×


Նարինեի եւ Արմենի՝ սիրային տրամադրությամբ գիշերային դիալոգները

Գիշեր, Երեւան, կին ու տղամարդ, սիրային պատմություն, որն ունենում է անսպասելի ավարտ… “Դիալոգներ” վերնագրով ռոմանտիկ դրամայի գլխավոր դերակատարները Նարինե Գրիգորյանն ու Արմեն Մարգարյանն են: Կարճամետրաժ ֆիլմի պրեմիերայից առաջ BRAVO.am-ը զրուցել է ֆիլմի ռեժիսոր Դիանա Կարդումյանի եւ դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ:

Ռոմանտիկ դրամայի գլխավոր դերակատարներ Նարինե Գրիգորյանն ու Արմեն Մարգարյանը


“Դիալոգներ”-ի նկարահանումներն արվել են շուրջ 9-ը գիշերվա ընթացքում` Երեւանի փոքր կենտրոնում: Սիրային տրամադրությունը ներկայացնելու համար ֆիլմում միայն գիշերային տեսարաններ են: “Գիշերն ավելի էմոցիոնալ է ու ինտիմ մթնոլորտ է ստեղծում, հատկապես, երբ հերոսները կին ու տղամարդ են: Գիշերվա խորհրդավորությունը նոր ենթատեքստ է բերում կին-տղամարդ հարաբերությունների մեջ եւ ավելի է խտացնում զգացմունքները”, - նշել է ռեժիսորը:

Թեեւ մինչ ֆիլմի նկարահանումները Դիանա Կարդումյանն անձամբ չի ճանաչել դերասաններին, բայց թատրոնում դիտել է նրանց խաղացած գրեթե բոլոր դերերը. “Աշխատանքից գոհ եմ. շատ ոգեւորված էին նկարահանման ընթացքում: Կարծում եմ` ֆիլմում իրար համահունչ են եւ կինոաշխարհում իրենց համար անսպասելի դերերով են ներկայացել”:

“Դիալոգներ”-ի սյուժեն կառուցված է երկխոսությունների վրա


Նարինե Գրիգորյանն էլ առաջին անգամ է աշխատել ե՛ւ Արմենի, ե՛ւ Դիանայի հետ. “Արմենի հետ աշխատելու ընթացքում շատ էինք իրար համար խաղում ու իմպրովիզներ անում: Բացի լավ աշխատելուց, նա նաեւ այնպիսի հումորներ էր անում, որ բոլորս ծիծաղից մեռնում էինք: Իսկ Դիանան կարեւորում է ամեն մանրուք եւ կարողանում է այնպես անել, որ խումբն ուղղակի հաճույք ստանա նկարահանման ընթացքից”:

Նարինեի համար գիշերային նկարահանումները շատ հետաքրքիր են անցնել, միայն մեկ անգամ է քնելու ցանկություն ունեցել:). “Մի տեսարան կա, երբ Արմենն ավտոմեքենան է արագ վարում, ոստիկաններն էլ կանգնեցնում են, այդտեղ քիչ ֆունկցիա ունեմ, քունս շատ էր տանում: Իսկ առհասարակ ինքս զարմանում էի` ինչպես եմ արթուն մնում մինչեւ լուսաբաց”:

“Գիշերն ավելի էմոցիոնալ է ու ինտիմ մթնոլորտ է ստեղծում, հատկապես, երբ հերոսները կին ու տղամարդ են”. Դիանա Կարդումյան


“Դիալոգներ”-ի սյուժեն կառուցված է երկխոսությունների վրա: “Բացի կերպարների դիալոգներից, նաեւ ես իմ կերպարի հետ եմ դիալոգի մեջ, Արմենն` իր կերպարի: Վավերագրական տարրեր կան: Հերոսուհիս ֆիլմում անուն չունի, քանի որ տղամարդն ամուսնացած է եւ կինը գաղտնի է եղել իր կյանքում”, - փակագծերը բացել է դերասանուհին:

29 րոպե տեւողությամբ ֆիլմի նկարահանումները կատարվել են 2011-ի օգոստոսին: Սցենարի համահեղինակներն են Դիանա Կարդումյանը եւ Վարդան Դանիելյանը, օպերատորը` Վահագն Տեր-Հակոբյանը: Ինչպես հայտնել է Դիանան, ֆիլմը նկարահանվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսավորմամբ եւ վերջինիս արտադրանքն է:

Ռոմանտիկ դրամայի գլխավոր դերակատարներ Նարինե Գրիգորյանն ու Արմեն Մարգարյանը


Դիանա Կարդումյանն առավելապես նկարահանում է կարճամետրաժ ֆիլմեր, նրա ամենահայտնի գործերից է “Աշնան արեւ”-ը, որը մասնակցել է միջազգային մի շարք կինոփառատոնների. “Այս ֆիլմն էլ եմ ուզում ներկայացնել փառատոնի: Նպատակ ունեմ, որ շատ մարդիկ դիտեն, ուղղակի կարճամետրաժ ֆիլմերը խնդիր ունեն. մեծ էկրանին սովորաբար կարճ տեւողությամբ ֆիլմեր չեն ցուցադրվում: Միգուցե նույն տրամադրության մեկ այլ ֆիլմի հետ ցուցադրենք, որ երկարի էկրանային ժամանակը”:

"Դիալոգներ"-ի պրեմիերան նախատեսվում է առաջիկա մեկ ամսվա ընթացքում, այժմ առաջարկում ենք դիտել ֆիլմ թրեյլերն ու նկարահանման ընթացքի լուսանկարները:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները տրամադրել է Դիանա Կարդումյանը

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW