×


Նազենին, Գոհարը, Հերմինեն, Նելլին, Սոֆին եւ ուրիշներ` “Օրրան”-ի հունիսմեկյան խնջույքին

Հունիսմեկյան տրամադրությամբ, մանկական երաժշտությամբ, փուչիկներով ու հյուրասիրությամբ են նշել իրենց` Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը  “Օրրան” բարեգործական կազմակերպության ցերեկային խնամքի կենտրոն հաճախող փոքրիկները:

Սոֆի Մխեյանը փոքրիկների հետ


Մանուկների օրվա առթիվ “Օրրանն” իր դռները բացել էր այն մարդկանց առջեւ, որոնք իրենց այցելություններով, նվերներով ու աջակցությամբ երեխաների կողքին են: Հյուրերի թվում էին Նազենի Հովհաննիսյանը, Հերմինե Ստեփանյանը, Արթուր Իսպիրյանը, Սոֆի Մխեյանը, Նելլին, Մարատ Հայրապետյանը, Արմինկան, Գոհար Հարությունյանն իր ամուսնու ու երեք երեխաների հետ եւ այլք:

Արմինե Հովհաննիսյանը եւ Գոհար Հարությունյանի ընտանիքը


Կենտրոնի բակում երեխաների համար հյուրասիրություն էր կազմակերպել “Արմենիա Մարիոթ”-ը. հյուրանոցի աշխատակիցները տեղում կոտլետներ են պատրաստել ու երեխաներին համբուրգեր բաժանել, հյուրերը եւս անմասն չեն մնացել պատրաստման ընթացքից, նաեւ մասնակցել են համտեսին:

Սոֆի Մխեյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


12-ամյա Լիլիթն իր երկու քույրերի հետ 4 տարի շարունակ հաճախում է “Օրրան”, նշում է` Երեխաների պաշտպանության միջազգային օրն այստեղ միշտ ուրախ է անցնում.“Մեզ համար արդեն լավ նվեր է, որ հետաքրքիր տոն են կազմակերպում: Սիրում եմ, որ շատ հյուրեր են գալիս, բոլորն էլ լավն են”: Մեր այն հարցին, թե ինչ նվեր կցանկանար ստանալ, Լիլիթը փոքր-ինչ մտածելուց հետո ասաց.“Իմ բոյի մեծ փափուկ խաղալիք արջուկ: Մեր տանը մենք մի հատ մեծ արջուկ ունենք, բայց “Օրրան”-ը քրոջս է նվիրել, ես էլ ուզում եմ իմ փափուկ արջուկն ունենալ”:

9 տարեկան Արթուրն էլ ընկերների հետ վազվզում էր ու համբուրգեր ուտում. “Մեզ համար համով ճաշեր են պատրաստում, իսկ այսօր պիցցա, տորթ էլ ենք ուտելու: Բայց ոնց որ շատ կերա, էլ տեղ չունեմ:)”:

Հերմինե Ստեփանյանը եւ Նազենի Հովհաննիսյանը


Նշենք, որ 2000 թվականին Արմինե եւ Րաֆֆի Հովհաննիսյանների կողմից հիմնադրված “Օրրան” բարեգործական հասարակական կազմակերպությունը շուրջ 13 տարի աջակցում է սոցիալապես անապահով ընտանիքների. 6-ից 16 տարեկան երեխաները հանրակրթական դպրոցի դասերից հետո այցելում են “Օրրան”, սովորում կավագործություն, փայտի գեղարվեստական փորագրություն, ձեռագործություն, ինչպես նաեւ սնվում են, խաղում ու վերադառնում տուն: 

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին