×


Ներկայացվել է “Փարաջանով” ֆիլմի ոչ պաշտոնական թրեյլերը

Սերժ Ավետիքյանի մարմնավորած “Փարաջանով”-ի մասին որոշակի տպավորություն կազմելու համար առաջարկում ենք դիտել գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի` ստորեւ ներկայացված առաջին ոչ պաշտոնական թրեյլերը, որն արդեն հասանելի է համացանցում:



Գեղարվեստական լիամետրաժ ֆիլմի սցենարի հեղինակը, համառեժիսորն ու համապրոդյուսերը ուկրաինուհի Ելենա Ֆետիսովան է: Ֆրանսահայ անվանի ռեժիսոր, դերասան, սցենարիստ եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը, բացի գլխավոր դերակատարը լինելուց, նաեւ “Փարաջանով”-ի համառեժիսորն է:

Սերժ Ավետիքյանը ապրիլին BRAVO.am-ին տված հարցազրույցում  պատմել էր “Փարաջանով” ֆիլմի եւ հանճարեղ արվեստագետի հետ իր ծանոթության մասին: Ներկայացնում ենք հատվածներ այդ զրույցից:

-“Փարաջանով` գեղեցիկի սիրահարը” ֆիլմի նկարահանումներն ավարտվել են նախորդ ամռանը, բայց Դուք փաստորեն կերպարից դուրս գալու ցանկություն չեք ունեցել մինչ վերջերս:

-Այդպես չէ. ֆիլմի` մոտ վեց ամիս տեւած հետարտադրական փուլում անհրաժեշտություն չկար, որ արտաքնապես նման լինեի Փարաջանովին, ես էլ ուզում էի ազատվել կերպարից, որն արդեն մեկ տարի հետս էր: Բայց աֆիշի համար համապատասխան լուսանկար չունենալու պատճառով այս վերջին երկու ամիսը ստիպված կրկին մորուք պահեցի, որից ազատվել եմ օրերս եւ կարող եմ նորից լինել ինքս:

Սերժ Ավետիքյանը Սերգեյ Փարաջանովի դերում


-Համապատասխան սանրվածքով եւ մորուքով արտաքնապես բավական նման եք Փարաջանովին, հայելու մեջ նայելիս երբեւէ պատրանք չի՞ եղել, թե անվանի ռեժիսորին եք տեսնում:

-Դերասանը պետք է կարողանա իրեն եւ իր մարմնավորած կերպարը մոտեցնել միմյանց: Չեմ հավատում, երբ ասում են` մտել են կերպարի մաշկի մեջ: Նման բան չկա, որովհետեւ ամեն ինչ վերահսկողության տակ է: Ճիշտ է` եթե չզգաս, չես կարողանա խաղալ, շատ ուժեղ ներքին զգացմունք պետք է լինի դերի հանդեպ, բայց դա չի նշանակում, թե այդ կերպարն ես դառնում: Այն դերասանը, որն իրեն լիովին կորցնում է, կարծում եմ` ճիշտ ճանապարհի վրա չէ:

-Բազմիցս նշել եք, թե չէիք համաձայնի մարմնավորել Փարաջանովին, եթե նրան լավ չճանաչեիք: Ե՞րբ եւ ի՞նչ հանգամանքներում են խաչվել ձեր ճանապարհները:

-Առաջին անգամ հանդիպեցինք Թիֆլիսի իր տանը` 1983 թվականին, երբ ազատվել էր երկրորդ բանտարկությունից: 25 տարեկան երիտասարդ էի, Երեւանում վավերագրական ֆիլմ էի նկարահանում եւ ցանկություն ունեի անպայման հանդիպել Փարաջանովին: Նրան պետք է հանձնեի նաեւ նվերներով մի փաթեթ, որը խնդրել էր փոխանցել ֆրանսիացի կուտուրյե Իվ Սեն Լորանը:

Այդ տարիներին ամեն ինչ շատ բարդ էր: Վրաստան մուտքի արտոնագիր չունեի… Հենրիկ Մալյանին խնդրեցի ինձ տանել Թիֆլիս: Նա ինձ եւ ֆրանսահայ ընկերոջս իջեցրեց քաղաքի կենտրոնում: Դեկտեմբերի 31-ի գիշերն էր, զանգահարեցի դերասանուհի Սոֆիկո Ճիաուրելիին, որի հետ ծանոթացել էի Փարիզում, նա էլ հրավիրեց իրենց հետ տոնելու Նոր տարին` նշելով, որ ավելի ուշ մեզ կմիանա նաեւ Սերգեյը… Սերգեյը չեկավ :):

Հաջորդ օրը` հունվարի մեկին, Իվ Սեն Լորանի նվերներով փաթեթը ձեռքիս գնացի Փարաջանովի տուն, ամբողջ օրը միասին անցկացրինք, մեզ հետ էին նաեւ իր կինը` Սվետլանան, որը Կիեւից էր եկել, որդին` Սուրենը, հարեւանները:Չէր ուզում, որ մեկնեմ, դա կանխելու համար անգամ անձնագիրս էր փորձում վերցնել… Այնքան հարազատ ու մտերիմ էինք, ասես իրար ճանաչում էինք երկար տարիներ. ես այդպես էի զգում, եւ տարօրինակն այն էր, որ կարծես ինքն էլ այդ նույն զգացողությունն ուներ:

Մեր հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ Երեւանում: Նա եկել էր “Սուրամի ամրոցի լեգենդը” ֆիլմի համար նկարահանում իրականացնելու, ես նույնպես ժամանել էի Երեւան: Մտա “Արմենիա” հյուրանոց, լիֆտի մոտ հանդիպեցի արվեստաբան Շահեն Խաչատրյանին, որն ասաց` “Վա՜յ, Սերժ, Սերգեյն էլ է այստեղ` հինգերորդ հարկում”… Փարաջանովն ինձ հրավիրեց Թիֆլիս, բայց չկարողացա գնալ. ԿԳԲ-ն չթողեց: Չորս տարի անց` 1989-ին, հանդիպեցինք Փարիզում… Հետո նա կրկին եկավ Փարիզ` բուժվելու եւ մահանալու…

Համացանցում հասանելի է "Փարաջանով" ֆիլմի ոչ պաշտոնական թրեյլերը


-Փարաջանովից լսած արտահայտություն, որ տպավորել է եւ դուրս չի գալիս Ձեր սրտից, մտքից:

-Շատ ճիշտ հարց է, որովհետեւ այդպիսի խոսքեր պետք է մնան մարդու մեջ… Երբ Փարիզում անգիտակցության մեջ էր, մի պրոֆեսոր ասել էր` եթե աչքերը բացի ու մեկին ճանաչի, բուժվելու հույս կլինի: Ինձ զանգահարում են վաղ առավոտյան եւ խնդրում գալ հիվանդանոց: Մեծ պատասխանատվություն էր, Փարաջանովին ինքնաթիռով նոր էին բերել, մարդիկ սպասողական վիճակում էին, բժիշկներից մեկն էլ փորձում էր նրան արթնացնել… Աչքերը բացեց, ինձ տեսավ ու ուրախացած ասաց` “Вау, я в Париже”: 

Մեկն էլ պատմեմ. 88 թվականն էր, բարձրացել էինք Պոմպիդու կենտրոնի վերջին հարկ, որ Փարաջանովն առաջին անգամ Փարիզը տեսնի գիշերով: Նա նայեց քաղաքին, չգիտեմ` ինչու, աչքերը լցվեցին, շրջվեց իմ կողմ եւ կես կատակ, կես տրագիկ ու առաջին անգամ հայերենով ասաց` “Գիտես, չէ՞, հայերը լավ թաղում շինել գիտեն”: Այս խոսքերն ուզում էի ներառել ֆիլմում, բայց անհասկանալի կլիներ հանդիսատեսի համար: Կարծում եմ` հասկացել եմ` ինչ նկատի ուներ. ցանկանում էր Հայաստանում մնալ, գիտեր, որ թանգարան է ստեղծվելու, որ իր թաղումն այստեղ է լինելու, որ հայերն այդ արարողությունը լավ կկազմակերպեն:

Սերժ Ավետիքյանը Սերգեյ Փարաջանովի դերում


-Ո՞րն է “Փարաջանով` գեղեցիկի սիրահարը” ֆիլմի առանձնահատկությունը:


-Կարծում եմ` այն հետաքրքիր կլինի հանդիսատեսին, որովհետեւ այդպիսի Փարաջանովի չեն սպասում: Ֆիլմում ներկայացվում է իր աշխարհը, զգացմունքները, երազները, սյուրռեալիզմային մտածելակերպը… Այն մարդիկ, ովքեր չէին հավատում, որ կարելի է գեղարվեստական ֆիլմ նկարահանել Փարաջանովի մասին` համարելով, թե դեռ շուտ է նման բան անելու համար, համոզվելու են, որ ճիշտ էր ֆիլմի` իր զենքի ու լեզվի միջոցով այսօր երկրորդ կյանք տալ նրան:

-Ֆիլմի սինոփսիսում նշված է, որ Փարաջանովը վտանգավոր մարդ է խորհրդային տոտալիտար ռեժիմի համար, իսկ Դուք Ձեզ վտանգավոր մարդ համարո՞ւմ եք եւ ո՞ւմ համար:


-Երբ մարդիկ զգում են, որը մեկն ուզում է վտանգավոր լինել, հնարավոր է` նա դադարի այդպիսին լինել: Արտիստները քիչ են, որովհետեւ իրենք վտանգավոր մարդիկ են առաջին հերթին իրենց համար:

Սերժ Ավետիքյանը Սերգեյ Փարաջանովի դերում


-Ձեր ստեղծագործություններից, որոնց թվում` Կաննի փառատոնում Ոսկե արմավենու ճյուղի արժանացած “Շնային պատմություններ” անիմացիոն ֆիլմը, կարող է վտանգի հոտ առնել ամենաքիչը մեկ ազգ …

-Այդպես էլ կա, բայց կարծում եմ` արտիստը վտանգավոր է, եթե համամարդկային է, երբ կարողանում է իր եւ ընդհանուրի սահմաններից դուրս գալ, բայց արդարացված ձեւով: Գիտեք, չէ՞, վտանգավոր երեխան սահմաններից դուրս եկող երեխան է:

Նշեմ  նաեւ, որ շատ վտանգավոր էր ստեղծել “Փարաջանով` գեղեցիկի սիրահարը” ֆիլմը, որովհետեւ մի դերասան-ռեժիսոր, որը չի ապրում Հայաստանում, ոչ էլ Վրաստանում կամ Ուկրաինայում, այլ` Փարիզում, ֆիլմ է նկարահանում Փարաջանովի մասին, խաղում նրա դերը… Իսկ վտանգավոր են համարում, որովհետեւ վախենում են չտեսնել իրենց պատկերացրած կերպարին:

Տեքստը` Լիլիթ Բաբայանի/BRAVO.am/
Լուսանկարները` BRAVO.am-ի եւ ֆիլմի “ֆեյսբուքյան” էջից

Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Կարդալ ավելին

Quality Sign BW