայց հայրիկն անշահախնդիր կատարում է նրա բոլոր ցանկությունները:

Դեմ եմ, որ Ադելը նկարահանվի սերիալում: Առաջարկներ եղել են, բայց չեմ պատրաստվում երեխայիս այդպիսի փորձության ենթարկել. մենք էլ երբեմն հոգնում ենք այդ բարդ աշխատանքից: Նա պետք է ամեն ինչ քիչ-քիչ սովորի, հետեւի իր նախասիրություններին:

Փոքրիկ Ադելը եւ Յանա Դանիելյանը


Երկրորդ բալիկի մասին դեռ չենք մտածում:  Ուզում եմ Ադելը մի քիչ էլ մեծանա:

Շուտով հանդես կգամ նոր նախագծում: Ինձ կրկին կտեսնեք հաղորդավարուհու կարգավիճակում: Դեռ չեմ բացի փակագծերը, որ անակնկալ լինի:

Տեքստը` Սիրանուշ Գրիգորյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Նկարահանումն իրականացվել է “Չարենցի 28” ռեստորանում

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին