×


Նարինե Դովլաթյանի ակումբային աշխատանքն ու ծխող երգիչների հետ հարաբերությունները

Նարինե Դովլաթյանն ամռան ընթացքում ներկայացրեց իր “Կակտուս”  տեսահոլովակն, իսկ ամռան վերջին օրերին ձայնագրել է “Summer Night”(“Over and over”) հաուս ոճի անգլալեզու երգը, որը համագործակցություն է հայ դիջեյների` “Supacooks”-ի հետ.“Դեռ կիսապատրաստ վիճակում մի քանի գործից այս մեկն էի հավանել, միասին սկսեցինք աշխատել հենց այս երգի վրա, որը հիմնականում կներկայացնեմ ակումբային համերգների ընթացքում”:

Նարինե Դովլաթյանը


Երգչուհին BRAVO.am-ին հայտնել է, որ Արթուր Ալեքի եւ Սոնա Ռուբենյանի հետ համատեղ շուտով կներկայացնի մեկ այլ աշխատանք: Երիտասարդները միասին Ռիհաննայի երգերից մեկը կկատարեն քավեր տարբերակով:

22-ամյա Նարինեն մեզ հետ զրույցում պատմել է, որ այժմ ունի եկամտի հիմնական աղբյուր. երգում է Երեւանի ժամանցային վայրերից մեկում.“Երգերի ընտրության հարցում փոխզիջման չեմ գնում: Ինձ շատ են ասում, որ այլ ոճի գործեր կատարելով` շատ գումար կաշխատեմ, բայց հնչեցնում եմ իմ երգացանկից ու ամերիկյան հայտնի երգերի քավերներ: Կյանքի փորձը ցույց տվեց, որ պետք է նորը փորձել ու դրանից դասեր քաղել: Երբ նոր էի անցել աշխատանքի, ինձ համար խորթ էր, բայց պետք է ինքդ քեզ փորձես, հասկանաս` ինչ տեսակի մարդիկ կան, ինչ իրավիճակում կարող ես հայտնվել ու քեզ ինչպես կդրսեւորես”:

Նարինե Դովլաթյանը


Նա նաեւ հետեւյալն է ասել.“Երգում եմ մի ակումբում, որտեղ տարբեր ոճի երգիչներ կան: Այնտեղ երգիչների մեծ մասը ծխում է, բայց ուրախ եմ, որ բոլորը հարգում են ինձ եւ նման դեպքերում սենյակից դուրս են գալիս, քանի որ ծուխը տանել չեմ կարողանում:): Նկատել եմ, որ ռաբիս երգեր կատարողներին շատ են անհիմն քննադատում: Երեկ համացանցում այդ ոճի գործեր ներկայացնող հայտնի երգչի հասցեին այնպիսի մեկնաբանություններ կարդացի, որ չդիմացա ու գրառում արեցի: Ես չեմ երգում հայկական “տաշի-տուշի” երգեր, բայց չեմ քննադատում երգողներին. ամեն մեկն ինքն է որոշում` ինչ երգի ու ինչպես գումար աշխատի”:


Երգչուհին մտադիր է դաշնակահար Կարեն Մամիկոնյանի բենդի հետ համերգներ ունենալ քաղաքի տարբեր ակումբներում` ներկայացնելով ջազ ու ֆանկ գործեր.“Կարենի հետ վաղուց ենք ծանոթ, բայց համատեղ աշխատանքը նոր ենք սկսում: Սիրում եմ երաժիշտների հետ ընտրել երգացանկը, այսինքն` միայնակ չեմ որոշում, միասին ընտրում ենք մեր սրտին մոտ ստեղծագործությունները”:

Երիտասարդ երգչուհին կարծում է` ակումբներում աշխատելը ժամանակավոր է, երգում է ավելիին հասնելու համար.“Վաղուց արտերկրում սովորելու ցանկություն ունեմ, բայց Կանադայի ընկերներս ինձ համոզում են, որ մնամ Հայաստանում, քանի որ որքան էլ դրսում հնարավորությունները շատ են, բայց հոգիս ու միտքս այստեղ է: Դեռ իմ նպատակից չեմ հրաժարվել…”:

Նարինե Դովլաթյանը


Ի տարբերություն 2012 թվականի ամռան, երբ Նարինեն մեկնել էր Կանադա, այս տարի իր հանգիստն անցկացրել է հիմնականում Երեւանում, մի քանի օրով էլ եղել է հայրենի գյուղում` Մալիշկայում. “Ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ Կանադայից ժամանած ընկերներիս եւ Ռուսաստանից վերադարձած քույրիկիս ընտանիքին”:

Ի դեպ, երգչուհին հասցրել է կրկին լուսանկարվել Բուսաբանական այգում: Այս անգամ սեւ ու սպիտակ կադրերը ստացել է նրա “Կակտուս” երգի տեսահոլովակի ռեժիսոր Հռիփսիմե Խոջայանը, դիմահարդարումն արել է Անի Վահունին, իսկ զգեստների հեղինակը Քրիստինե Անանյանն է:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Հռիփսիմե Խոջայանի, Լիլիթ Մուրադյանի, Նիկ Էգիբյանի եւ Նարինե Դովլաթյանի անձնական արխիվից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին