×


Նարեկ Ներսիսյան.“Ո՛չ հեռուստադիտողին ենք թողնում հանգստանա, ո՛չ էլ մենք ենք հասցնում նորմալ քնել:)”

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Նարեկ Ներսիսյանը ներկայանում է մեծ մասամբ կատակերգական կերպարներով, զբաղված է ինը ներկայացման մեջ ե՛ւ գլխավոր, ե՛ւ երկրորդ պլանի դերերով: 25-ամյա դերասանը թատրոնին զուգահեռ նկարահանվել է հայկական ու ամերիկյան արտադրության գեղարվեստական ֆիլմերում, այժմ խաղում է “Հարազատ թշնամի” սերիալում, հումորային համարներով էլ ներկայանում է “32 ատամ” ակումբում:

Նարեկ Ներսիսյանը


Նարեկը 2011 թվականին “Լուսյեն Լյուկ” մոնոներկայացման մեջ իր մարմնավորած կերպարի համար ստացել է “Արտավազդ” մրցանակ` որպես “Տարվա լավագույն երիտասարդ դերասան”: BRAVO.am-ը նրան լուսանկարել է “InRock” ակումբում ու մոտ երկու ժամ զրուցել թատրոնի խնդիրների, կինոարտադրության, սերիալում նկարվելու դրդապատճառների եւ այլ թեմաների շուրջ:

Թատրոնի ու մանկական երազանքի մասին. Դերասան դառնալու մասին մանկուց չեմ երազել, միայն դպրոցն ավարտելիս որոշեցի Թատերական ինստիտուտ ընդունվել: Անկեղծ ասած` դպրոցական տարիներին թատրոնով չեմ հետաքրքրվել ու չեմ սիրել. նույնիսկ աբոնեմենտով ստիպված էի գնում: Ուզում էի համակարգչային դիզայներ դառնալ, բայց ինչպես պարզվեց, ամբողջ տասը տարվա ընթացքում մաթեմատիկայից թույլ էի:): Բաբկեն Ներսիսյանի թոռը լինելով` գեներս ուժեղ գտնվեցին, թեեւ չեմ փորձել օգտվել դրանից, բացի այդ, ազգանվան շնորհիվ չես կարող շատ մեծ ճանապարհ հարթել:

Թատերականում կուրսի ավարտական ներկայացումը խաղալուց հետո Երվանդ Ղազանչյանի կողմից առաջարկ ստացա ու աշխատանքի անցա Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում` առաջինը ներմուծվելով “Ատամնաբույժն արեւելյան” ներկայացման մեջ:

Նարեկ Ներսիսյանը


Մեր թատրոնի ներկայացումներից ինձ համար թանկ ու սիրելի է Շեքսպիրի “Տասներկուերորդ գիշեր”-ը, որտեղ բացի դուքս Օրսինոյի կերպարը մարմնավորելուց, իմ առաջարկով արել եմ երաժշտական ձեւավորումը` գրելով ու գործիքավորելով անգլոիռլանդական ու ջազ-փոփ երաժշտություն: Այս ներկայացումից լավ հուշեր ունեմ. Գդանսկի Շեքսպիրյան փառատոնի շրջանակում խաղացել ենք նաեւ օտարերկրյա հանդիսատեսի համար:

Թատրոնում իմ մարմնավորած հետաքրքիր կերպարներից մեկը Լուսյեն Լյուկն է` ֆրանսիացի հեղինակ Մարսել Միտուայի “Նվագակցողը” պիեսի երաժիշտ հերոսը, որն անընդհատ նվագակցում է, բայց ծափերն ու փառքը երգչինն են: 12 անգամ խաղացել եմ հայերենով, իսկ 13-րդ անգամ, չիմանալով ֆրանսերեն, յուրաքանչյուր բառի թարգմանությունը սովորելով ու անգիր անելով` խաղացի այդ լեզվով: Հուսով եմ` դադարից հետո մի քանի ամսից կրկին կխաղամ:

Տարբեր ռեժիսորների հետ աշխատելիս փորձում եմ արտահայտել գաղափարներս` կապված ներկայացման ձեւի ու արտահայտչամիջոցների հետ: Եթե ռեժիսորի ու դերասանների ճաշակն ու ձգտումները չեն համընկնում, իմ կարծիքով, աշխատելն անիմաստ է, որովհետեւ առաջընթաց չի լինում: Ինչպես Փիթեր Բրուքն էր ասում` թատրոնի բեմը դատարկ տարածություն է, որը պետք է լցնես, իսկ թե ինչպես կլցնես, արդեն քո խնդիրն է:

"Կինոաշխարհում առաջին "քայլերս" սկսել եմ ուսանողական տարիներից". Նարեկ Ներսիսյան


Թատրոնում բեմադրություն անելու մասին. Գաղափարներ ունեմ, բայց սերիալում զբաղվածությունս դեռ թույլ չի տալիս ամբողջությամբ նվիրվել այդ գործին: Բացի այդ, եթե ուզում ես բեմադրել զուտ արվեստի համար, պիտի պատրաստ լինես, որ քիչ կխաղացվի ու եկամտաբեր չի լինի, որովհետեւ այսօրվա հոգսերով ապրող հանդիսատեսն ուզում է թատրոնում թեթեւ ու ծիծաղելի մի բան դիտել եւ լավ տրամադրությամբ դուրս գալ: Արվեստի գործ նայելու համար շատ մեծ կապ ունի մարդու կրթվածությունն ու ճաշակը… Օրինակ, մարդ սիրում է սովորական սեւ սուրճ, մարդ էլ կա` սիրում է կապուչինո: Սեւ սուրճ խմողը հնարավոր է փորձի կապուչինոն` հասկանալու համար, թե ինչ է, բայց շաբաթը յոթ օր չես կարող ստիպել, որ կապուչինո խմի… Նույնն էլ թատրոնում է. ավելի շատ նախընտրում են հեշտ մարսելի կոմեդիա դիտել:

Եվրոպական երկրներում էլ նկատել եմ այն միտումը, որ թատրոն հաճախողների թիվը պակասել է, եւ այն աստիճանաբար դառնում է էլիտար արվեստ:  Տեսնում ես սմոքինգ հագած մարդկանց, որոնք եկել ու նուրբ հումոր են լսում, ոչ թե կենցաղային ներկայացում դիտում:

Գեղարվեստական 6 ֆիլմի մասին. Կինոաշխարհում առաջին քայլերս սկսել եմ ուսանողական տարիներից, երբ ծանոթացա ռեժիսոր Արեգ Ազատյանի հետ ու նկարվեցի իր ապագա կնոջ` Շողիկ Թադեւոսյանի ֆիլմում: Հետագայում Արեգի ու նրա ծնողների կինոնախագծերում հանդես գալու այլ առաջարկներ ստացա եւ նկարահանվել եմ Շողիկի “Փետրվարի 25”, Արեգի “Զատիկի ոտքից բռնված”, այնուհետեւ ծնողների` Արսեն Ազատյանի ու Նարինե Մկրտչյանի “Անառակ որդու վերադարձը” ֆիլմերում: Վերջինում խաղընկերս Արմեն Ջիգարխանյանն էր, ինչն ինձ համար ոգեւորող ու պարտավորեցնող էր: Նկարահանումից առաջ, տեսնելով, որ անտեղի լարված եմ, նա իրեն հատուկ տոնով ասաց.“Ասա, բալիկ ջան, ի՞նչ ես ասում, մի լարվիր”:  Գոտեպնդող խոսքերից հետո ոչ միայն հանգիստ նկարվեցի, այլեւ ավելի մտերմացանք: Ժապավենի վրա նկարված այս ֆիլմը մասնակցել է միջազգային մի շարք կինոփառատոնների, բայց Հայաստանում շատ հայտնի չէ, երեւի պատճառը հեռուստատեսությամբ չցուցադրվելն է:

Նարեկ Ներսիսյանը ֆիլմի նկարահանումներին


Ֆիլմերից դեպի սերիալ. Դեռ ուսանողական տարիներից սերիալներում նկարվելու առաջարկներ ստանում էի, բայց նախընտրում էի գեղարվեստական ֆիլմերում պրոֆեսիոնալ ուղի անցնել: Շատերն ունենալով ֆինանսական խնդիրներ` հերթով սկսեցին նկարվել սերիալներում, բայց չէի շտապում, մանավանդ պետք է դեռ բանակում ծառայեի: Այնուամենայնիվ, ի հայտ են գալիս ֆինանսական խնդիրներ, եւ եթե ուզում ես քո մասնագիտությամբ վարձատրվել, ընտրում ես սերիալային ուղին, որովհետեւ, ցավոք, թատրոնի ամենաբարձր աշխատավարձն էլ չի կարող հասնել սերիալի միջին աշխատավարձին. սա է մեր իրականությունը...

Սերիալի շնորհիվ էլ դերասանը դառնում է ճանաչված, ունենում է նոր խաղընկերներ, անընդհատ տեսախցիկների հետ աշխատելիս հղկվում է, թեեւ գիշերային նկարահանումներն ու խիտ գրաֆիկը մեկ-մեկ տանջալի են, բայց պարտավոր ես անել, որովհետեւ վաղը եթեր է գնալու, իսկ մարդիկ սպասում են: Ո՛չ հեռուստադիտողին ենք թողնում հանգստանա, ո՛չ էլ մենք ենք հասցնում նորմալ քնել:):

Զբաղվածությունս այնքան շատ է, որ ոչ միշտ եմ հասցնում դիտել իմ խաղը: Երբեմն առավոտյան նախաճաշին փորձում եմ կրկնությունները նայելով հասկանալ` մոնտաժի արդյունքում ինչ է ստացվել: Տեխնիկական թիմի` օպերատորների, ռեժիսորի աշխատանքն ինձ դուր է գալիս, պատկերները գոնե գեղագիտորեն հետաքրքիր են, ավելիին են ձգտում ու կոպիտ ասած` “գռդոն” չեն անում:   

Ամերիկյան ֆիլմ ու “Բեռլինյան կինոփառատոն”. Ինձ համար կարեւոր փորձառություն էր ամերիկյան “Here” ֆիլմի դերասանական կազմում ընդգրկվելը, որի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում: Թատրոնում հերթական փորձի ժամանակ եկան, առաջարկեցին քասթինգի մասնակցել, մի քանի օր հետո էլ դերս հաստատեցին: Բրեյդեն Քինգի ֆիլմը ամերիկացի քարտեզագրողի, որին մարմնավորում է հայտնի դերասան Բեն Ֆոսթերը, ու հայ աղջկա սիրո պատմության մասին է: Ես մարմնավորել եմ աղջկա եղբոր դերը, որն Արցախյան ազատամարտի մասնակից է ու չի հարմարվում միջավայրին:

Նարեկ Ներսիսյանը "Ապակե կախազարդը" ֆիլմի նկարահանումներին


Հետաքրքիր էր աշխատել  պրոֆեսիոնալ թիմում եւ  շփվել հոլիվուդյան դերասանների հետ, որոնք իրենց պահվածքով մյուսներից չեն տարբերվում եւ “աստղային” ոչ մի քմահաճույք չունեն: Տեսնում ես, թե Հոլիվուդի դերասանը նկարահանման հրապարակում իրեն ինչ համեստ է պահում, իսկ մեր իրականությունում որոշ դերասանների “աստղայինը տարել է”: Քեզ չպիտի նույնացնես այն կերպարի հետ, որը մարդիկ են տեսնում. կարող է ինձ փողոցում ճանաչեն, գովեն, բայց դա առիթ չէ, որ մեծամտանամ, որովհետեւ գիտեմ, որ նույն ձգտումներով, խնդիրներով մարդն եմ մնում: Կարծում եմ` արվեստի մարդը պետք է ուղղակի ազնվորեն իր գործն անի ու աշխատանքի համար պատասխանատու լինի:

“Here” ֆիլմի շնորհիվ 2011-ին հրավեր ստացա մասնակցելու Բեռլինյան կինոփառատոնին: Մեկնեցի ու տեսա իրական կինոարտադրությունը` հզոր գործարան, ֆինանսական ֆոնդեր ու ներդրումներ, որոնք ուղղված են ոչ կոմերցիոն կինոարվեստը զարգացնելուն: Երազում եմ, որ մեկ օր հայկական ֆիլմարտադրությունը հասնի ամերիկյանի ու եվրոպականի մակարդակին:

2012-ի փետրվարին էլ մասնակցեցի Բեռլինյան կինոփառատոնի շրջանակում անցկացվող “Տաղանդների ճամբար”-ին, որտեղ հավաքվել էր 4500 հայտից ընտրված 24 հոգանոց խումբ: Տասն օր շարունակ մասնակցում էինք վարպետության դասերի, հանդիպում համաշխարհային ճանաչում ունեցող դերասանների հետ, օրինակ` մեզ Ալեքսանդրի տեխնիկան սովորեցնում էր Լեոնարդո ԴիԿապրիոյի դասախոսը` Ժան Լուիս Ռոդրիգը: Շատ ուրախ եմ, որ ճամբարին մասնակցած առաջին հայ դերասանն եմ, գիտեմ, որ հայ ռեժիսորներ, պրոդյուսերներ եւս մասնակցել են: Հետագա համագործակցությունների, առաջարկների համար գրանցվել եմ քասթինգների բազայում: Սպասում ու ձգտում եմ դեպի միջազգային կինոշուկա, որովհետեւ դրա մի մասնիկը լինելն աննկարագրելի զգացողություն է:

Նարեկ Ներսիսյանը եւ Լուբնա Ազաբալը "Here" ֆիլմի նկարահանումներին


Հայաստանում որքան էլ քիչ են որակյալ ֆիլմեր նկարահանվում, կինոփառատոններին մասնակցելը շատ կարեւոր նշանակություն ունի. ինչո՞ւ աշխարհին չհայտարարել, որ որպես կինո ստեղծող երկիր գոյություն ունենք: Փառատոնը շատ լայն հնարավորություններ է բացում, նույն Կուստուրիցան իր տաղանդի շնորհիվ մտավ կինոփառատոններ ու միջազգային ճանաչում ձեռք բերեց: Հայկական ու միջազգային փառատոնների շնորհիվ ինքս շատ բան եմ սովորում ու ստանում:

“32 ատամ”-ը` ներկայանալու նոր հարթակ. Վերջերս սկսեցի իմ համարներով ներկայանալ  հումորային այս ակումբի բեմից, որը թույլ է տալիս սպառել իմ էության ու կարողությունների մի մասը: Սիրում եմ էքսպերիմենտներ անել ու փոխել գործունեությանս տեսակը` թատրոնի բեմից մինչեւ մասսայական էստրադային ու հումորային բեմ: Կարծում եմ` դերասանը պետք է ճկուն լինի` ցույց տալով իր դրամատիկ, կոմեդիկ ու մյուս կողմերը: Օրինակ` համար էինք բեմադրել, որ խոսեմ տարբեր ազգերի լեզուներով եւ քանի որ բոլոր լեզուներին չեմ տիրապետում, այստեղ ինձ օգնեց երաժշտական լսողությունս:

Նարեկ Ներսիսյանը


Առհասարակ, երաժշտական կրթությունս ինձ շատ է օգնում.  դաշնամուրի 7-ամյա կրթություն եմ ստացել Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, նաեւ 3-4 տարի երգել եմ “Հայաստանի փոքրիկ երգիչներ” երգչախմբում: Շատ էինք շրջագայում, ինչն օգնում էր փոքր տարիքից լայն մտահորիզոնով նայել աշխարհին, զգալ տարբեր մշակույթների առավելություններն ու տարբերությունը: Տատիկս էլ ազգագրական երգեր էր սովորեցնում` մտածելով, որ երգիչ կդառնամ, բայց երբեւիցե նման ցանկություն չեմ ունեցել: Փոքր ժամանակ մի կերպ էի գնում դաշնամուրի դասերին, հետո հասկացա` դերասանի համար ինչ առավելություն է:
 
Մագիստրատուրայում սովորելուն զուգահեռ Թովմաս Պողոսյանի ղեկավարած անսամբլում սովորում էի թառ նվագել, բայց լրջորեն չեմ զբաղվել, հիմա առիթից առիթ նվագում եմ: Դեռ կհասցնեմ թառով համարներ ունենալ, գաղափարներ արդեն կան: Հիմնականում սիրում եմ էթնիկ երաժշտություն, նաեւ ռոքի սիրահար եմ, ըստ տրամադրության` մեկ օր կարող եմ լսել իմ սիրելի հեղինակ-կատարողներին, մեկ էլ օր էլ` դասական սիմֆոնիա:

Նարեկ Ներսիսյանը


Ներանձնական. Երբ ինչ-որ խնդիր ինձ անհանգստացնում է, ուզում եմ արտահայտել թատրոնի կամ կինոյի լեզվով, ուզում եմ խոսել հանդիսատեսի հետ… Դեպրեսիվ պահերին գեղարվեստորեն ծնված մտքերս հանձնում եմ թղթին` հուսալով, որ հետագայում կռեալիզացնեմ թատրոնում ու կինոյում: Հիմա դրանք երկրորդ պլանում են, որովհետեւ աշխատանքս այնքան շատ է, որ տունս դարձել է հյուրանոց:

Ապրում եմ մայրիկիս հետ, փոքր եմ եղել, երբ ծնողներս ամուսնալուծվել են... Հաճախ հետաքրքրվում են` արդյոք դերասան Տիգրան Ներսիսյանի տղան եմ, ո՛չ, նրա եղբոր տղան եմ, բայց մեր ընտանիքների միջեւ շփում չկա, աշխատանքում էլ առնչություն չունեմ:

Չես իմանա, թե կյանքը քեզ ուր կտանի, պետք է պատրաստ լինես դժվարություններին ու մասնագիտությանդ մեջ ավելիին ձգտես: Հիմա վազվզոցը շատ է, բայց այս տեմպն ինձ դուր է գալիս:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/, Աշխեն Prate Դավթյանի եւ Նարեկ Ներսիսյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին