×


Նելլին ի՞նչ նպատակով է ընտանիքի հետ տեղափոխվում Դուբայ

Երգչուհի եւ հաղորդավարուհի Նելլին մի քանի օր անց իր ընտանիքի հետ կմեկնի Արաբական Էմիրություններ, սակայն ոչ թե հանգստի, այլ աշխատանքի նպատակով: Նախքան մեկնելը BRAVO.am-ը լուսանկարել է նրան` ամուսնու եւ դստեր, ինչպես նաեւ երաժիշտների հետ:):

Նելլիի ընտանիքը


Ուղեւորության մասին


Նելլին եւ իր խումբը երեւանյան ջազ-ակումբներում ու փաբերում ելույթ ունենալուց հետո հրավեր են ստացել աշխատել Դուբայի ջազ-ակումբներից մեկում: Նրանք երկու ամիս տեւողությամբ պայմանագիր են կնքել եւ այս օրերին Երեւանում վերջին փորձերն են անում.“Մենք պատրաստ էինք այս հրավերին, քանի որ երկար ժամանակ է` միասին ենք աշխատում, եւ շատ ուրախ եմ, որ պրոֆեսիոնալ երաժիշտների հետ եմ մեկնում”:

Ինչպես հայտնել է շիկահեր երգչուհին, բացի ջազային ստանդարտներից ու սոուլ ոճի երգերից, ցանկանում են զբոսաշրջիկներին ներկայացնել էթնո-ջազ ստեղծագործություններ.“Դուդուկով մի քանի երգ ենք պատրաստել, որ մեր ազգային գործիքը ցույց տանք: Վստահ եմ` Կոմիտասի գործերը նրանց համար հաճելի նորություն կլինեն: Երաժշտությունը լեզու չի ճանաչում, երգացանկում ընդգրկել եմ հայերեն երգեր, ուզում եմ Էլվինա Մակարյանի երգերից էլ կատարել”,-պատմել է նա:

Նելլին իր նվագախմբի հետ կմեկնի Դուբայ


Դուբայում բենդը հանդես է գալու հետեւյալ կազմով.

Նելլի- վոկալիստ
Ռոբերտ Մարգարյան - բաս-կիթառ
Մարատ Հակոբյան - սաքսոֆոն
Տիգրան Հայրապետյան - դաշնամուր
Վիգեն Հովհաննիսյան - դուդուկ
Ռոման Շահինյան - հարվածային գործիքներ


Նելլին` դստեր հետ


Ընտանիքի մասին


Նելլիի հետ Դուբայում կլինեն նաեւ ամուսինն ու դուստրը: Ֆուտբոլիստ Րաֆֆին այժմ որեւէ ակումբում չի խաղում, փոխարենը բիզնեսով է զբաղվում, իսկ հետագայում մտադրություն ունի փորձել ուժերը որպես ֆուտբոլային մարզիչ.“Ամուսինս շատ է աջակցում իմ նախաձեռնած գործերում: Մենք էլ, երեխան էլ արդեն սովորել ենք ուղեւորություններին, ճամպրուկային տրամադրությունը սովորական է դարձել: Անահիտի համար կլիմայի փոփոխությունը սովորական երեւույթ է,  քանի որ նա դեռ չէր ծնվել, երբ տեղափոխվեցինք Լեհաստան, կարճ ժամանակ անց վերադարձանք Հայաստան, մի քանի անգամ նորից միասին մեկնեցինք: Որտեղ ես, այնտեղ` ընտանիքս:)”:

Նելլին ու Րաֆֆին նաեւ նախատեսում են մայիսի 6-ին Արաբական Էմիրություններում նշել իրենց առաջնեկի 2-րդ տարեդարձը: Ի դեպ, մայր ու դուստր կարմիր զգեստները, որոնցով լուսանկարվել են BRAVO.am-ի ֆոտոշարքում, պետք է կրեին փոքրիկի ծննդյան օրը:).“Շատ եմ սիրում, որ մայրիկն ու բալիկը նույն հագուստով են լինում, առաջին անգամ չէ, որ միանման ենք հագնվում”,- նշել է Նելլին` հավելելով, որ փոքրիկը շփվող է.“Անուլը շատ է սիրում դիտել “Դե, սպասիր” մուլտֆիլմը, ես էլ ուրախ եմ, որ “սովետական” հին մուլտ է նայում, որը վատ ազդեցություն չի թողնում, ի տարբերություն “Մաշան ու արջ”-ի, որն ագրեսիա է առաջացնում: Աղջիկս էությամբ սեփականատեր է, շատ ուշադիր է ոչ միայն իր, այլեւ իմ ու Րաֆֆիի իրերի հանդեպ: Ուրիշներին տալիս է իր խաղալիքները, բայց հետեւում է, որ չվնասեն ու վերադարձնեն: Մեկ-մեկ բարկանում եմ, բայց երեւի թե լավ է, որ իր ապրանքի տերն է:)”:

Րաֆֆին, Նելլին եւ փոքրիկ Անահիտը


Առաջիկա ծրագրերի մասին

Այս շրջանում Նելլին “Lime”-ի եթերում վարում է “Ֆան Day” ծրագիրը, որի նոր թողարկումները եթերում կլինեն նրա` երկրից բացակայելու ժամանակ. “Վերադառնալուց հետո ուզում եմ նոր հաղորդում վարել: Ռեյտինգի բարձր լինելու պատճառով դեռ չեմ կարողանում ծրագիրը փակել, բայց մեկ այլ գաղափար ունեմ, որն իրականացման փուլում է, եթե բարեհաջող ստացվի, կվարեմ մեր ճանաչված հաղորդավարուհիներից մեկի հետ: Այս տարվա ընթացքում միգուցե ներկայանամ նոր տեսահոլովակով, թեեւ միշտ կրկնում եմ, որ Հայաստանում շոու եւ բիզնես չկա, անիմաստ եմ համարում շատ տեսահոլովակներ նկարելը: Դադարից հետո ուղղակի գումար կծախսեմ իմ հաճույքի համար, քանի որ երգն ինձ համար առաջնային ու սիրելի աշխատանք է”:

Տեքստը` Լիանա Մեյթարջյանի /Bravo.am/
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին