×


Նարեկ Մակարյանի սիրային կրքոտ նկարահանումները ձիարշավարանում

Նարեկ Մակարյանի համար նախորդ կիրակին անցել է աշխատանքային թեժ մթնոլորտում. նկարահանվել է նրա նոր` “Երազանքի գրկում” երգի տեսահոլովակը: Նախքան պրեմիերան BRAVO.am-ն առաջարկում է ծանոթանալ գործի մանրամասներին ու դիտել մեր լուսանկարչի հեղինակած ֆոտոշարքը:

"Երազանքի գրկում" տեսահոլովակի հերոսուհին եւ Նարեկ Մակարյանը


Երեւանի ձիարշավարաններից մեկում տեսահոլովակի հերոսուհին եւ երգիչը նկարահանվել են սիրային կրքոտ տեսարաններում.“Կովբոյական ոճում սիրո պատմություն է: Որքան գիտեմ, Հայաստանում այսպիսի տեսահոլովակ չի եղել: Մի քանի սյուժե քննարկելուց հետո ընտրեցինք այս տարբերակը”,-մեզ հետ զրույցում հայտնել է Նարեկը:

Դեռեւս չհրապարակված երգի երաժշտությունը գրել են ԴերՀովան ու Նարեկ Մակարյանը, խոսքերի հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է.“Էթնո-փոփ ոճում է, կա ինչպես մեղեդային, այնպես էլ ռիթմիկ հատված, այդ պատճառով ես ու հերոսուհին նաեւ պարում ենք, որին հաջորդում է սիրո տեսարանը”:

Նարեկ Մակարյանը եւ ռեժիսոր Սերժ Գաբյանը


Ինչպես Նարեկի առաջին` “Անձրեւ”, այնպես էլ երկրորդ` “Երազանքի գրկում” տեսահոլովակի ռեժիսորը Սերժ Գաբյանն է, օպերատորը` Սուրեն Թադեւոսյանը: Երգչի խոսքով` նախորդից այս տեսահոլովակը կտարբերվի ոչ միայն սյուժետային գծով.“Նկարվում է ամենաորակյալ տեսախցիկով, բացի այդ, այս անգամ ավելի մեծ թիմ է աշխատում: Քիչ առաջ կադրերն էի նայում, որակն արդեն ինձ գոհացնում է: Գուցե հետո անգլերեն տարբերակով նաեւ արտերկրում ցուցադրենք, իսկ հիմա նպատակ ունեմ ռուսական շոու-բիզնեսում ուժերս փորձել, սակայն շարունակելու եմ Հայաստանում ապրել ու աշխատել”:

Նարեկ Մակարյանը "Երազանքի գրկում" տեսահոլովակի նկարահանումներին


Իսկ ռուսական շոու-բիզնես մուտք գործելու հարցում նրան աջակցում է Սոֆյա Գուլյանը` Մարտ Բաբայանի պրոդյուսերը.“Մի քանի նպատակ ունենք, որոնցից մեկը Ռուսաստանի արտիստներից մեկի հետ դուետ կատարելն է: Այդ հարցով ավելի լրջորեն կզբաղվենք այս տեսահոլովակից հետո: Նաեւ ցանկություն ունեմ հայ երգիչներից մեկի հետ զուգերգ երգել, դեռ բանակցում ենք”:

"Երազանքի գրկում" տեսահոլովակի հերոսուհի Անին


Նարեկը տեսահոլովակում իր “երազանքի” գրկում է, իսկ կյանքում երազում է վայելել հանդիսատեսի սերը: Երեւանի կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժնի մագիստրատուրայի երկրորդ կուրսի ուսանողը մեզ հետ զրույցում խոստովանել է, որ համերգների փորձերի, նկարահանումների պատճառով այժմ հաճախ է բացակայում դասերից.“Հուսամ` դասախոսներս ինձ ճիշտ կհասկանան ու կներեն, չնայած փորձում եմ դասերս ու գործերս համատեղել: Շուտով համերգների եմ մանակցելու ինչպես Երեւանում, այնպես էլ Մոսկվայում”:

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW