×


Նելլի եւ Րաֆֆի` էքստրիմով լի 30-ամյակի խնջույքը:)

Հունվարը տոնառատ է Նելլիի եւ Րաֆֆիի համար, քանի որ երկուսն էլ ծնվել են նույն տարվա նույն ամսին: Երգչուհու տարեդարձը հունվարի 13-ին է, իսկ ֆուտբոլիստինը՝ հունվարի 30-ին։ Ամուսիններն այս տարի նշել են իրենց 30-ամյակները, որի հետաքրքիր պահերը ֆիքսել է BRAVO.am-ի լուսանկարիչը։

Նելլիի եւ Րաֆֆիի 30-ամյակի խնջույքին


Ժամանցի վայրերից մեկում կազմակերպված երեկույթին հրավիրված են եղել զույգի հարազատներն ու ընկերները՝ շուրջ 40 հոգի.«Մեզ համար սպասված եւ ուրախ օր էր, բոլորը մեզ հետ ուրախացան եւ մեր օրը տոն դարձրին։ Հատուկ հանդիսավար չկար, բայց Կարինա Դանելյանը ստանձնեց այդ պարտականությունը։ Մեծ պարահրապարակ, խաղեր, ուրախ երգեր եւ լավ տրամադրություն էր տիրում։ Հյուրերը նաեւ օգտվեցին էքստրեմալ թռիչքի հնարավորությունից։ Րաֆֆին էքստրիմի սիրահար է, նա միանգամից փորձեց եւ շատ գոհ էր, իսկ ես չեմ սիրում ու չթռա»,-պատմել է նա:

Ամուսնական զույգը տոնական տորթն ու օրվա գույներն ընտրել էր սեւ-սպիտակ-կապույտի համադրությամբ.«Հրավիրատոմսում նշել էինք, որ անպայման հետեւեն «դրես-կոդ»-ին եւ հաշվի առնեն, որ այդ օրը ոչ միայն Րաֆֆիի, այլեւ իմ ծնունդն է, այնպես որ ինձ ընդհանրապես անտեսված չէի զգում:)։ Երեկույթին ամենից շատ սպասում էր մեր աղջիկը, բայց որ նվեր չստանալու պատճառով չնեղանա, մենք իրեն նախապես նվեր էինք գնել։ Մեր բոլոր նվերներն Անահիտն անձամբ է բացել, կարծում եմ՝ շոյված ու գոհ է: Ես ու ամուսինս էլ ցանկանում էինք միմյանց մնայուն նվերներ անել եւ որոշեցինք ոսկյա զարդեր գնել»։

Նելլին


Նելլին ու Րաֆֆին ամուսնացել են 25 տարեկանում, արդեն միասին են 5 տարի. «Համատեղ կյանքի ընթացքում բավական ձեռքբերումներ ունենք, թեեւ մինչեւ իրար հանդիպելը յուրաքանչյուրս մեր աշխատանքում ինչ-որ բանի հասել էր։ Ամուսնությունից հետո կարողացանք աշխատանքում նոր քայլեր անել, ամենակարեւորն` ունեցանք Անուլին, կարելի է նաեւ երկրորդ երեխայի մասին մտածել: Ի դեպ, գրեթե բոլորը դա են մեզ մաղթում։ Աղջիկս առանձնապես չի ուզում քույր կամ եղբայր ունենալ, ընդամենն ուզում է մի քիչ պահենք ու տանենք, որ մեր ուշադրության կենտրոնում ինքը լինի։ Բայց երբ բացատրում ենք, որ այդպես չի լինի, ասում է, որ քույրիկ է ուզում:)»:

Րաֆֆի Սաֆարյանն այժմ աշխատում է որպես ֆուտբոլի մարզիչ.«Իր ֆուտբոլային փորձը փոխանցում է երեխաներին. արդեն 30 աշակերտ ունի, որոնք կարճ ժամանակահատվածում հաջողություններ են գրանցում։ Ես էլ օգնում եմ միայն ադմինիստրատիվ հարցերում, նա էլ ինձ է միշտ աջակցում»,-պատմել է երգչուհին:

Նելլին` դստեր հետ


Խոսելով իր ընտանիքի երջանկության բանաձեւի մասին՝ Նելլին հետեւյալն է նշել. «Չկա մի ընտանիք, որ խնդիրներ չունենա. ես այդպիսին չգիտեմ։ Ոչ ոք թող չսպասի, որ ընտանիք կազմելիս ամեն ինչ կատարյալ է լինելու. պետք է միասին անցնել դժվարությունների միջով։ Մենք միշտ փորձում ենք խնդիրները միասին լուծել, ինչից էլ մեր ընտանիքն ավելի ամուր է դառնում»։

BRAVO.am
Լուսանկարները` Էմին Արիստակեսյանի /Bravo.am/

 

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին