×


Նարինե Պետրոսյան.“Մտածում ենք տղա ունենալու մասին:)”

BRAVO.am-ը վերջերս տեղեկացրեց, որ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում Նարինե Պետրոսյանի կարգավիճակի փոփոխության գրանցումը բազմաթիվ օգտատերերի առիթ էր տվել կարծելու, թե դերասանուհին նոր է ամուսնացել, եւ սկսվել էր շնորհավորանքների տեղատարափը:): Իրականում նա տարիներ առաջ է լքել ցանկալի հարսնացուների շարքը եւ երկու դուստր ունի, որոնց հետ էլ լուսանկարվել է մեր նոր ֆոտոշարքում:

Նարինե Պետրոսյանը` դուստրերի հետ


Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհին, որը հանդես է գալիս նաեւ գեղարվեստական ֆիլմերում եւ սերիալներում, այս անգամ մեզ պատմել է իր ընտանիքի մասին: Նշենք, որ զրույցի ընթացքում Նարինեի ավագ դուստրը` 5-ամյա Անին, ով ցանկանում է նկարչուհի դառնալ, իր նոթատետրում հասցրեց նկարել իրեն շրջապատող թե՛ մարդկանց, թե՛ ծառերն ու ծաղիկները:):

Ամուսնացել եմ 2007 թվականին, երբ  դեռ 22-ամյակս չէր լրացել:  Անկեղծ ասած, մտածում էի, որ ուսումս ավարտելուց հետո բավական երկար ժամանակ միայն կարիերայով կզբաղվեմ, բայց հասկացա, որ հայտնվել է մեկն, ով սիրում է ինձ եւ հարգում մասնագիտությունս: Նա, պատահական ինձ տեսնելով սրճարաններից մեկում, ուղիներ էր փնտրել ծանոթանալու համար:

Այն մարդկանցից չեմ, որոնք ամուսնանալուց հետո թերանում են աշխատանքում: Թատրոն, նկարահանման հրապարակ, հեռուստաընկերություն, մանկապարտեզ… Ինձ հաճախ կարող են տեսնել վազքի մեջ:):

Նարինե Պետրոսյանի դուստրերը` Աելիտան եւ Անին


Ամուսինս` Վահագնը, մասնագիտությամբ տնտեսագետ է: Սկզբնական շրջանում նա փորձում էր հասկանալ` պատրաստ է արդյոք ամուսնանալ դերասանուհու հետ. խորթ էր իր համար, որ ընկերուհին այդ ուղին է ընտրել: Պսակադրվեցինք, երբ ավարտեցի Թատերական ինստիտուտը:

Իմ ասպարեզում ամեն ինչ չէ, որ ինձ թույլ եմ տալիս: Բաց, համարձակ տեսարաններում չեմ նկարահանվի. վերջերս եւս մեկ առաջարկ մերժեցի նույն պատճառով:

Դեռ փոքր տարիքից երազել եմ աղջիկ ունենալ:  Հիշում եմ` ընկերուհիներիս հետ մեր ապագա երեխաների մասին խոսելիս միշտ ասում էի` իմ աղջիկներն այսպիսին են լինելու, այսպես են հագնվելու…

Նարինե Պետրոսյանը


Ամուսինս շատ է հպարտանում դուստրերով: Առաջնեկիս իր ցանկությամբ անվանակոչել ենք Անի. հայկական անունների կողմնակից է, իսկ Աելիտայի անվան ընտրությունն իմն է: Տոլստոյի հերոսուհիներից Աելիտայի եթերային էությունը դեռ փոքրուց է տպավորվել իմ մեջ:

Ինչպես բոլոր հայկական ընտանիքները, մենք եւս մտածում ենք տղա զավակ ունենալու մասին:

Միմյանց գրկած հանգստանալն ավանդույթ է դարձել: Սիրում եմ աղջիկներիս հետ գրկախառնված պառկել:): Աշխատանքի պատճառով տնից մի քանի ժամ բացակայությունս փորձում եմ այդպես լրացնել:

Շատ եմ սիրում իմ մասնագիտությունն` անկախ դժվարություններից: Կար ժամանակ, երբ գերծանրաբեռնված էի: Այդ օրերին երեխաներիս խնամքով զբաղվում էին տատիկները: Մայրիկս պատմում է, որ երբ “Կոտրված սրտեր” սերիալում էի նկարահանվում, Աելիտան կանգնում էր հեռուստացույցի առջեւ ու ասում.“Մամա՛, արի՛ տուն”:

Նարինե Պետրոսյանը` դուստրերի հետ


Պատահական սերիալներում եւ դերասանների հետ չեմ աշխատում: Պատիվ եմ ունեցել խաղալ Գուժ Մանուկյանի, Հրաչյա Հարությունյանի, Արմեն Էլբակյանի եւ վաստակավոր այլ դերասանների հետ:

Միջազգային նախագծերում հանդես գալու առաջարկներ եղել են եւ այժմ էլ կան: Մինչ ամուսնանալս նկարահանվել եմ հայ-ռուսական “Իմ մեծ հայկական հարսանիքը” ֆիլմում: Էպիզոդիկ դերով հանդես եմ եկել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի` Կաննի փառատոնի այս տարվա կինոշուկայում ներկայացված հայ-լիտվական “Թեւանիկ” գեղարվեստական ֆիլմում:

Չէի ասի, թե խիստ մայր եմ. փորձում եմ “չի կարելիներով” չսահմանափակել աղջիկներիս ազատությունը եւ թողնել, որպեսզի ձեւավորվի նրանց անհատականությունը:

Նարինե Պետրոսյանը


Անին եւ Աելիտան մանկապարտեզին զուգահեռ հաճախում են մարմնամարզության պարապմունքների, ավագ դուստրս զբաղվում է նաեւ նկարչությամբ: Ոչ ոք եւ ոչինչ չեն վրիպում նրա սուր աչքից. ամբողջ օրը նկարում է: Աղջիկներս շատ մոտ են արվեստին. ներկայացումները, ցուցահանդեսները, բալետը նրանց առօրյայի մի մասն են:

Մենք լավ ընկերուհիներ ենք: Անին խորհուրդներ է տալիս, թե զգեստիս հետ ինչ կոշիկ կրեմ, երբեմն էլ կամակորություններ է անում` չցանկանալով տաբատ հագնել: Ասում է` ինքն աղջիկ է եւ նախընտրում է կիսաշրջազգեստը:):

Տեքստը` Հասմիկ Միկիչյանի/Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի/Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին